Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱՆ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 01,2001 00:00

Առիթ ունեցել ենք նշելու, որ Ազգային անվտանգության նախարարության՝ ԱԱՆ երկու աշխատակիցներ տեղյակ են եղել Նաիրի Հունանյանի մտադրությունների մասին։ Ավելին, այժմ պարզվում է, որ նրանցից մեկը ոչ միայն իմացել է, այլեւ հայտնել՝ ուր որ հարկ է։ Բայց նախ առաջին աշխատակցի մասին։

Ընդունենք, թե ԱԱՆ կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության ավագ ինժեներ, մայոր Մելքոն Եսայանը, որի պարտականություններն են ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրների հայտնաբերումն ու վերացումը, հիմք ուներ 1998-ի հոկտեմբերի 8-ին չհավատալ Նաիրի Հունանյանին, երբ նա իրեն հայտնում էր ԱԺ-ն գրավելու եւ ժողովրդին կոչով դիմելու իր մտադրության մասին։ Հիշեցնենք, որ այդ օրը Էդվարդ Գրիգորյանի 35-ամյակն էր եւ, ըստ Մելքոն Եսայանի 2000 թ. փետրվարի 24-ի ցուցմունքի՝ այդ օրը Նաիրի Հունանյանն այն վիճակում էր, որ «երբ նա փորձեց ոտքի կանգնել, ճոճվեց եւ քիչ էր մնում ընկներ»։ Հավատանք, թե նրա խոսքերը ԱԱՆ աշխատակիցն ընդունել էր որպես միայն «գինովցած մարդու բարբաջանք», ուստի եւ լուրջ չընդունելով նրա սպառնալիքները՝ տեղյակ չէր պահել նախարարության համապատասխան աշխատակիցներին։

Բայց էլի հարցականներ են մնում։ Չէ՞ որ Մելքոն Եսայանն, ըստ իր իսկ ձեռքով գրված ցուցմունքի, ավելի վաղ էլ էր հանդիպել Նաիրի Հունանյանին՝ Էդվարդ Գրիգորյանի աղջկա ծննդյան օրը։ Եվ Հունանյանն էլի նույն մտքերն էր հայտնել՝ առավել սթափ վիճակում։

Եվս մի հարցական. ինչո՞վ է բացատրվում Մելքոն Եսայանի եւ Նաիրի Հունանյանի ցուցմունքների հակասությունը։ ԱԱՆ սպան նախաքննական իր ցուցմունքում այսպես է նկարագրում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցածը. «Կինս եւ երեխաներս արդեն հագնվել էին եւ սպասում էին ինձ։ Իմ դուրս գալուց առաջ, վերջին րոպեին, երբ ես արդեն վեր էի կացել սեղանից եւ հրաժեշտ էի տալիս, Նաիրի Հունանյանն ասաց, որ ներկա ծանր վիճակի փոփոխման միայն մի ելք է տեսնում…»։

Իսկ արդեն դատարանում Հունանյանը հայտարարեց, թե երբ ինքը խոսում էր՝ Մելքոն Եսայանը սեղանի մյուս ծայրին էր նստած, աշխատող նվագարկիչի հարեւանությամբ, այսինքն՝ չէր կարող լսել իր ասածը, թե միակ ելքը Վազգեն Սարգսյանին վերացնելն է (խիստ գինովցած մարդու համար նախանձելի հիշողություն է, այնպես չէ՞)։

Մելքոն Եսայանի ցուցմունքում իսկ հակասություններ կան՝ մեկ նշել է, թե Էդիկ Գրիգորյանին ասել է, որ ԱԱՆ մարմիններն արդեն գիտեն հեղաշրջման այդ մտադրության մասին (Գրիգորյանն իր ցուցմունքում հաստատում է դա), մեկ էլ սրբագրում. «Ասել եմ, որ եթե ամեն քայլափոխին այդ մասին ասեն, ապա դա հայտնի կդառնա Ազգային անվտանգության մարմիններին»։

1999-ի մարտից Հունանյանն ու իր ընկերները, իրոք, ամեն քայլափոխի ասում էին իրենց մտադրության մասին, սակայն ԱԱՆ-ն խուլ էր ձեւանում, անգամ, երբ անմիջականորեն իր աշխատակիցներին էին փորձում հավաքագրել ձեւավորվող խմբի մեջ։

Ապացույցը ԱԱՆ հատուկ նշանակության գնդի մարտիկ, սիրիահայ եւ նախկին դաշնակցական Ղազար Սարգսյանի հետ պատահածն է։ 1999-ին նա մի քանի անգամ հանդիպել է Նաիրի Հունանյանին։ «Ըստ սովորության՝ բողոքական էր, դժգոհում էր երկրից եւ ղեկավարներից,- 2000 թ. փետրվարի 22-ին իր ձեռքով գրել է Ղազար Սարգսյանը եւ մի հանդիպման մասին պատմել,- Նաիրին ինձ ասաց, որ կռվող տղերքից միություն է ստեղծել, ինձ էլ առաջարկեց մտնել այդ միության մեջ՝ որպես կռված տղայի։ Նա ասաց, որ տեսնելու է Սմբատ Հակոբյանին, Վազգեն Մանուկյանին (հետո ավելացրել է Ռազմիկ Վասիլյանի անունը.- Ա. Ի.)։ Ասաց, որ տեսել է ինչ-որ մարդկանց եւ խոսացել է նրանց հետ այդ մասին։ Նա վարկաբեկում էր երկրի ղեկավարներին, ասում էր՝ բոլորին մորթել է պետք»։

Ի տարբերություն Մելքոն Եսայանի՝ Ղազար Սարգսյանը, որ ԵԿՄ անդամ է նաեւ ու բանակի սպա՝ ականջի ետեւ չի գցել այս սպառնալիքները եւ Նաիրի Հունանյանի մտադրությունների մասին հայտնել է համապատասխան մարմիններին. «Պետք է նշեմ, որ շուրջ մեկ ու կես տարի է ճանաչում եւ համագործակցում եմ ՀՀ ԱԱՆ աշխատակից Կարեն Տեր-Թաշչյանի հետ։ Նրա հետ ծանոթացել եմ իմ հրամանատար Ամարասի Արթուրի միջոցով։ Նա ինձ ուղարկեց ԱԱՆ՝ Կարեն Ստեփանյանի մոտ, որ բաժանմունքի պետ է եւ նա ինձ ծանոթացրեց իր բաժնի աշխատող Կարեն Տեր-Թաշչյանի հետ։ Եվ դրանից հետո մենք սկսեցինք շաբաթը մեկ, տաս օրը մեկ հանդիպել. նրան հաղորդում էի, թե օտարազգիներն ինչով են զբաղվում։ Կարեւոր բաները նա իր համար գրի էր առնում,- 2000 թ. փետրվարի 23-ին իր ձեռքով գրել է Ղազար Սարգսյանը։- Նաիրի Հունանյանի հետ առաջին կամ երկրորդ հանդիպումից հետո ես հերթական անգամ հանդիպել եմ Կարեն Տեր-Թաշչյանի հետ։ … Ես նրան պատմեցի նաեւ, որ հանդիպել եմ Նաիրիին, որը դժգոհություն է հայտնել երկրի ղեկավարներից եւ ինձ ասել է, որ նրանց մորթել է պետք, թալանել են երկիրը եւ պիտի միություն սարքի կռվող տղաներից»։

Քննիչի հարցին ի պատասխան՝ Ղազար Սարգսյանը հավելում է, թե ԱԱՆ այդ աշխատակիցը հետաքրքրվել էր, թե ինչ միություն է դա, բայց իրեն հանձնարարություն չի տվել առավել մանրամասն հետաքրքրվել եւ իմանալ Նաիրի Հունանյանի նպատակների եւ ծրագրերի մասին։

Հայտնի չէ, ԱԱՆ-ն ա՞յլ միջոցներով է ստուգել այդ տեղեկատվությունը, թե՞ ընդհանրապես անուշադրության է մատնել։ …

Վազգեն Սարգսյանի թիկնապահներից մեկը՝ Արթուր Վարդանյանը, 2000 թ. փետրվարի 12-ի ցուցմունքում վկայում է, թե հոկտեմբերի 27-ի գիշերը ԱԺ նախագահի հանգստի սենյակում տեսել էր Սերժ Սարգսյանին, «որը նստած էր բազմոցին եւ ինձ թվաց, որ վատ վիճակում է, հավանաբար, նա լաց էր լինում»։

Այժմ արդեն գործազուրկ Ղազար Սարգսյանի ցուցմունքները կարդալուց հետո լիովին հիմք ունենք պնդելու՝ բացի ընկերոջը կորցրած մարդու բնական զգացմունքներից՝ Սերժ Սարգսյանն արտասվելու առիթ ուներ, որպես մի կառույցի ղեկավար, որը բավարար տեղեկատվություն եւ հնարավորություն է ունեցել կանխելո՛ւ «Հոկտեմբերի 27»-ը, բայց չի արել՝ գուցե հանցավոր անփութության պատճառով, իսկ գուցե…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930