«Ալլո, ալլո, դուք եթերում եք» Եթե 20-րդ դարն իրավունք ուներ պարծենալու գյուտերով, ապա դրանց թվում, կարծում ենք, առաջնայիններից պետք է համարվեն հեռախոսը, ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Այդուհանդերձ, երախտավայել գյուտարարները չէին էլ ենթադրի, որ դարավերջին եւ նոր դարասկզբին նրանց պանծալի պտուղները կարող էին վարկաբեկվել ապաշնորհների ձեռքին։ Ինչպես ընդունված է ասել, մեդալն ունի երկու երես։ Անշուշտ, մենք հեռու ենք այն մտքից, թե այդ երեք հաղորդակցման հրաշք միջոցներն իրենց սպառել են։ Բայց որ դրանց կիրառումը կարելի է ծայր աստիճան գռեհկացնել, այսօր համոզվում ենք ամեն քայլափոխի։ Ոմանք գուցե արդեն կռահեցին, թե ինչի մասին է խոսքը։ Այո, մեր ուշադրության կենտրոնում ներկայումս հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաճախակի լսվող «Ալլո, դուք եթերում եք», «Ալլո, բարեւ ձեզ, թույլ տվեք ողջունել…» ծիսական երկխոսությունն է, որից ակամա այնպիսի տպավորություն ենք ստանում, թե մեր բնակչության եթե ոչ մեծամասնությունը, ապա առնվազն կեսը հպված է հեռախոսային լսափողերին (հաշվի առնենք, թե մեզանում ռադիոալիքների եւ հեռուստաընկերությունների ինչ առատություն կա)։ Մի՞թե այստեղ էլ պատճառն անիծյալ գործազրկությունն է։ Ժամանակին իրավացի դժգոհում էինք, թե սովետական գրաքննության պայմաններում ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտի ստեղծագործող աշխատակիցները ազատ չեն իրենց որոնումներում, թեմաների ընտրության եւ գեղարվեստական ձեւերի կիրառման մեջ։ Թվում էր՝ բավական է տային այդ ազատությունը եւ ինչե՜ր չէին անի։ Ահա, վերջապես, եկել է այդ բաղձալի ազատությունը եւ ի՞նչ։ Հիմա ի՞նչ ենք լսում եւ դիտում ազատ, անկախ Հայաստանի ռադիոալիքների եւ հեռուստակայանների եթերում։ Ժամերով մեզ կարող են զբաղեցնել «ալանի» հեռախոսազրույցներով, որոնցից իմանում ենք, թե ով՝ ում բարեկամն է, ով՝ ինչ համաստեղության տակ է ծնվել, ով՝ ինչ է սիրում կամ չի սիրում եւ այս բնույթի առատ տեղեկատվություն։ Հաճախ այս միջոցով ընկերները միմյանց ողջյուններ են հղում, իրենց սիրած երգը պատվիրում, մենք էլ պետք է լսենք, դիտենք եւ, երեւի թե, զվարճանանք։ Գուցե սա էլ ժողովրդավարության արգասիք է։ Բայց կարելի է անկեղծորեն տարակուսել. մի՞թե ռադիոխոսափողից կամ հեռուստաէկրանից այս բնույթի հեռախոսազանգերին պատասխանելը հայրենական ստեղծաբանության մոդեռն դրսեւորումներից մեկն է։ Այսինքն՝ այնպիսի մի նորամուծություն, որը համապատասխանում է ժամանակի պահանջներին։ Պետք է խոստովանենք, որ մասամբ այդպես է։ Տխուր է խոստովանել, բայց փաստ է, որ արդի պայմաններում մեր հասարակության մեծամասնությունը բարձր ճաշակի պահանջներ գրեթե չի ներկայացնում։ Հարավամերիկյան ցածրորակ հեռուստասերիալների մեծ ժողովրդականությունը դրա վառ ապացույցն է։ Ընդհանուր առմամբ, մեր հայրենակիցներին առավելապես հետաքրքրում են «ուրիշների» կյանքին վերաբերող տեղեկություններ, այն, ինչը միշտ չէ, որ կլսեն կամ կտեսնեն։ Այստեղից էլ «ուրիշների» հեռախոսային խոսակցություններին ականջ դնելու տենչը։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այն հաղորդումներին, ուր ուղիղ հեռախոսակապը հեռուստադիտողի կամ ռադիոունկնդրի հետ հրատապ հարցերի լուսաբանման օպերատիվությունն է ապահովում։ Այդ տիպի հաղորդաշարեր նույնպես մենք ունենք եւ դրանց անհրաժեշտությունն այսօր իրապես արդարացվում է։ Դրանցից շատերն իզուր չէ, որ սիրված են ժողովրդի կողմից։ Հեռուստադիտողի կամ ռադիոունկնդրի կենդանի շփումը հաղորդման մասնակիցների հետ՝ առավել արդյունավետ է դարձնում արծարծվող խնդիրների պարզաբանումը։ Բայց ինչո՞ւ թացն ու չորը չջոկել իրարից։ Բանն այն է, որ մեզանում, երբ որեւէ հաղորդում իր ինքնատիպությամբ արժանի ճանաչում է ձեռք բերում, չգիտես որտեղից անմիջապես հայտնվում են իբրեւ թե նմանատիպ այլ հաղորդումներ եւս։ Դրանց կեղծ ինքնատիպությունը սահմանափակվում է ձեւական, իր գեղարվեստական հիմնավորումը չգտած նորամուծությամբ, ասենք՝ էկրանն անընդհատ ճոճվում է, ինչպես նավաբեկման ժամանակ է լինում, վարողը հայտնվում է թեք հայելիների արտացոլման մեջ, կարծես ծիծաղի տանը գտնվի, մասնակիցները շարվում են երեք դյուցազունների նման ու միմյանց հերթ չեն տալիս խոսելու, ասել է թե՝ անմիջականություն են խաղում եւ այլն, եւ այլն։ Պարզապես ցավալի է, որ հնար չկա ազատվելու այդ ապաշնորհ, անպտուղ «ստեղծաբանությունից»։ Բայց մի՞թե ամեն ինչի համը հանելն արդիականության նշան է։ Մնում է միայն ապավինել բուրժուական հասարակարգի ընձեռած մրցակցության բնականոն գործընթացին։ Հավանաբար ժամանակն ավելի իմաստուն կտնօրինի լավն ու վատի ճակատագիրը։ Միայն թե ե՞րբ դա կլինի։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ, պրոֆեսոր