ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ «ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅՈՒՆ» Նախկինում՝ հին ու բարի տարիներին, սպառողների իրավունքների պաշտպանությունը ի պաշտոնե իրականացնում էր պետական առեւտրի տեսչությունը, որը վերահսկում էր ապրանքատեսակի քաշը, որակը, գինը, գնորդներին խաբելը, թերակշռելը, թերաչափելը եւ այլն։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի խոստովանենք, որ սպառողի շահերը Հայաստանում երբեք էլ ըստ արժանվույն չեն պաշտպանվել։ Օրինակ, ելնելով հայաստանյան «չափանիշներից», ո՞վ կարող է ասել, թե իսկապես որն է 1 կիլոգրամանոց հացը կամ որքա՞ն է կշռում 1 կիլոգրամանոց կշռաքարը։ Չէ՞ որ դրանք հաճախ տարբեր են՝ կախված տեղանքից, ճաշակից, ցանկություններից եւ հովանավորչության աստիճանից։ Հիմա չկա «ամենափրկիչ» պետառտեսչությունը, իսկ նրա լիազորությունները, դեռ մի բան էլ ավելի, հանձնված են ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությանը։ Դժվար է ասել, թե ինչպես եւ ինչ չափով է նա ժառանգել պետառտեսչության արատավոր ավանդույթները՝ կաշառակերություն, հովանավորչություն, կառույցի աշխատակիցների՝ խանութների տերեր լինելը եւ այլն, բայց այն, որ սպառողի իրավունքները պետստանդարտի գործունեության շնորհիվ չեն պաշտպանվում, միանգամայն անվիճելի է։ Գնորդներին խաբելը, կշռաքարերի զանգվածային կեղծումը, հացի եւ մյուս արտադրատեսակների քաշի սահմանված չափին չհամապատասխանելը գալիս են փաստելու, որ հին «ավանդույթները» ոչ միայն սրբորեն շարունակվում են, այլեւ բազմապատկվել են։ Եվ այս բոլորը Արարատ Մալխասյանի ղեկավարած կառույցում, որը դժվար թե անտեղյակ լինի, թե ինչ է կատարվում իր «տիրույթներում»։ Ի վերջո ենթադրում ենք, որ ինքը կամ նրա ընտանիքի անդամները նույնպես գնումներ են կատարում եւ հանդես գալիս իբրեւ սպառողներ։ Նախկինում գոնե հրապարակային ստուգայցեր էին կազմակերպվում, որոնք ունենում էին զսպող նշանակություն։ Իսկ այժմ նույնիսկ շատ վաճառողներ չգիտեն էլ, որ կա պետստանդարտ անունով կազմակերպություն, որը հարկ եղած դեպքում կարող է պատժել իրենց՝ կատարած անօրինությունների համար։ Դեռեւս փետրվար ամսին Ա. Մալխասյանը խոստացավ անդուլ եւ անձնուրաց պայքար մղել ամեն տեսակ խախտումների դեմ, ինչպես նաեւ կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սպառողանպաստ իր գործին մասնակից դարձնելով հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին եւ Սպառողների միությանը։ Իհարկե, նման աշխատանքի կազմակերպումը օգտակար կլիներ այնքանով, որ գոնե մասամբ ապօրինությունները կբացահայտվեին, մեղավորներն էլ կպատժվեին։ Ճիշտ է, խոստանալը խոստացավ, բայց, չգիտես ինչու, շուտ էլ մոռացավ։ Հետաքրքիր է, սպառողների շահերը չպաշտպանելու պատճառը վատ հիշողությո՞ւնն է, թե՞ սպառողների իրավունքների պաշտպանության ոչ ձեռնտու լինելը։ Եվ ինչո՞ւ են ապօրինությունները շարունակվում, երբ դրանց հայտնաբերման համար արտասահմանից փորձագետներ հրավիրելու կարիք կարծեմ թե չկա։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ