Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի

Սեպտեմբեր 01,2001 00:00

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իրականությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը բավականին չարչրկվեց։ Նախկին եւ ներկա նախագահները հարցը չէին լուծում։ Վերջին նախագահի օրոք թերեւս առավել անհասկանալի էր այս ձգձգումը, քանի որ վերջինիս օրոք շրջանառության մեջ դրվեց նույնիսկ երկքաղաքացիության հնարավորության հարցը։ ՀՀ քաղաքացիություն ստանալու առաջին դիմումից 9 տարի 11 ամիս անց է միայն պրն Հովհաննիսյանին տրվել ՀՀ քաղաքացու անձնագիր. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ի պաշտոնե, թեկուզ ուշացումով, իրականացրել են հայի, հայաստանցու իմ իրավունքը։ Խորապես երախտապարտ եմ նաեւ հայ ժողովրդին, այս երկար ու ձիգ տասնամյակի ողջ ընթացքում նրա անկեղծ եւ անգին զորակցության համար։ Ափսոսում եմ միայն, որ պրն նախագահը այս հարցում ուխտազանց է եղել եւ, գոնե իմ վկայությամբ՝ վաղուց ստանձնած իր հանձնառությունը դրժած։ Ուղղակի բարձր պաշտոնին անհարիր եղանակով նախ պետական կամք դրսեւորեց օրենքի ներքո խոստանալով քաղաքացիություն շնորհել իմ առաջին դիմումի օրոք (1991թ. սեպտեմբերի 21-ին- Մ. Ե.), հետո տեւապես ձգեց, ապա եւ օրենքի ետեւում «թաքնվեց», կարծես թե հոկտեմբերի 27-ի շարքին դարակազմիկ կարեւորության, պետականորեն չլուծվող խնդիր էր սեղանի վրա դրվել։ Շատ եմ ափսոսում այս փաստի համար, շատ պիտի ուզենայի այս բառերը չարտահայտել»։ Այնուհետեւ պրն Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ նախագահին ուղղված վերջին դիմումից (ապրիլի 23) մինչեւ օգոստոսի 23-ը ընկած ժամանակահատվածում իր ոդիսականը։ Այս ընթացքում պրն Հովհաննիսյանը մոտ 25 հարցում է կատարել իր դիմումի ճակատագրի հետ կապված եւ ոչ մի բացատրություն չի ստացել։ Պետության եւ իշխանությունների այսպիսի անհարգալից վերաբերմունքի պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը զրկվել է բազմաթիվ կարեւոր հրավերների արձագանքելու հնարավորությունից։ Թերեւս որեւէ այլ երկրում մարդու իրավունքների ոտնահարման նման անհարգալից պահվածքի համար արժեր դիմել միջազգային դատարան։ Սակայն մերը կրկին մի փոքր ուրիշ է։ «Ըստ երեւույթին ինձ զրկելու համար քաղաքացիություն ստանալու քաղցրությունը ստանալու պահից, նա ստորագրում է (նախագահը- Մ. Ե.) եւ չի հրապարակում, ոչ էլ ինձ լուր է տալիս մինչեւ օգոստոսի 23-ը»,- ասում է պրն Հովհաննիսյանը։ Իր եւ իր ընտանիքի համար պատասխանը ակնբախ է՝ իրենք ՀՀ քաղաքացի են, այն էլ հանրապետության ստեղծման առաջին օրվանից ի վեր։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը 10 տարվա ընթացքում 10 անգամ դիմել է եւ ոչ մեկը կապված չի եղել պաշտոն ստանալու հետ. «Իսկ նա քանի՞ անգամ է նման ցանկություն հայտնել»։ Հետաքրքիր է, ի՞նչ ակնարկեց Ր. Հովհաննիսյանը, արդյո՞ք այն, որ այսօրվա նախագահը եւս պետք է դիմեր ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ «Երկիրը պետք է ղեկավարել սիրո եւ ոչ թե վախի կամ նախանձի, կամ հերյուրանքի վրա։ Իսկ ժողովրդին ոչ միայն փորձում են վախեցնել, այլեւ իրենք նման զգացում ունեն ժողովրդից»։ Պրն Հովհաննիսյանը գտնում է, որ եթե ինքն ու նախագահը երկուսով դեմ-դիմաց մնային ժողովրդի առաջ, բոլորին պարզ է՝ թե ինչ կլիներ։ Բայց, ըստ պրն Հովհաննիսյանի, խնդիրը դա չէ. «Օրինավոր նախագահը հակառակ մոտեցում պիտի որդեգրեր։ Մանր խոսնակուհիների մեծ ու փոքր ստերի ետեւում թաքնվելու փոխարեն, տեւական ձգձգումներ կազմակերպելու փոխարեն պիտի ցույց տար վեհանձնություն, պիտի ողջուներ հայի՝ հայաստանցի դառնալու, ցավոք, հազվադեպ փաստը»։ Պրն Հովհաննիսյանը թեպետ չէր ուզում հարցից շեղվել, բայց եւ հասցրեց ասել, որ «այս իրավիճակը փոխել է անհրաժեշտ եւ այստեղ կարեւորը ոչ թե նախագահի կամ որոշ այլ պաշտոնյաների անուն-ազգանուններն են, այլ իրենց ստեղծած համակարգի տեսակը։ Խնդիրը համակարգը էափոխելն է, որին որպես հետեւանք կարող են լինել, թե չլինել որոշ անուն-ազգանուններ»։ Այսուհետ արդեն որպես ՀՀ քաղաքացի, պրն Հովհաննիսյանը իր պարտքն ու պարտականությունն է համարելու «ազգային կամ քաղաքացիական կենսական շահ չարտահայտող այս մեքենան բարեփոխելու մարտահրավերը, որովհետեւ դա է մեր հայրենիքը քաղաքակիրթ աշխարհին կրկին միավորելու միակ ճանապարհը»։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր արածը գործ է լինելու եւ ոչ թե խոսք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ s

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել