Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑՈՒ ՀԵՏ Ազգային առանձնահատկությունները ոչ մի տեղ այնպես չեն արտահայտվում, որքան ամուսնության մեջ, իսկ ամուսինները տարիների ընթացքում հակվում են նմանատիպ ընդհանրացումների. «ֆրանսիացիները ժլատ են», «պորտուգալացիները թափթփված են» եւ այլն։ Հոգեբանները եւ սոցիոլոգներն իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են հետեւյալին. որպես ամուսին ամենանախանձելիները համարվում են իտալացիները։ Իտալիայում ավանդաբար յուրաքանչյուր տղամարդ, ով սիրահետում է աղջկան, մտովի փորձում է իր վրա ամուսնական շղթաները։ Իհարկե, սա չի նշանակում, թե նրանք այլ սիրավեպեր չեն ունենում, բայց տարբերությունը սիրահետման եւ սովորական սիրախաղի միջեւ էական է։ Մեծ փնջերով կարմիր վարդերը, բազմաթիվ հեռախոսային զանգերը, այցելությունները հարազատներին, նվերները եւ զվարճանքները ապացուցում են, որ իտալացու մտադրությունները չափազանց լուրջ են եւ նա շուտով ինքը կհայտնի այդ մասին։ Իսպանացիների սիրահետումները պակաս կրակոտ չեն, բայց՝ վառ արտահայտված սեփականատիրական վարվելակերպով։ Նրանք կարծես նախօրոք զգում են իրենց որոշման հնարավոր բացասական հետեւանքները եւ դրանից դառնում են ավելի կասկածելի ու մռայլ։ Ֆրանսիացու ամուսնության մտադրությունների մասին չի կռահի ոչ ոք, քանի դեռ ինքն այդ մասին չի հայտնել։ Անգլիացիները ընդհանրապես ամուսնանում են խիստ դժկամորեն, եթե հնարավորություն չկա՝ այլ կերպ կազմակերպելու կյանքը։ Մինչ ամուսնանալը նրանք երկար են մտածում եւ բավական ժամանակ անց պարզապես գրանցում են արդեն ստեղծված հարաբերությունները։ Մասամբ դա հետեւանք է այն բանի, որ Անգլիայում ամուսնալուծությունը չափազանց դժվար եւ թանկարժեք արարողություն է։ Գերմանացիները սիրահարվում են սրտով, ամուսնանում՝ խելքով։ Որքան հյուսիս ենք գնում, այնքան հաստատ է համոզումը, որ սերը ոչ մի կապ չունի անձնագրում տեղ գտած դրոշմակնիքի հետ։ Բացառություն են կազմում սլավոնները, հատկապես լեհերը, եթե լեհը որոշել է ամուսնանալ, ուրեմն նա կարող է մրցակցել իտալացու հետ՝ սիրահետման գործում, բայց ռուսներին բնորոշ մոտեցմամբ. «Ամեն ինչի համար այս կյանքում պետք է վճարել եւ որքան երկար է սիրահետումը, այնքան խիստ պահանջներ են դրվում ընտրյալի առջեւ»։ Իսպանացու ներկայությամբ, որի հետ մտադրված եք ամուսնանալ, անկարեւոր խոսակցությունների մեջ մի մտեք այլ տղամարդկանց հետ, եթե նույնիսկ վաճառող եք կամ մատուցող։ Հոգ տարեք նաեւ, որ ձեզ ուշադիր չզննեն՝ մեղավորը դարձյալ դուք կլինեք։ Իտալացիները սիրում են տեղյակ լինել ձեր կյանքի բոլոր մանրամասներին։ Ամուսնության ընթացքում իտալացին կարող է տեղեկություն պահանջել առանց իրեն անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար։ Անկեղծանալ կարելի է անգլիացիների հետ, համարյա ինչպես հոգեվերլուծաբանի հետ։ Ոչ ոք չի օգնի ձեզ լավագույնս գլուխ հանել ձեր զգացմունքներից եւ խնդիրներից, որքան անգլիացի ամուսինը։ Նա անկեղծությունը համարում է ամուսնական կյանքի կարեւոր մասնիկներից մեկը եւ կարող է հասկանալ կողակցին ցանկացած հարցում։ Գերմանացիները, հոլանդացիները եւ հատկապես ֆինները ոչինչ չեն հարցնի։ Այն, ինչ իրենց չեն տեղեկացնում, համարում են կնոջ անձնական գործը, իսկ անկեղծությանը կարող են վերաբերվել տարբեր կերպ, սկսած լսել չկամենալուց, մինչեւ անգլիական անկեղծությունը։ Ֆինները իտալական ամուսնական կոմեդիաները, որոնք հիմնված են խանդի հողի վրա, համարում են թյուրիմացություն։ Ֆրանսիացիները սիրում են, որ իրենց համարեն խանդոտ, բայց իրականում խանդոտ ֆրանսիացին հազվագյուտ երեւույթ է։ Խոսքը վերաբերում է կնոջ անցյալի նկատմամբ խանդին եւ նրան վերապահված ազատության աստիճանին։ Քիչ հավանական է, որ ֆրանսիացին կարդա ուրիշի նամակները, լսի հեռախոսային խոսակցությունները կամ վիճաբանի անծանոթ տղամարդու հետ պարելու պատճառով։ Եթե կինն ուզում է թեթեւակի սիրախաղ անել երեկույթում, դա նրա իրավունքն է։ Ի պատասխան՝ ամուսինը կարող է ցուցադրաբար ուշադրություն դարձնել հարեւանուհուն։ Այն ամուսինները, որոնք հոգնում են իրենց կանանց ավելորդ կասկածամտությունից, աշխատում են նրանց աչքերում պահպանել հավատարիմ ամուսնու համարումը կամ էլ նախօրոք պայման դնել, թե՝ իրենց կարելի է այն, ինչ արգելվում է կնոջը։ Բայց ամեն դեպքում ցուցադրական անհավատարմությունը պատիվ չի բերում ոչ իտալացիներին, ոչ իսպանացիներին։ Լեհերը՝ հակառակը, սիրում են սիրահետել այլ կանանց՝ սեփական կնոջ ներկայությամբ եւ դրանով ընդգծել իրենց ազատությունն ու անկախությունը։ Ֆրանսիացիները միշտ ակնարկում են իրենց իրական կամ հնարավոր անհավատարմության մասին։ Անգլիացիները, գերմանացիները, հոլանդացիները եւ ֆինները հավատարիմ ամուսիններ են։ Ամեն դեպքում նրանք կնոջ հետ քննարկում են իրենց ամուսնական անհավատարմությունը։ Եթե ֆրանսիացու տանը գիշերը լույս է վառվում, արտասահմանցիները կարծում են, թե նա սիրով է զբաղված։ Նրանք սխալվում են։ Ֆրանսիացին հաշվում է փողերը։ Սա, իհարկե, կատակ է, բայց այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։ Չարչիությունը ֆրանսիացի ամուսնու բնավորության կարեւորագույն գծերից է։ Հումորի զգացումով օժտված ֆրանսիացիներն իրենց այդ հատկությանը հեգնանքով են վերաբերվում։ Նրանք կարծես կատակելով պահանջում են, որպեսզի կինը խնայի էլեկտրականությունը, ջուրը, կոմունալ ծառայությունները եւ ընդհանրապես՝ ամեն ինչ։ Հումորից զուրկ ֆրանսիացիները նույն բանն են անում՝ արդեն առանց ժպիտի հետքի։ Բարեբախտաբար, ֆրանսիացի կանանց հումորի զգացումը մեծ մասամբ անբաժան է իրենցից։ Պատրաստեց ՄԵՐԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել