Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրացկանությունը

Սեպտեմբեր 01,2001 00:00

Սեմինարի դեղերով Մուրացկանությունը Վանաձորում սկսել է ակտիվ ձեւեր ստանալ։ «Մասնագիտության» այդ տեսակը, որը սոցիալական պայմանների արդյունք է, ցավոք, սկսում է վտանգ սպառնալ ազգային արժեքներին։ Որոշ մուրացիկներ, որոնք արդեն հմտացել են իրենց «աշխատանքում», գրեթե «ռեկետի» աստիճանի են հասել։ Ոմանք արդեն պատերի տակ ողորմելի տեսքով չեն նստում, այլ պարզապես պտտվում են այն վայրերում, որտեղ փողեր են «պտտվում», որտեղ կա ավտոմեքենաների դանդաղ ընթացք եւ վարորդներին մոտենալու հնարավորություն (այս իմաստով նրանք յուրօրինակ ավտոտեսուչի դեր են կատարում)։ Ավելի հաճախ «թիրախ» են ընտրվում մթերային խանութներն ու տարադրամի փոխանակման կետերը։ Մերժողական պատասխան ստանալու դեպքում ոմանք չեն խորշում լուտանքներ թափելուց։ Այս ամենի հետ մեկտեղ իսկապես կարեկցանքի են արժանի մուրացիկից գրեթե չտարբերվող այն մարդիկ, ովքեր փող են վաստակում երաժշտության միջոցով (հաճախ՝ անճաշակ, նյարդեր սղոցող երաժշտություն, որ պարտադրվում է անցորդներին, սակայն վերջիններս ստիպված են ըմբռնումային վերաբերմունք դրսեւորել)։ Պետք է նկատել, սակայն, որ մարդկային դժբախտությանը ոչ բոլորն են ներողամտորեն վերաբերվում։ Տարիներ շարունակ Վանաձորի բանուկ փողոցներից մեկի անկյունում ծվարող մի ծեր, մուրացիկ կնոջ հետ, առանց ալարելու, լեզվակռվի էր բռնվել «զոռբա» մի տղամարդ, ասելով. «Այ պառավ, խելոք կաց, հա՜, թե չէ ըտեղից էլ կքշեմ»։ Հետաքրքիր է, թե արդյոք սոցիալական համապատասխան մարմինները փորձե՞լ են երբեւէ հետաքրքրվել այդօրինակ մարդկանց ճակատագրով, տեղեկանալ՝ նպաստառո՞ւ են, թե՞ ոչ, խնամող ունե՞ն, թե՞ հենց «խնամողներն» են նրանց ուղարկում մուրացիկության։ Եթե նպաստ չեն ստանում այդ կարգի մարդիկ, ապա ովքե՞ր են ստանում։ Ո՞ւմ համար են ստեղծվում բարեգործական ճաշարանները, եթե անխնամ ծերերը դրանցից չեն օգտվում, եւ կամ ո՞ւմ են հասնում մարդասիրական օգնության մթերքները, եթե ոչ՝ դրանց կարիքն ունեցողներին։ …USAID Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում, որը փորձնական կարգով սկսվել է Հայաստանի 5 մարզերում (Երեւան, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք) 2000թ. սեպտեմբերից՝ 3 տարի ժամկետով (26 միլիոն դոլար արժողությամբ), ասվում է, որ ծրագիրը կառավարող խումբը «կաջակցի ազգային վիճակագրական ծառայությանը, որը մշտապես աշխատում է կատարելագործել առավել կարիքավոր ընտանիքներ եւ անհատներ գտնելու համար օգտագործվող սոցիալ-տնտեսական վիճակագրությունը ու կարիքավորության վրա հիմնվելով՝ սահմանել նպաստի չափը»։ Զարմանալի է, որ առայսօր վիճակագրությունն ու բարեփոխումների ծրագիրն իրականացնողները համառորեն չեն նկատում աչք «շոյող» թշվառությունն ու աղբ քրքրող մուրացիկներին։ Իսկ եթե ծրագիրը կառավարող խումբը նաեւ օգներ սոցապ նախարարությանը՝ «ստուգել, թե արդյո՞ք նպաստները հասել են բոլոր նրանց, ովքեր ունեին դրանց կարիքը» (ինչպես նշվում է ծրագրում), ապա զանազան մեծահարուստներ կամ նրանց ազգականները նպաստ չէին ստանա, իսկ ծայրահեղ կարիքավորները՝ կզրկվեին նպաստից, առավել մեծացնելով թշվառների բանակը։ Ի դեպ, Վանաձորի սոցիալական բնագավառի մի պաշտոնյա, իրեն ուղղված այն հարցին, թե արդյո՞ք իրենք համագործակցում են սոցիալական բարեփոխումների ծրագիրն իրականացնող խմբի հետ, եւ ի՞նչ է արվել, հիշողությունը մի փոքր լարելով պատասխանեց. «Էս վերջերս մի հատ սեմինար ենք անցկացրել»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել