Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՉԵՆ

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԱՅԼԵՎՍ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՉԵՆ Երեկ լուրեր էին տարածվել, որ «Մանկական աշխարհ» հանրախանութը ոչ հրապարակային գործարքի արդյունքում օտարվել է՝ առանց կոլեկտիվի գիտության։ Այնինչ, կոլեկտիվը համաձայնել էր նախապես 500 հազար դոլար վճարելու քաղաքապետարանի առաջարկին՝ խանութն իրենց վաճառելու պայմանով։ Հիշենք, որ արդեն 3 անգամ հայտարարված աճուրդի արդյունքում հանրախանութն այդպես էլ չվաճառվեց։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն «Առավոտին» հայտնեց, որ, իրոք, արդեն պայմանավորվածություն կա խանութի վաճառքի վերաբերյալ։ Ռուսական «Սոգլասիա» ընկերության հետ մոտ օրերս պայմանագիր կկնքվի։ Իսկ այսօրվա անհանգստացած կոլեկտիվը, պրն Նազարյանի մեկնաբանությամբ, իրավաբանորեն վաղուց արդեն կոլեկտիվ չի համարվում։ Կոլեկտիվի իրավունքները մոտ 10 տարի առաջ ստանձնել է «Ունիվերսալ սերվիս» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանի հետ բանակցություններ է վարել իրավաբանների միջոցով ու չի ընդունել առաջարկված պայմանները։ Այժմ հանրախանութում աշխատողներն առանձին անհատ ձեռներեցներ են, որոնք քաղաքապետարանի համապատասխան ձեռնարկության հետ տարածքի վարձակալության պայմանագիր են կնքել եւ աշխատում են այդ հիմունքներով։ Ըստ պրն Նազարյանի, քաղաքապետին ուղղված աշխատողների դիմումը, որտեղ հանրախանութը գնելու պայմաններ են առաջարկվում, արդեն անիմաստ է։ «Սոգլասիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունն, ըստ Ռ. Նազարյանի, շահավետ է. միանվագ մուծվում է 750 հազար դոլար, 150 հազարը ներդրվում է 1 տարվա ընթացքում։ Իսկ «Մանկական աշխարհում» այսօրվա աշխատողները, թեեւ 30-50 տարվա աշխատողներ են, բայց կոլեկտիվի անդամ չեն համարվում ժամանակին իրենց իրավունքներին տեր չկանգնելու պատճառով։ Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց աշխատողներին ընդունել եւ բացատրել, որ ե՛ւ իրավաբանորեն, ե՛ւ մարդկայնորեն ազնիվ է վարվել իրենց հետ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել