Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱԽ ՊԱՌԿՈՂԸ ԹՈՂ ԳԱ

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԱՆՎԱԽ ՊԱՌԿՈՂԸ ԹՈՂ ԳԱ Վերջերս Հմայակ Հովհաննիսյանն ընդգծելու համար ներկա եւ նախկին ընդդիմությունների տարբերությունը, գրել էր, թե ներկաներին կարելի է վախեցնել մի «վարչական գոռոցով», իսկ այ հին, հակաՀՀՇ-ական ընդդիմությունը կանգնած էր մահվանը դեմ հանդիման. «Կանգնած էինք 1996-ին մեր առջեւ նետված տանկերի առջեւ։ Եվ կկանգնեինք մինչեւ այսօր, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չտար»։ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում էր, թե իրենք կկանգնեին մինչեւ վերջ՝ «ինչ նոր զոհեր էլ պահանջվեին»։ Դժվար է պատկերացնել, որ նման հերոսական կենսագրություն ունեցողը, տանկերից չվախեցողը 1999-ի հոկտեմբերի 27-ին երկնչեց… ավտոմատների առջեւ։ Արդեն հրապարակվել է, որ Նաիրի Հունանյանը ստիպված էր անձամբ եւ մի քանի անգամ խնդրել՝ մինչեւ Հմայակ Հովհաննիսյանը պառկած տեղից վեր կացավ։ Չե՞ն հրապարակվել այդ օրվա մասին նրա ցուցմունքները։ «Լսեցի հայհոյանքներ։ Եվ զարմացած գլուխս շրջեցի եւ տեսա երկար զգեստով ու հրազենով մեկին։ Հաջորդ ակնթարթին այդ անձնավորությունը սկսեց կրակել՝ իմ տպավորությամբ, ուղիղ իմ ուղղությամբ,- իր ձեռքով գրել է Հմայակ Հովհաննիսյանը 1999 թ. նոյեմբերի 23-ին։- Կրակոցներն այնքան երկարաշունչ էին, որ ինձ թվաց, որ կենդանի չեմ։ Սակայն մոտ 8 րոպե հետո, երբ ես հասկացա, որ ողջ եմ… մտքումս սկսեցի եզրահանգումներ անել, հիշեցի 1990 թվականի այն դեպքերը, երբ հանցագործը ներխուժել էր խորհրդարան եւ կրակել օդ՝ պատգամավորներին վախեցնելու համար։ Կարծելով, որ եթե ողջ եմ, ուրեմն այս դեպքը նույն կարգին է դասվում, գլուխս բարձրացրեցի։ Նաիրի Հունանյանը դիմեց ինձ, հետո Լեոնիդ Հակոբյանին, հետո՝ կոմունիստներին եւ պատգամավորներին ընդհանրապես, ասելով. «Վեր կացեք՝ պետք է որոշումներ ընդունենք»։ Ես ոգեւորվեցի, մտածելով, որ եթե որոշումներ ընդունելու պահանջ են դնում, ուրեմն օդ են կրակել… Սակայն, երբ գլուխս շրջեցի աջ եւ տեսա վարչապետին՝ կողքի վրա ընկած աթոռի վրա, հասկացա կատարվածի իմաստը»։ Հետո պրն Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես է խնդրել «ահաբեկիչներին թույլ տալ ինձ զանգահարել մինուճար մորս եւ հայտնել նրան, որ կենդանի եմ»։ Հետո, թե ինչպես է եղել, որ այլեւս չի վերադարձել դահլիճ։ Հմայակ Հովհաննիսյանը չառարկեց, որ հրապարարակվի այս ամենը։ Թերեւս կարծում է, որ հակասություն չկա՞ իր մասին սեփական գրվածքի եւ պահվածքի միջեւ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել