Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները՝ օսմանյան հավատարիմ քաղաքացիներ

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ Դաշնակցականները՝ օսմանյան հավատարիմ քաղաքացիներ 1915թ. արհավիրքը վերապրածները XX դարի սկզբի կուսակցականներին հաճախ էին անվանում խառնակիչներ, իսկ մենք՝ խորհրդային փառապանծ պրոպագանդայի զոհերս, չէինք հասկանում։ Չէինք հասկանում, թե կոմունիստների կողմից այդքան բուռն հայհոյվող դաշնակցականներն ինչպես կարող էին նպաստել Արեւմտյան Հայաստանում կատարված դեպքերին։ Ինչո՞ւ ցեղասպանությունից փրկված արեւմտահայերը պետք է մեղադրեին նաեւ սեփական գործիչներին, երբ նրանց ազգայնամոլությունն ու թրքատյացությունը դատապարտում էին բոլշեւիկները… Սակայն 1991-ից մինչ օրս մենք ականատեսն ենք 100-ամյա կուսակցության ժառանգորդների գործունեությանը, որը գրեթե ոչնչով չի զիջում դաշնակցական լիդերների դրսեւորած անհեռատես պահվածքին 1907-ից մինչեւ 1921թթ.։ Որովհետեւ թե՛ այն ճակատագրական օրերին, թե՛ այժմ, երբ երկիրը դարձյալ կանգնած է դժվարագույն ընտրության առջեւ, նույն կուսակցության տարբեր սերունդների ներկայացուցիչները մտահոգված են լոկ սեփական գոյության պահպանմամբ, որովհետեւ նա՛խ դաշնակցական են, ապա հայ (՞), հետո նոր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի (՞)։ Այսօր նրանք փորձում են անհասկանալի աղմուկ բարձրացնել եւ խոչընդոտել հայ-թուրքական հաշտեցման ոչ պաշտոնական հանձնաժողովի առաջին երկչոտ քայլերը։ Եվ դարձյալ մեջտեղ են բերվում Հայ Դատը, Թուրքիայի հետ չլուծված հարցերը, Ցեղասպանության ճանաչումը, որոնք, համոզված ենք, միայն քող են, ծխածածկույթ։ Իսկ դրա հետեւից երեւում է վիրավորված մի դեմք, որն անթաքույց խոստովանում է՝ ինչո՞ւ դուք սկսեցիք այդ «բանակցությունները» եւ ոչ՝ մենք, չէ՞ որ մերն է հայ ազգային հարցերը լուծելու մենաշնորհը, չէ՞ որ մենք էինք ժամանակին թուրքերի դաշնակիցն ու սատարողը… 1907թ. ՀՅԴ-ն եւ Իթթիհատը (երիտթուրքեր) համաձայնության եկան Թուրքիայում միասնաբար հեղափոխություն կատարելու խնդրում։ Ընդ որում, թուրքերն այդ պահին արդեն չարախնդում էին, որովհետեւ արյուն թափելու «սեւ» գործը վերապահում էին հայերին։ Իսկ մերոնք ուրախ էին։ «Երեսուն տարիների հեղափոխական մաքառումներից հետո, հայը անվերապահ կերպով դառնում էր օսմանյան քաղաքացի, հավատարիմ տարր Օսմանյան «վերածնվող հայրենիքի» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Ե. 1993թ. էջ 4)։ 1908-ին երիտթուրքերը հիանալի օգտագործեցին հայ տարրը եւ հասան իրենց նպատակին։ Այնուհետեւ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի հայերի միակ ներկայացուցիչն ու ղեկավարը Թուրքիայում դառնա իրենց հավատարիմ ՀՅԴ-ն, որովհետեւ հենց այդ կուսակցության առաջնորդներն էին իրենց օսմանցի հայտարարել, իսկ հեղափոխության նպատակ՝ կայսրության բոլոր ազգերի իրավահավասարություն, ծայրահեղ դեպքում՝ հայկական նահանգների ինքնավարություն Օսմանյան պետության սահմաններում։ Նկատենք՝ հայկական ինքնուրույն պետականության մասին նրանք չէին էլ երազում, այդ հետո՝ 1918-20թթ. անկախ պետությունը կորստյան մատնելու անփառունակ գործընթացի ավարտն է ստիպում նրանց սփյուռքյան սրճարաններում երազել Տիգրան Մեծի Հայաստանը։ Իսկ 1908-ին նրանք հավատարիմ քաղաքացիներ էին, այնքան հավատարիմ, որ չսթափվեցին նույն 1908-ին Ադանայում կազմակերպված հայկական ջարդերից հետո։ Չսթափվեցին եւ չփորձեցին համախմբել հայկական ինքնապաշտպանական ցաքուցրիվ ջոկատները, չկարողացան զինված դիմադրության համար զինել հայկական բնակչությանը, երբ Օսմանյան կայսրության ֆինանսական, տնտեսական միջոցների 60%-ը հայերի ձեռքին էր։ Ավելին, պայքար ծավալեցին հայկական մնացյալ կազմակերպությունների դեմ, որովհետեւ մենաշնորհի հիվանդագին ձգտում ունեին։ Իսկ ի՞նչ էր տալու նրանց այդ մենաշնորհը այն ժամանակվա Թուրքիայում։ Առանձնապես ոչինչ։ Մանր ու միջին պաշտոնիկները միանգամայն բավարար էին սեփական գոյությունն ապահովելու համար։ Եվ այսպես, 1914-ին համաշխարհային առաջին պատերազմը «անսպասելի» էր հայերիս համար։ Իսկ թուրքերը պատրաստվում էին։ Իսկ դաշնակցականները Էրզրումում գումարել էին իրենց 8-րդ ընդհանուր ժողովը, քննարկում էին բարենորոգումների միֆական ծրագիրը. «Երբ ստացվեց եվրոպական պատերազմի լուրը, որն արտակարգ եռուզեռ առաջ բերեց թուրք ղեկավար շրջաններում, որոնց առաջին գործն եղավ, իհարկե, բարենորոգումների խափանումը» (ն. տ. էջ 8)։ Այս պայմաններում երիտթուրքերի կառավարությունն անմիջապես անցավ «հակագրոհի»՝ պահանջելով ճակատ կազմել իրենց հետ ընդդեմ Ռուսաստանի։ Դաշնակցությունն, ինչպես միշտ, ընտրեց խիստ կոմպլեմենտար լուծում։ Թուրքիայի քաղաքացի հայերը պետք է կատարեին իրենց զինվորական պարտքը, բայց… չկռվեին Ռուսաստանի դեմ։ Հայերին զինվոր տանելու գործընթացին ակտիվորեն մասնակցող կուսակցականները, փաստորեն, մասնակիցը դարձան բազմաթիվ հայազգի երիտասարդների սպանդին։ Քանզի փաստ է, որ թրքական բանակ զորակոչվածները ոչ թե զենք էին բռնում, այլ պարզապես գնդակահարվում էին։ Ավելին՝ մեր գործիչները հայկական գավառներում բռնում ու բանակ էին վերադարձնում դասալիքներին… (տես՝ Ջ. Կիրակոսյան. «Երիտթուրքերը պատմության դատաստանի առջեւ»)։ Երբ ուշքի եկան, արդեն ուշ էր։ Կովկասահայ հատվածում շուտափույթ կազմավորվում էին կամավորական ջոկատներ, որոնք այստեղ էլ պետք է գտնվեին ռուսական հրամանատարության տրամադրության տակ։ Իսկ ռուսական բանակն արեց ուղիղ այնքան, ինչքան կարող էր անել մինչեւ բոլշեւիկյան հեղափոխությունը, մինչեւ Բրեստ- Լիտովսկի հայտնի պայմանագիրը։ 1918-ին հայերի գլխին հանկարծ ընկած անկախությունը մեր կուսակցական առաջնորդներն ընդունեցին որպես նոր աղետ։ Նրանք դարձյալ պատրաստ չէին։ Ճիշտ այդպես էլ նորօրյա դաշնակցականներն էին սարսափում Հայաստանի ինքնուրույնության գաղափարից 1988-ին։ Անկախ պետականությունը մի վիճակ է, որ առաջադրում է կեցության բոլորովին այլ ձեւ, քան «յեղափոխականն» է։ 1918-ից հետո ստեղծված իրադրությունը Հայաստանը դրել էր երկու քարի արանքում։ Երկրիս այն ժամանակվա կառավարիչների գործունեությանը դժվար է միանշանակ գնահատական տալը։ Սակայն փաստերն անողոք են։ 1918-1920թթ. դաշնակցական գործիչները զիջում են տարածքներ, ստորագրում ամոթալի պայմանագրեր Թուրքիայի հետ։ Քաղաքական հոտառության պակասը ստիպում է նրանց ընդդիմանալ բոլշեւիկյան Ռուսաստանին՝ դաշնակցելով թուրք զավթիչների հետ։ Սեւրի պայմանագրի սին փայլն այսօր հիշողները հեշտությամբ մոռանում են, որ այն անվավեր է դարձել հենց իրենց նախահայր-կուսակիցների ձեռքով։ Որովհետեւ 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության դաշնագիրը, ըստ որի Հայաստանին մնում էր ընդամենը 10.000 քկմ տարածք, 1500 սվինակիր զինվոր, ճանապարհներն անցնում էին թուրքական բանակի հսկողության տակ, ինքը՝ Հայաստանը, պետք է գոյատեւեր Թուրքիայի հովանավորության ներքո։ Իսկ 3-րդ կետում ասված է հետեւյալը. «Հայերը հրաժարվում են Սեւրի դաշնագրից. հետ են կանչում բոլոր այն կոմիտեները եւ ներկայացուցիչները, որոնք գոյություն ունին Եվրոպայում, չեն պահում Հայաստանում դաշնակիցների ո՛չ մի ներկայացուցիչ, մինչեւ որ Թուրքիան հաշտության դաշն կնքե նրանց հետ»։ Այս ստորացուցիչ պայմաններից մեզ «փրկեց» նույն օրերին ստորագրված հայ-բոլշեւիկյան համաձայնագիրը, եւ մենք կորցրինք անկախությունը։ Սակայն որոշ կուսակցականների հանգիստ չէր տալիս ոչ թե խորհրդային լուծը, այլ իշխանությունը կորցնելու հանգամանքը։ Ու 1921-ի փետրվարին, նորից դաշնակից ունենալով հարեւան Թուրքիան, նրանք ապստամբեցին։ Սրա հետեւանքով Հայաստանի ներկայացուցիչը զրկվեց Մոսկվայում ընթացող ռուս-թուրքական բանակցություններին մասնակցելու իրավունքից, որովհետեւ Հայաստանում օրինական իշխանություն չկար։ Հետեւանքը եղավ այն, որ Ղարաբաղն ու Նախիջեւանն անցան Ադրբեջանին։ Եզրակացնենք. այսօր ՀՅԴ ոտքերի տակից հողը փախչում է, նրանց ձեռքից փորձում են խլել թուրքերի հետ բանակցելու «շնորհը», դաշնակցական անհեռատես «գաղափարախոսությունից» հիասթափությունն ակնհայտ է թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում։ Ակնհայտ է նաեւ կուսակցության առաջնորդների իշխանություն ունենալու տենչը, որի համար նրանց անհրաժեշտ են գաղափարական կուռ շարքեր։ Իսկ գաղափարները հին են, տեսլական, եւ շարքերն էլ կարծես այլեւս չեն ուզում խաբվել։ Նրանց համար մնում է սովորական մի ելք՝ խառնակչությունը։ Եվ հերթական անգամ չեն խորշելու Հայաստան-երկրի դժբախտության գնով իրենց քաղաքական վերակենդանացումն «իրականացնելուց»: ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել