Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք

Սեպտեմբեր 01,2001 00:00

ՀԱՄ ԽԵԼՔ ՈՒՆԵՆ, ՀԱՄ՝ ԹԻԿՈՒՆՔ «Մենք այնքան միամիտ չենք, որ մեր երեխաներին առանց գիտելիքների հրենք դեպի քննությունները, մենք մեր երեխաներին շատ լուրջ պատրաստում ենք»,- խոստովանեց ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ հիմնականում ընդունվել են քաղաքական վերնախավի զավակները։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին այս եւ այլ հարցեր ուղղելու հնարավորությունից լրագրողները զրկվեցին, քանի որ Մամուլի ազգային ակումբի հրավիրած ասուլիսին ներկայացել էին միայն ԵՊՀ պրոռեկտորներ Արամ Սիմոնյանն ու Էդուարդ Չուբարյանը։ ԵՊՀ ռեկտորի մասնակցությունը նախապես հայտարարված էր, իսկ չգալու ներկայացված պատճառը՝ «փոքր-ինչ վատառողջ լինելը»։ Իսկ Արամ Սիմոնյանը այն երջանիկ ծնողներից է, որի դուստրը նույնպես ընդունվել է իրավագիտության ֆակուլտետ։ Ըստ Ա. Սիմոնյանի, քանի որ ինքն ու իր հայրը պատմաբան են, իր աղջիկը չէր կարող պատմություն լավ չիմանալ։ Սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի զավակի գերազանց գիտելիքների մասին էլ շտապեց վկայել, քանի որ պրն Սիմոնյանը «ինքն է այդ հարցով զբաղվել», ենթադրաբար՝ առարկան հետը պարապել։ Իհարկե, դեմ չենք պրն Սիմոնյանի այն կարծիքին, որ վերնախավի երեխաները «մեծ մասամբ, չասենք 100%-ով, լավ գիտելիքներ ունեն»։ Բայց անժխտելի է նաեւ այն իրողությունը, որ այդ երեխաներին չի սպառնում դիտմամբ ցածր գնահատվելու կամ բախտի ու պատահականության (ինչը եւս վճռորոշ գործոն է) պատճառով ընդունելության համար անբավարար միավոր ստանալու հավանականությունը, ինչը հասարակ դիմորդների համար է միայն։ Եվ միամիտ պետք է լինել հավատալու համար պրն Սիմոնյանի այն հավաստիացմանը, որ հանձնաժողովները չգիտեին, թե ովքեր են դիմում իրավագիտության ֆակուլտետ։ Այնուամենայնիվ, ԵՊՀ պրոռեկտորը ընդունեց. «Ես չեմ բացառում, ու միամիտ էլ կլիներ բացառել ու ձեզ էլ համոզել, որ ընդունելության քննությունները նույն իրավագիտության ֆակուլտետի համար կարող էին այնքան անաչառ եղած լինել, որ բոլորը ստացել են իրենց գնահատականները»։ Արամ Սիմոնյանը, որ դասավանդում է այդ ֆակուլտետում, նկատեց, որ «կան եւ շատ լավ եւ շատ վատ սովորողներ, նույնիսկ՝ ոչ տառաճանաչ»։ Վերջիններս ամեն կուրսում մի 20-ն են եւ, ի պատասխան «Առավոտի» հարցի, պրն Սիմոնյանը ճշտեց, որ «հիմնականում դրանք բարձրաստիճանների զավակներ չեն, բայց կան նաեւ այդպիսիք»։ Մեր հարցին՝ եթե ընդունելությունն ազնիվ է, ինչպե՞ս են այդ շատ վատ սովորողները հայտնվել մի ֆակուլտետում, ուր ընդունելության միավորը անվանդաբար շատ բարձր է, պրն Սիմոնյանն ըստ էության պատասխան չտվեց՝ հարցը հասցեագրելով ընդունելության համակարգը մշակողներին։ ԵՊՀ պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանն իր իսկ խոստովանությամբ «քննությունների ընթացքում քաղաքում չի եղել, չի մասնակցել, ամեն ինչ մանրամասն չգիտի», բայց դա չխանգարեց, որ հայտարարի, թե «քննություններն այս տարի ավելի լավ էին կազմակերպված, ամեն ինչ հստակ էր ու պարզ»։ Մինչդեռ նրա գործընկերը՝ Արամ Սիմոնյանը, նույնիսկ բողոքեց, որ հայ ժողովրդի պատմության հանձնաժողովն օբյեկտիվ չէր գնահատում՝ հաճախ պահանջելով, որ գրավոր աշխատանքը բառ առ բառ կրկնի դասագիրքը։ Արամ Սիմոնյանը հավատացրեց, թե իրենց «անկեղծ ասած, չի տխրեցնում», որ ԵՊՀ-ի նույնիսկ հեղինակավոր՝ տնտեսագիտության եւ իրավագիտության ֆակուլտետներում այս տարի մրցույթը մեծ չէր, ինչը նաեւ որոշ մասնավոր բուհերի հավատարմագրման հետ է կապված։ Սակայն այն չթաքցրած դժգոհությունը, որով նա խոսում էր մասնավոր բուհերի մասին, ճիշտ հակառակի մասին է վկայում։ Ա. Սիմոնյանի կարծիքով, մասնավոր բուհերի հավատարմագրումը կատարվել է «տարերայնորեն եւ ոչ պատշաճ մակարդակով»։ Ըստ նրա, քանի դեռ մենք չունենք մասնագիտական չափորոշիչներ, չէինք կարող բուհեր հավատարմագրել։ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը շատ լավ գիտի այս մասին, այսինքն՝ գիտակցված խախտել է հավատարմագրման կարգը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել