Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչով կավարտվի հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ, այսօր շատ

Սեպտեմբեր 01,2001 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՊԵ՛ՏՔ Է ՀՆՉԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Թե ինչով կավարտվի հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ, այսօր շատ դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ հետաքննական եւ դատաքննական փուլերում արձանագրված են իրողություններ, որոնք հետագայում սույն գործն ուսումնասիրող մասնագետի (եւ ոչ միայն) մեջ ակնհայտ տարակուսանք են առաջացնելու։ Այսինքն՝ դրանք նույնպիսի տարակուսանք են առաջացնում նաեւ այսօր։ Սակայն քանի դեռ գործը «եփման» պրոցեսում է եւ կենսական ու ճակատագրական նշանակություն կարող է ունենալ շատերի համար, իշխանական ողջ քարոզչամեքենան, իրեն լծված «անկախ» եւ որոշ կուսակցական լրատվամիջոցներով հանդերձ, իր թրթուրների տակ ճզմում է «ակնհայտը»՝ փորձելով այն դարձնել «անհնարին»։ Այդպիսիք են Ն. Հունանյանի տված ցուցմունքները կազմակերպիչների, աջակցողների եւ օժանդակողների մասով եւ դրանց այսօրվա ճակատագիրը։ Այդ ցուցմունքների հիման վրա ժամանակին կալանավորված եւ մեղադրվող անձինք վաղուց ազատ են արձակվել եւ նրանց դեմ հարուցված գործերը կարճվել են։ Ըստ այդմ էլ համապատասխան ցուցմունքներն այլեւս չեն հնչելու եւ չեն քննարկվելու դատարանում։ Արդյո՞ք այս ամենի հիմքն իրավական եւ տրամաբանական է։ Շատ կարեւոր է նկատի ունենալ որոշ կարեւոր դեպքերի ժամանակագրությունը։ Ն. Հունանյանը եւ նրա բանդան հանձնվեց Քոչարյանի հետ ունեցած մոտ մեկժամյա առերես հանդիպումից եւ բանակցություններից հետո։ Զրույցի գաղտնալսման, ձայնագրության մասին առայսօր խոսք չկա։ Սակայն ե՛ւ Հունանյանի, ե՛ւ Քոչարյանի մի քանի սուղ վկայություններից հայտնի է, որ խոսք է գնացել օրինական հետաքննության, «արդար դատավարության», մահապատիժ չկիրառելու հնարավորության եւ կալանվածներին ԱԱ մեկուսարանում պահելու հարցերի շուրջ։ Արդեն հոկտեմբերի լույս 28-ի գիշերվանից սկսած՝ հիմնված Ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարված իրադարձությունների, ահաբեկիչների այստեղ հնչած եւ եթեր գնացած խոսքերի, այլ իրողությունների վրա, շատերի մեջ խոր կասկած, ընդհուպ համոզմունք էր առաջացել կազմակերպիչների, շահագրգիռ ուժերի եւ անձանց ինքնության մասին։ Այդ հիման վրա չափազանց լարված իրավիճակն ավարտվեց նրանով, որ կասկածի տակ ընկած ուժերը Քոչարյանի գլխավորությամբ տեղի տվեցին եւ վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Վ. Սարգսյանի զինակիցները մնացին իրենց պաշտոններում, ուրիշները նոր պաշտոններ ստացան։ Քայլը թափանցիկ ենթատեքստ ուներ. մենք չենք, ահա ձեզ ողջ գործադիր իշխանությունը, քննության ամբողջ մեխանիզմը, քննեք, պարզեք եւ կհամոզվեք, որ մենք կապ չունենք։ Մոտ մեկ ամիս Ն. Հունանյանը կազմակերպիչների մասով լռեց։ Առնվազն մեկ ամիս էր պետք, որպեսզի նոր վարչապետը, Վազգենի զինակիցները նախ ազատվեին ահավոր մղձավանջից, կողմնորոշվեին իրավիճակում, ապահովեին որոշ անհրաժեշտ օղակների վերահսկելիությունը եւ վստահելիությունը, նոր կառավարությունը «իրեն բռներ»։ Այդ նույն մեկ ամիսն անցնելուց հետո Ն. Հունանյանը սկսեց խոսել կազմակերպիչների, հրահրողների եւ օժանդակողների մասին։ Հետագայում նա պետք է հայտարարեր, թե այդ ցուցմունքները տվել է բռնությունների եւ խոշտանգումների պատճառով։ Ինչպե՞ս է, որ առաջին ամսվա ընթացքում, երբ ամեն ինչ առավել թարմ էր, այդ ճնշումները եւ խոշտանգումները չկային… Առավել հավանական ու բանական ենթադրությունը մնում է այն, որ այդ առաջին մեկ ամսվա ընթացքում նրա հետ դեռ հնարավոր էր լինում կապ պահպանել եւ համապատասխան հրահանգներ («քսիֆներ») ու հավաստիացումներ ուղարկել։ Երբ այդ կապը հնարավոր եղավ կտրել, բնականաբար կտրվեց նաեւ ոճրագործի հույսը։ Նա հավաստիացավ, կամ նրան կարողացան հավաստիացնել, որ Քոչարյանի եւ նրա շրջապատի իշխանությունը գնում է դեպի անխուսափելի վախճան (հավաստիացնելու կարիք էլ չկար, նման ընթացքը ամբողջ հասարակությունն էր համարում միակ հնարավորն ու անխուսափելին)։ Եվ նա սկսեց խոսել։ Ահա սա է եղել նրա՝ ցուցմունքներ տալու պատճառը, ոչ թե բռնություններն ու խոշտանգումները։ Նրա ցուցմունքների հիման վրա ձերբակալվեցին Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանը, լրագրող Նաիրի Բադալյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը։ Վեց ամիս շարունակ Ն. Հունանյանը պնդում էր նրանց մասին իր տված ցուցմունքները, վեց ամիս շարունակ բազմաթիվ առերեսումների ժամանակ հաստատում դրանք։ Առերեսումներն էլ կատարվում էին փաստաբանների մասնակցությամբ եւ այստեղ որեւէ բռնություն ու խոշտանգում գործնականում բացառվում էր։ Դատարանը մի քանի անգամ մերժեց նրանց խափանման միջոցը փոխելու համար ներկայացված միջնորդությունները կամ հարգեց կալանքի տակ պահելու մասին զինդատախազության միջնորդությունը։ Այսինքն՝ վեց ամիս շարունակ նրանց մեղսակցության հետ կապված որեւէ կասկած չուներ ո՛չ զինդատախազությունը, ո՛չ դատարանը։ Իսկ թե Հայաստանի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական կյանքում ինչ միտումներ դրսեւորեցին եւ ինչ ուղղություն ստացան իրադարձությունները, բոլորին է հայտնի։ Քաղաքական կյանքին անծանոթ, իսկ պալատական խարդավանքներից ընդհանրապես բոբիկ վարչապետը հաջողությամբ ներքաշվեց պայքարի հենց այս դաշտը, որտեղ եւ նրա պարտությունն անխուսափելի էր։ Եվ դա տեւեց ընդամենը վեց ամիս, մայիսի 2-ին նա պաշտոնազրկվեց եւ այդ առիթով որեւէ լարում չառաջացավ։ Ամեն ինչ բարեհաջող նախապատրաստված էր, նրա թիկունքը կազմալուծված էր, իշխանական քարոզչամեքենայի ամենօրյա եւ համառ ջանքերով հասարակական կարծիքն անհրաժեշտ չափով «մշակված» էր։ Ապա, հաջողությամբ շարունակելով Վ. Սարգսյանի զինակիցների մի մասի գնման սկսած գործը, վարչախումբը մյուս կողմից մեծ թափով սկսեց մյուս մասի պաշտոնազրկման եւ վնասազերծման խնդրի լուծումը։ Թերեւս վարչապետի փոփոխությունից հետո հնարավոր էր, ասենք, մի քանի օրում վերականգնել կապը Հունանյանի հետ եւ նրան նոր հույս ու հրահանգներ ուղարկել՝ կազմակերպիչների եւ օժանդակողների մասով իր ցուցմունքները հետ վերցնելու համար։ Ինչը տեղի ունեցավ միայն մայիսի վերջին։ Ինչո՞ւ։ Այն շատ հասկանալի պատճառով, որ դրա համար անհրաժեշտ էին որոշ, անխուսափելի կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ։ Օրինակ՝ ա) մեծ ու մանր անհրաժեշտ կադրային փոփոխություններ (այս դեպքում «մանրը» նույնքան կարեւոր է) կամ՝ հավաքագրումներ՝ ապահովելու համար այդ կապի օղակների հուսալիությունը եւ վստահելիությունը, բ) այնուամենայնիվ համոզվել, որ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնազրկումներին (որ այս դեպքում, հասկանալի է, ավելին էին, քան սովորական պաշտոնազրկումները) վտանգավոր զարգացումներ չեն հետեւելու, գ) իշխանական քարոզչամիջոցները մի քիչ ժամանակ պետք է ունենային աշխատելու հասարակական կարծիքի վրա, դ) մի անգամ արդեն «քցված» լինելով, ավելի կասկածամիտ դարձած Ն. Հունանյանն էլ պետք է համոզվեր, որ կատարված իշխանափոխությունը (այո՛, իշխանափոխությունը) իրոք վերջնական է։ Եվ, վերջապես՝ Հունանյանի ցուցմունքների կտրուկ փոփոխությունը եւ արդեն վեց ամիս որպես ոճրագործության կազմակերպիչներ, օժանդակողներ մեղադրվողների միանգամից ազատ արձակումը վարչապետի պաշտոնազրկումից (իշխանափոխությունից) անմիջապես հետո, հաջորդ օրերին, ներողություն բառի համար, «շատ կզռար»։ Նախապատրաստական այս աշխատանքների համար մեկ ամիսը կարծես թե նվազագույն անհրաժեշտ ժամանակը կարող էր լինել։ Եվ ահա 2000թ. մայիսի վերջից սկսած, Հունանյանը շարունակ կրկնում է, որ Մ. Մովսիսյանի, Ն. Բադալյանի, Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի եւ մյուսների մասին իր տված ցուցմունքները բռնությունների ու խոշտանգումների արդյունք են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ուրիշ որեւէ հիմք կամ պատճառ իր ցուցմունքները անվավեր ճանաչելու համար նա չբերեց։ Եվ այս միակ հիմքի վրա էլ այդ ցուցմունքներն անվավեր համարվեցին, ձեռք բերված կողմնակի ապացույցները՝ նույնպես։ Ծանրագույն մեղադրանքով մեղադրվողներն անմիջապես ազատ արձակվեցին եւ նրանց մասով հարուցված քրեական գործերը կարճվեցին։ Բայց մնաց մի մեծ հարցական, ոչ միայն տրամաբանության, այլեւ իրավաբանության տարրական նորմերի հետ չհամեմատվող իրավիճակ. – Կարճման միակ փաստարկի՝ Հունանյանի նկատմամբ բռնություններ եւ խոշտանգումներ կիրառելու հիմքով քրեական գործ չի հարուցվել եւ դատական կարգով չի ապացուցվել խոշտանգումների փաստը։ – Որեւէ պաշտոնական հանձնաժողովի կողմից այն չի արձանագրվել։ – Խոշտանգումների փաստը չի արձանագրված եւ չի հաստատված որեւէ բժշկական տեղեկանքով։ Ահա այն նվազագույն հիմքերը, որոնց առկայության դեպքում միայն 1999-ի նոյեմբերի վերջից մինչեւ 2000-ի մայիս Հունանյանի տված ընդարձակ ցուցմունքները Մ. Մովսիսյանի, Ն. Բադալյանի, Ա. Հարությունյանի, Հ. Հարությունյանի եւ այլոց մասին, նրանց հետ առերեսումների ժամանակ նրա պնդումները եւ այլն, կարող էին ուժը կորցրած ճանաչվել։ Որովհետեւ դրանք չկան, ուստի այդ ցուցմունքները շարունակում են ուժի մեջ մնալ։ Եվ այդ ցուցմունքներն անպայման պե՛տք է հնչեն դատարանում։ Հակառակ դեպքում մենք գործ կունենանք պատվիրված եւ պարտադրված դատական կամայականության հետ։ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ Հ. Գ. Ավելացնենք նաեւ, որ ծանրագույն ոճրագործության կազմակերպման, աջակցման եւ օժանդակման մեջ մեղադրված, վեց ամիս «անտեղի» ազատազրկված, իրենց իսկ հավաստմամբ՝ խոշտանգումների ենթարկված, ուստի՝ նյութական եւ բարոյական «ահռելի վնաս կրած» ու, փաստորեն, ստորացված այս անձանցից եւ ոչ մեկը չի դիմել դատարան՝ իր նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման, «բարի անունն ու համբավը» վերականգնելու հայցով։ Շառից հեռու…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել