Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էր Վ. Օսկանյանը պայքարում «ապազգային եւ դավաճանական» քաղաքականության դեմ

Սեպտեմբեր 01,2001 00:00

Քամելեոնը Ինչպես էր Վ. Օսկանյանը պայքարում «ապազգային եւ դավաճանական» քաղաքականության դեմ Կարդալով եւ լսելով արտգործնախարար Վարդան Օսկանյանին այսօր, անտեղյակ մարդը կարող է ենթադրել, որ մինչեւ 1998-ի իշխանափոխությունը, նա նույնպես դաշնակցական տեսակետների կողմնակից էր՝ Հայ դատը, պահանջատիրությունը Հայաստանի պետական քաղաքականություն հիմքը դարձնելու ջատագով: Կարելի է մտածել, որ նա հավատում էր, թե միայն «արյան վրեժի» զգացմունքային մոտեցումների վրա է պետք հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ: Համոզվելու համար՝ այդպես էր սա, թե ոչ, ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից, որը փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը տվել էր «Ազգ» թերթին 1995 թ. հունիսի 6-ին: – Ինչպես եք գնահատում Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ: – Սովորաբար Թուրքիայի հանդեպ Հայաստանի քաղաքականության գնահատականները տրվում են երկու հիմնական գործոնների նկատառմամբ: Առաջինը ներկա կարճատեւ ժամանակահատվածում ձեռք բերված կոնկրետ արդյունքներն են, իսկ երկրորդը կարելի է բնորոշել իբրեւ առավելաբար հոգեբանական զգացական գնահատական, ուր արտացոլվում են անցյալի փորձությունը եւ «զոհի բարդույթը» հաղթահարելու միտումները: Այս ամենին հակադրվում է Թուրքիայի հանդեպ Հայաստանի այսօրվա (1995 թվականի – խմբ.) քաղաքականությունը՝ պրագմատիկ, հեռանկարային եւ ոչ զգացական մոտեցումներն են: Ըստ շատերի, Թուրքիայի հետ հարկավոր է վարել կոշտ քաղաքականություն՝ անընդհատ նրան պահելով ճնշման տակ: Ես կարծում եմ, որ կա ճնշման երկու եղանակ՝ դրական եւ բացասական: Բացասական ճնշման քաղաքականությունն իրագործելու մի շարք լծակներ կան՝ Ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացում, 1921թ. Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարելը եւ այդպիսով Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձման խնդրի առաջքաշում, քրդական հարցի սատարում, բացահայտ հակաթուրք համագործակցություն այն բոլոր երկրների հետ, որոնք Թուրքիայի հետ ինչ-ինչ տարաձայնություններ կամ վեճեր ունեն: Մի խոսքով հնարավոր բոլոր ասպարեզներում վարել Թուրքիային հակազդելու ակտիվ քաղաքականություն: Միամտություն պիտի լիներ կարծել, թե նույնիսկ այս բոլոր լծակների համատեղ կիրառումը որեւէ դրական տեղաշարժի կհանգեցնի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մեջ: Էլ ավելի մեծ միամտություն է ենթադրել, թե նման ճնշումներն ի զորու են փոքրիշատե խախտելու թուրքական պետության հիմքերը: Լավագույն դեպքում դրանք մանր գլխացավանքներ են պատճառելու: Ընդհակառակը, նման քաղաքականությունը կփակի Թուրքիայի հետ ներկայում եւ ապագայում համագործակցելու բոլոր դռները, միաժամանակ Հայաստանը զրկելով խուսավարելու եւ այլընտրանքների ապավինելու հնարավորությունից, անշահեկան դիրքում կհայտնվի Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ վարվող բանակցային գործընթացում: Ավելին, այսպիսով Թուրքիայի համար կհեշտանա եւ կարդարացվի Հայաստանի նկատմամբ թշնամական եւ ագրեսիվ քաղաքականության որդեգրումը՝ ընդհուպ մինչեւ ռազմական ոտնձգությունների դիլեմը: Անհամեմատ ճիշտ ու արդյունավետ կլինի դրական ճնշման քաղաքականությունը: Վերջինիս միջոցով կարելի է հասնել շատ ավելի մեծ արդյունքների, քան առաջին մոտեցման դեպքում, ընդ որում ապահովագրվելով առաջինի անխուսափելի բացասական հետեւանքներից: Դրական ճնշման լծակներ կարող են հանդիսանալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման չդադարող հորդորները, մարդասիրական օգնության համար տարանցիկ ճանապարհներ տրամադրելու պահանջը եւ ղարաբաղյան հակամարտության հարցում անկողմնակալ կեցվածք ընդունելու համառ կոչերը: Նման քաղաքականությունը Թուրքիային որոշակի զսպվածություն կպարտադրի, հնարավորություն չի տա բացահայտորեն հակազդելու Հայաստանին, նրա վրա կհրավիրի միջազգային ճնշում՝ արձագանքելու Հայաստանի բարի կամքին: Ուստի, նկատի ունենալով, որ բացասական ճնշման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն դրական հետեւանք ունենալ չի կարող, այլեւ հղի է անցանկալի բազմաթիվ ներունակ հետեւանքներով, իսկ դրական ճնշումը առնվազն չի բացառում գոնե ապագայում նորմալ հարաբերությունների հաստատումը, նախապատվությունը միանշանակորեն պետք է տրվի երկրորդին, որը եւ գործնականորեն անխոցելի է եւ, մանավանդ, հեռանկարային: Քանի դեռ մեր վարած քաղաքականությունը Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ եւ այդ քաղաքականության պատճառով խորացող հարաբերությունները մեզ չեն տանում մի այնպիսի փակուղի, որտեղից իրադարձությունների անցանկալի զարգացման պարագայում չենք կարող վերադառնալ՝ առանց լրջորեն վտանգելու մեր ազգային շահերը պետք չի վախենալ համարձակ քայլերից: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն այս սկզբունքին գերազանց է տիրապետում եւ այն լավագույնս է օգտագործել իր պատմության ընթացքում: Ուստի նրան կարելի է դիմակայել նույն այդ սկզբունքի կիրառումով: «Ազգ», 6-ը հունիսի, 1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել