Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1999 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քր. դատավարության օրենսգիրքը սահմանում է համընդհանուր ճանաչո

Սեպտեմբեր 01,2001 00:00

Օրենսդրություն՝ «դոնորների» համար 1999 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քր. դատավարության օրենսգիրքը սահմանում է համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներ՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, անձի, գույքի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության, կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքի եւ դրա ապահովման, քրդատավարության ընթացքում մրցակցության պահպանման եւ այլն։ Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի առկայության նույնիսկ հիշատակումը կարող է միայն դառը ծիծաղ առաջացնել։ Գոյություն ունեն շատ որոշակի անձինք, որոնք օրենքով փաստացի ազատված են քրեական պատասխանատվությունից (պատգամավորներ, նախագահ եւ այլն) եւ, անձեռնմխելիությունը դարձնելով անխոցելիություն, առանց հետադարձ հայացք գցելու, անում են այն ամենը, ինչ անցնում է մտքներով՝ միայն թե իրենց անձին ձեռնտու լինի։ Եթե պատգամավորների քրեական պատասխանատվությունը տեսականորեն հնարավոր է (քաղաքական պատվերի, իշխանավորների տնտեսական շահերի վտանգման եւ այլ դեպքերում), ապա նախագահի դեպքում բացառվում է նաեւ տեսականորեն։ Նախագահի աստվածային եւ պատգամավորների կիսաստվածային կարգավիճակից բացի, կան նաեւ այլ պաշտոնյաներ, որոնց քրեական պատասխանատվության ենթարկելն իրականում անհնար է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ եւս «ստվերային» արտոնյալները բազմակի ավելի շատ են, քան օրինականները։ Այսօր հեքիաթ է, եթե հանկարծ քրեական պատասխանատվության ենթարկվեն դատախազության ներկայացուցիչները, նախարարները, գործադիր մարմնի որեւէ առաջին դեմք։ Այլ կերպ ասած՝ այսօր անհնար է պատասխանատվության ենթարկել այն շրջանակների ներկայացուցիչներին, որտեղ ծնվում, զարգանում, ծաղկում է կաշառակերությունը, ուղղորդվում է կոռուպցիան, եւ պետությանն ու ժողովրդին անվանարկող, խելքից ու մտքից, տրամաբանությունից դուրս առկա ցանկացած պետականության հիմքերը քանդող ողջ գործողությունների ծաղկեփնջի հեղինակները դուրս են օրենքի ոլորտից, ավելին՝ իշխում են օրենքին։ Քրդատավարության օրենսգրքում ամրագրված է միջազգայնորեն ճանաչված եւ Սահմանադրության մեջ ներառված սկզբունքներից մեկը՝ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքն ապօրինի միջամտությունից, յուրաքանչյուրի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը, որը «կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ»։ Այս ամենով հանդերձ, այսօր հին ժամանակներից գործող, զառամած «ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքին» փոխարինելու հավակնություն ունեցող «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» նախագծի 106-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալների նամակագրության եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանափակումն ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող է կատարվել հիմնավոր կասկածների առկայության դեպքում…։ Այս սահմանումով առոչինչ են դառնում վերը նշված հիմնարար օրենքների նորմերը եւ առաջանում են հարցեր՝ ի՞նչ է նշանակում «հիմնավոր կասկած». եթե խոսքը վերաբերում է քրեորեն հետապնդելի արարքների հնարավոր կատարմանը, ապա այդ հիմնարկի ադմինիստրացիայի գործողությունների արդյունքը չի կարող դիտվել որպես օրինական ապացույց, իսկ այդ «կասկածը» կարող է առաջանալ միայն նամակների եւ խոսակցությունների մշտապես գաղտնաընթերցման եւ գաղտնալսման դեպքերում։ Ըստ էության, նախագծի օրենք դառնալու դեպքում այս նորմը հնարավորություն է ընձեռում մարդու իրավունքների եւ հիմնարար օրենքների զանգվածային խախտման եւ անպատիժ մնալու համար, որը կտարածվի նաեւ նման հիմնարկների սահմաններից դուրս։ Այսօր բացարձակ ձեւական բնույթ է կրում նաեւ քրեական դատավարությունը մրցակցության հիման վրա իրականացնելու սկզբունքը։ Մրցակցությունը ենթադրում է ի սկզբանե հավասարակշռված իրավունքների եւ պարտականությունների պարտադիր առկայություն։ Արդարադատության ընթացակարգում ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, երբ նախաքննական մարմնին եւ հատկապես մեղադրող կողմին օրենքով տրված են անսահմանափակ եւ անվերահսկելի հնարավորություններ՝ ընդհուպ վարույթի տնօրինում (ըստ հայեցողության), իսկ պաշտպանական կողմին՝ քրվարույթի նախապատրաստման, ապացույցների ձեռքբերման, դրանց օրինականության, գնահատման եւ մինչեւ նախաքննական վարույթի փաստական ավարտը որեւէ գործողության հնարավորություն չի տրված եւ նրան վերապահված է միայն նախաքննական մարմնի եւ դատախազության կողմից արդեն «եփած ճաշի» համտեսման դերը, որից պատրաստի «ճաշի» որակը երբեւէ չի կարող փոխվել։ Երկրում մարդու իրավունքների պահպանման, արդարադատության կայացման համար ակնհայտ անհրաժեշտություն է պաշտպան ունենալու իրավունքն ընձեռել ոչ թե մեղադրանքի առաջադրման կամ անձի ձերբակալման պահից, այլ՝ քրեական վարույթի նախապատրաստման, իսկ նվազագույնը՝ քրեական գործի հարուցման փուլից։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել