Անմոռանալի գիտնականը Հրաչյա Աճառյան – 125 1929-30 ակադեմ. տարում, երբ բախտ ունեցածա սովորելու, Երեւանի պետական համալսարանում (Լեզվագրական ֆակուլտետի առաջին կուրս), մեր դասախոսներ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանն ու Գրիգոր Ղափանցյանը աներկբայորեն համարվում էին հայոց ոսկեղենիկ լեզվի մարմարյա երեք գեղուղեշ սյուները։ Հակառակ վերջին երկուսի, որոնց բնավորությունները բավական «ծանր» էին, Աճառյանն իր վերին աստիճանի մարդամոտությամբ եւ ուսանողների նկատմամբ ունեցած բարեսրտությամբ առանձնանում էր նրանցից։ – 1876 թվականին, այսինքն իմ ծննդյան տարի՜ն…,- այսպիսի մտերմիկ նախաբանով սկսած ֆրանսերեն լեզվի իր առաջին դասախոսությամբ նա ասես հիպնոսեց մեզ ու դարձավ մեր առաջին սիրելի դասախոսը։ (1895-ից սովորել էր Փարիզի Սորբոնի համալսարանում)։ Բազմաթիվ լեզուների էր տիրապետում Աճառյանը։ Եղել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ, Չեխոսլովակիայի արեւելագիտության ինստիտուտի գիտական բաժնի թղթակից անդամ։ Շուրջ 40 տարվա անխոնջ աշխատանքի արդյունք է նրա «Հայերեն արմատական բառարանը», որի մասին Ա. Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»։ Այն պարունակում է հայ հին եւ միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառ՝ բացատրություններով, քերականագիտական եւ բառագիտական տեղեկություններով ու 5095 արմատի ստուգաբանությամբ։ «Հայոց անձնանունների բառարան»-ում հավաքել եւ ուսումնասիրել է 5-13-րդ դարերի հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները՝ տալով դրանց մեծագույն մասի ստուգաբանությունը, ինչպես եւ այդ անուններով հայտնի անձանց մասին համառոտ տեղեկություններ։ Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված նրա «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 526 լեզուների» բազմահատոր աշխատությունը։ Ասիական ու եվրոպական լեզվախմբերի նրա հրաշապատում գիտելիքների մասին լսել էի դեռ համալսարան չմտած։ Փարիզի գիտնականների միջազգային համաժողովում տեղի ունեցած նրա զեկուցումը գերել ու զարմացրել էր ունկնդիրներին։ Տասը-տասնհինգ տարբեր լեզուներով տրված ունկնդիրների հարցերին նա պատասխանել էր հենց հարցատուների մայրենի լեզուներով, որն ավելի էր բարձրացրել նրա՝ դասախոսի հեղինակությունն ու համակրանքն իր նկատմամբ։ – Այսքան էլ լեզվագիտական հմտությո՛ւն ու խորիմաստ ատենախոսությո՜ւն… բնա՛վ չէի լսել,- ասում է մեկը։ – Ճիշտ որ… Ի՞նչ ազգից կլինի արդյոք,- դառնում է նրան կողքի նստածը։ – Գերմանացի կլինի,- տատամսում է երրորդը։ – Հավանական է՝ ֆրանսիացի, անգլիացի…,- ասել էին մյուսները։ – Ես հա՛յ եմ, հա՜յ…,- որսալով փսփսոցները՝ հպարտությամբ ասել էր նա։ Եվ ահա այսօր երջանիկ ենք մենք, որ լսում ենք միջազգային ճանաչում ստացած հայտնի այդ դասախոսի ֆրանսերեն լեզվի առաջին դասախոսությունը՝ հումորի նրբերանգներով համեմված։ Աբովյան պողոտայում գտնվող Լուսժողկոմատի նիստերի դահլիճում ժողով էր։ Արտաշես Կարինյանի զեկուցման մեջ «ժողովրդի թշնամիների» ճամբարն անցած շատերի անունների մեջ լսվեց նաեւ Հրաչյա Աճառյանի անունը, որը կտրականապես մերժում էր իր առարկաների մեջ կուսակցական ոգի մտցնել։ – Ո՛ր առարկայի մեջ ուզում եք, խնդրե՜մ, բայց իմ առարկաների մեջ մարքսիզմ մի՛ խոթեք, մարքսիզմն արմատ չունի այնտեղ,- տեղից բղավեց Աճառյանը։ – Հարգելի պրոֆեսոր,- ընկերական սրտառուչ հանդիպման ժամանակ, ճաշի սեղանի շուրջ ասել էր նրա ընկեր ակադեմիկոսը,- այս աշխարհը խի՜ստ նե՛ղ է. արտահայտությունների մեջ շատ զգույշ պիտի լինել։ – Դա՜…,- ծոր էր տվել ազնիվ գիտնականը ու գլուխը հակած մրմնջացել գրող Վրթանես Փափազյանի ինքնասիրությամբ լի հպարտ խոսքը. «Սիրում եմ ես կռի՛վը, սիրում կռվարարի՛ն, սիրում երկար ու ձի՜գ եղջյուրները դեմ տվող խոյին, բայց երբե՛ք լուռ ու մունջ արածացող ոչխարին։ սիրում եմ գնալ հոսա՜նքն ի վեր՝ ջարդվելո՛վ ալիքների դեմ…»: Եվ իր ըմբոստ հոգու ազատատենչ մտքերի համար ի թիվս հարյուր հազար անմեղների ու իր նման վաստակաշատ գիտնականների՝ արժանացավ… բանտախցի։ Բնորոշ է իր մասին ժողովրդի մեջ տարածված իրական փաստն ու պատումը, որ երբ բանտախցում, քննության ժամանակ նրան համարում են գերմանական ու թուրքական լրտես, նա ձեռքերը թափահարում է ու բղավում. – Այո՛, Աճառյանը լրտե՜ս է… Համարեցեք ինձ գերմանակա՛ն, անգլիակա՛ն, ֆրանսիակա՛ն, նույնիսկ ճապոնակա՛ն, ու որ պետությանը կուզեք՝ լրտես, միայն թե ո՜չ Թուրքիայի… Այդ մեկն ահավո՜ր զրպարտություն է։ Աշխատում էի Ալագյազի շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։ Մի քանի տարի անց քաղաքամայր Երեւանի Աբովյան պողոտայում հանդիպեցի իր բնագավառի մեծ կորիֆեյին՝ Հրաչյա Աճառյանին, այժմ արդեն հալումաշ եղած, ցամաքած ու թեւաթափ դարձած։ Փորձում էր անցնել փողոցի մյուս կողմը, սակայն տեսողության խիստ անկման հետեւանքով դժվարանում էր մտադրությունն իրականացնել։ Մոտեցա, թեւը մտա, անցկացրի դիմացի մայթը։ – Անունդ ի՞նչ է, ո՞վ ես, բարի մարդ,- հարցրեց տանջահարի դողդոջուն ձայնով։ – Համալսարանում, լեզվագրական ֆակուլտետում Ձեր ուսանողն եմ եղել, չե՞ք հիշում… Հայտնեցի անուն-ազգանունս։ Ձախ ձեռքը քունքին տարավ, փոքր-ինչ մտածեց։ Չհիշեց։ Խլել էին ամենասրբազանը՝ աշխատելու, ժողովրդի համար տքնելու, նրա համար այրվելու կարոտն ու առողջությունը… Ինչպե՞ս հիշեր… Վախճանվեց 1953 թվականին։ ԲԱՂԴԱՍԱՐ ԹՈՎԻԿ