Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ ժամը 12։50-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի Էջմիածնի դատարանում (դատավոր՝ Վարդան Գրիգորյան) վերս

Սեպտեմբեր 01,2001 00:00

Ըլ, ԺԸ, կձՄԽԼծ… ՍԵՐՈԲՅԱՆ Երեկ ժամը 12։50-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի Էջմիածնի դատարանում (դատավոր՝ Վարդան Գրիգորյան) վերսկսվեց բազմաչարչար քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ Արարատի մարզի «Արարատ» թերթի։ Հայցվորը Խաչփարի գյուղապետի նախկին թեկնածու Մարինե Գաբրիելյանն է, պատասխանողը՝ «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանը։ Եթե նախորդ դատաքննություններին (նկատի ունեմ Արտաշատի, Մասիսի դատարանները) հայցվորը հանդես էր գալիս 2 ներկայացուցիչներով, երեկ նա ուժեղացրել էր իր պաշտպանությունը. նրա շահերի արտահայտիչը «Օգոստոսի 23» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Պուշկին Սերոբյանն էր։ Լրատվամիջոցը այս անգամ էլ դատարան էր ներկայացել առանց ներկայացուցչի՝ փաստաբանի։ Հայցվորը դարձյալ պնդեց իր հայցը, այն է՝ լրատվամիջոցից պահանջում է հերքել մի նամակ, որի տակ կա Խաչփարի 100-ից ավելի գյուղացիների ստորագրությունները, քանզի, ըստ նրա, վիրավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Չնայած հայցվոր կողմը կողմ էր նաեւ հաշտությանը. «Հիմք չենք տեսնում, որ առճակատումը շարունակվի,- ասաց Պ. Սերոբյանը,- կոչ ենք անում պատասխանողին հաշտվել, տալ երկու տողով հերքում»։ Նա միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել, ինչին կողմ էր դատարանից դատարան ուղարկվող պատասխանող «Արարատը»։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ ասելով. «Վիճարկելի հանգամանքների պարագա կա»։ Ինչ վերաբերում էր հաշտության եզրեր գտնելուն, ապա «Արարատ» թերթի գլխավոր խմբագիրը դեմ էր. «Ես ինձ վիրավորված եմ զգում,- հայտարարեց նա,- հայցը անհիմն է, հիմքեր չկան։ Ենթադրաբար վիրավորվել է հայցվորը ու, բացի կատեգորիկ պահանջից, ոչինչ չունի ասելու»։ Լրատվամիջոցը վիրավորված էր նաեւ նախորդ երկու դատարաններից, իսկ նրա այդ ակնարկի արդյունքում էլ դատավոր Վ. Գրիգորյանն ասաց. «Ես իմ կոլեգաների քաշքշուկի համար կարող եմ ներողություն խնդրել»։ Կ. Աշուղյանը իր վիճակը ներկայացրեց այսպես. «Պատկերացրեք, եկեղեցի եք գնացել, փեսան եկել է հարսանիքին, հարսը չկա, եւ հարձակվում եք քահանայի վրա»։ Պուշկին Սերոբյանը գտնում էր, որ լրատվամիջոցը պետք է ապացուցի այն, ինչ տպագրել է իր էջերում, տվյալ դեպքում, ինչ գրվել է նամակում։ «Նամակը գրել է մի գյուղ, որը Մ. Գաբրիելյանին ճանաչում է,- պատասխանեց Կ. Աշուղյանը,- եւ եթե նամակներն էլ խմբագրությունները պիտի ստուգեն, ուրեմն, դատավճիռներից բացի, այլ բան չեն տպագրվի թերթերում»։ Խմբագիրը հայտնեց, որ նամակագիրները պնդում են իրենց գրածը։ Ի դեպ, նախորդ դատական նիստերին վկաներ եկան դատարան եւ պաշտպանեցին լրատվամիջոցին։ Չնայած որ, Մ. Գաբրիելյանն ու Պ. Սերոբյանն ակնարկեցին, թե 50, ապա 39 վկա էլ իրենք կբերեն, սակայն դատավարտին մի վկայի անուն էլ չտվեցին, որպեսզի դատակոչվի հաջորդ նիստին։ Մ. Գաբրիելյանը ցանկացել է դառնալ Խաչփար գյուղի գյուղապետ։ Այսինքն, ինքն է ընտրել հասարակական գործիչ դառնալու ճակատագիրը։ Հետեւաբար, այն գյուղում, ուր առաջադրվելու էր, գտնվել է 100-ից ավելի (130-150) բնակիչ, որոնք նամակ են գրել խմբագրությանը վերոնշյալ թեկնածուի մասին։ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»։ Սա հատուկ մեջբերում եմ Պ. Սերոբյանի համար, որը մինչեւ վերջերս դատի էր տալիս պաշտոնյաներին՝ լրատվամիջոցներին տեղեկատվություն չտալու համար։ Իսկ լրատվամիջոցը ինչպե՞ս պիտի վարվեր. նստեր նամակի վրա՞, չտպագրեր, թե ինչ է գյուղապետի մի թեկնածու կվիրավորվի՞։ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության իրավունք», իսկ նամակն էլ, պիտի հայտնի լինի հայցվոր կողմին, որ չի գրախոսվում, ցենզուրայի չի ենթարկվում։ Գլխավոր խմբագիրը, ըստ հայցվորի տրամաբանության, պիտի ստուգեր նամակում արծարծված այն երկու փաստերը, որոնցից վիրավորվել է հայցվորի արժանապատվությունը, նրա եւ սկեսրոջ փոխհարաբերությունները լարված էին (ի դեպ, սկեսուրը, ի տարբերություն Պուշկին Սերոբյանի, դատարան ներկայացել էր եւ վկայել այդ մասին) եւ, որ ինքը տանը ռազմագերի չի պահել, 25000 դոլարով էլ Սադախլոյում չի վաճառել։ Դատավորը հրապարակեց այս տարվա հունիսի 8-ի դատական նիստի արձանագրությունը, որտեղ հայցվորը հայտարարել էր, որ տագրոջ տանը եղել է ռազմագերի (Մուսա անունով)։ Զարմանալի է, որ մշտապես ներկայացուցիչներ ունեցող հայցվորն ասաց, որ դատական նիստի արձանագրություններին ծանոթ չի եւ, որ ինքն էլ հեգնանքով է ասել, որ ռազմագերի է պահել։ Հեգնեց երեկ նաեւ Պուշկին Սերոբյանը, երբ հայտնեց, թե ռազմագերի չի պահել, այլ… սիրո… գերի։ Վերջին դեպքը հաստատվելու դեպքում, այ, «Արարատը» հաստատ հերքում կտպագրեր։ Փորձ արվեց լրատվամիջոցի դեմ հանել նաեւ «Երկիր» թերթը, որը չէր տպագրել Խաչփարի գյուղապետ Մարտիրոսյանի պատասխանը, եւ դա արել է «Արարատը»։ Սակայն «Արարատը» ոչինչ չուներ «Երկիրի» դեմ, իսկ «Երկիրն» էլ հաստատ չէր լիազորել Պուշկին Սերոբյանին իր շահերը ներկայացնելու։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել