Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի 28 շենքի 8-րդ մուտքի բնակիչները, թողնելով իրենց

Սեպտեմբեր 01,2001 00:00

Յուրովի պայքար անօրինականության դեմ Արդեն մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի 28 շենքի 8-րդ մուտքի բնակիչները, թողնելով իրենց աշխատանքն ու ծնողական պարտականությունները, առավոտից երեկո նստելով անավարտ ավտոտնակի շինանյութերի վրա, խոչընդոտում են դրա ապօրինի շինարարությանը։ Վերը նշված հասցեի բնակիչները «Առավոտին» բողոքեցին, որ տարիներ առաջ իրենց մուտքի մոտ կառուցվեց անօրինական ավտոտնակ եւ այն վաճառվեց հայ-շվեյցարական «Կարիտաս» ընկերությանը, որը ս.թ. մարտից փակելով մուտքի հարակից տարածքը, շարունակում է շինարարությունը, որի ավարտից հետո մուտքի առջեւ կառաջանա 7 մետրանոց նեղ թունել։ Բնակիչների հավաստմամբ, իրենց մուտքի լույսը առանց այդ էլ փակել է ապօրինի ավտոտնակը, որը անախորժությունների պատճառ է դարձել եւ որի հետեւանքով բնակիչները ստիպված են իրենց ընտանիքի անդամներին եւ հյուրերին սպասել ավտոտնակի մոտ, որպեսզի անվնաս տուն ուղեկցեն։ «Իսկ երբ կառուցվի այդ թունելը, մեր խնդիրները կեռապատկվեն»,- միաձայն ասացին բնակիչները։ Անհանգստացած բնակիչները սկզբում բողոքել են շինության տիրոջը, սակայն նա ասել է, որ շինությունը օրինական է եւ դրա թույլտվությունը ստանալու համար ինքը մեծ գումարներ է ծախսել, եւ եթե բնակչները ուզում են այն արգելել, ապա իրեն պետք է վճարեն երկու անգամ ավելի։ Բնակիչները բազմում բողոք-դիմումներ են հղել Կենտրոնի թաղապետարան, քաղաքապետարան, նույնիսկ վարչապետին, սակայն բոլոր դիմումներն անպատասխան են մնացել։ Իսկ իրենց համայնքից ընտրված պատգամավոր Արշակ Սադոյանն ասել է, որ մի բան կանի։ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանից որեւէ տեղեկություն ստանալ չհաջողվեց, քանի որ նա կամ շատ զբաղված էր, կամ տեղում չէր։ Մեր հարցերին պատասխանեց փոխթաղապետի օգնական Սամվել Ավետիսյանը։ Նրա հավաստմամբ, ավտոտնակն օրինական է, դրա կառուցումը թույլ է տվել Ա. Զուրաբյանը եւ իրենք ոչինչ չեն կարող անել։ Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու չեն պատասխանել բնակիչների բողոքներին, Ս. Ավետիսյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի բողոքել։ Սակայն երբ ասացինք, որ բողոքի պատճենը մեզ մոտ է, Ս. Ավետիսյանն ասաց. «Եթե բողոքել են, ուրեմն պատասխանել ենք։ Սակայն թող նորից բողոքեն՝ կզբաղվենք, բայց ոչինչ չենք կարող անել»։ Զարմանալին ոչ միայն այն է, որ պրն Զուրաբյանը թույլատրել է նման կառույցով խոչընդոտել շենքի մուտքը, այլ նաեւ այն, թե էլ ի՞նչ իմաստ կա, որպեսզի բնակիչները կրկին բողոքեն, երբ իրենք ոչինչ չեն պատրաստվում անել։ Բնակիչների միակ հույսը իրենց շենքում բնակվող ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանն է, որն, իհարկե, մտածելով նաեւ իր ընտանիքի մասին, խոստացել է, որ այդտեղ ինքը շինարարություն թույլ չի տա։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել