Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարեց

Սեպտեմբեր 01,2001 00:00

«ԱԺՄ-ՈՒՄ ԽԱՌԸ ԻՐԱՎԻՃԱԿ Է» Հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Գագիկ Հովհաննիսյանը Որքան հիշում ենք, այդօրինակ իրավիճակն ԱԺՄ-ում տիրում է արդեն մոտ մեկ տարի: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շուրջ մեկ տարի առաջ կուսակցությունում ոմանք հոգնեցին ընդդիմություն խաղալուց եւ որոշեցին մի քիչ էլ «իշխանություն-իշխանություն» խաղալ՝ ներգրավվել գործադիր մարմնում եւ, իբր, փորձել ներսից «փոխել» երկրի կառավարման արատավոր համակարգը: ԱԺՄ-ն բաժանվեց երկու թեւի ու, ի վերջո, պառակտվեց, իսկ գործադիր իշխանության ներկայացուցիչ ԱԺՄ-ականները ոչ թե արատավոր համակարգը փոխեցին, այլ դարձան դրա բաղկացուցիչ մասը: Ոմանք այդ հաջողությամբ ոգեւորվեցին, «հասունացան» ու հասկացան, որ իշխանական կուսակցություն լինելու համար Վ.Մանուկյանի նախագահ լինել-չլինելը նշանակություն չունի: Ավելին, նա կարող է խանգարել, որ իրենք «մարդավայել» բաժնեմաս ստանան առաջիկա ընտրություններում: Ի վերջո իշխանություններն ընտրությունների շեմին հաշվի են նստելու ու սակարկություններ են անելու ԱԺՄ նախագահի հետ, իսկ իրենց դրանից ի՞նչ օգուտ: Եվ, թերեւս, նպատակահարմար գտան՝ իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնել՝ առանց իրեն վարկաբեկած Վ.Մանուկյանի: Ահա այդ «ոմանք», ովքեր այսօր ներկայացնում են ԱԺՄ նախագահի դեմ դուրս եկած վարչությունը, երեկ ասուլիս էին հրավիրել ու խոսում էին կուսակցության ներսում «դեմոկրատական բարեփոխումների» անհրաժեշտության մասին՝ արձանագրելով, որ այսօր ԱԺՄ-ն բաժանվել է երկու թեւի՝ դեմոկրատների ու դիկտատորների: Եթե հետեւենք վարչության անդամ Գ.Հովհաննիսյանի մտքի տրամաբանությանը, ԱԺՄ-ում «դեմոկրատներին» մարմնավորում են ինքը, Ֆիլարետ Բերիկյանը, Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը, Վահրամ Մկրտչյանն ու վարչության մյուս անդամները, որոնք կուսակցության հիմնադրման օրվանից միայն շուրջ մեկ տասնամյակ անց էին հայտնաբերել, որ իրենց կուսակցության նախագահ Վ.Մանուկյանը «դիկտատոր» է: Նույն այդ մարդիկ էին, որ մոտ մեկ տարի առաջ ԱԺՄ պառակտման պատճառ դարձան, թեեւ այն ժամանակ ոչ թե կուսակցության բարեփոխման, այլ իշխանության կերակրատաշտից օգտվելու խնդիր էին հետապնդում: Իհարկե, ասուլիսից ստացած տպավորությունն էլ այն էր, որ ԱԺՄ «դեմոկրատներն» ընդամենը մինի թԽճկ-իստներ են, ովքեր հետեւողականորեն փորձում են կուսակցության ներսում հեղաշրջում իրականացնել՝ թերեւս, մեզ արդեն հասկանալի պատճառով: Այդուհանդերձ, ԱԺՄ վարչության անդամ Գագիկ Հովհաննիսյանը երեկ հավաստիացնում էր, թե կուսակցությունում «կռիվը գնում է ոչ թե անձերի, այլ գաղափարի շուրջ»: Այսինքն՝ ԱԺՄ «դեմոկրատներն» ուզում են բարեփոխել կուսակցության կանոնադրությունը եւ ԱԺՄ-ն դարձնել կոլեգիալ կառավարվող կուսակցություն: Նրանք առաջարկում են վերացնել կուսակցության նախագահի պաշտոնը, համագումարի կողմից ընտրել միայն վարչություն, որն էլ իր հերթին կընտրի վարչության նախագահ: Նրանք նաեւ առաջարկում են արգելել կուսակցության ղեկավար մարմինների՝ ԱԺՄ, խորհրդի, վարչության ղեկավարումը համատեղության կարգով՝ ինչպիսին հիմա է: «Այս կանոնադրությամբ մենք ինքներս կուսակցության նախագահին օժտել ենք դիկտատորի իրավունքներով»,- վստահեցրեց Գ.Հովհաննիսյանը: Պարզվեց, որ իրեն ժողովրդավարության ջատագով համարող ԱԺՄ-ն իր հիմնադրման օրից ի վեր հակադեմոկրատական է եղել, իսկ այսօրվա «դեմոկրատ» ԱԺՄ-ականները դա միայն շուրջ տասը տարի անց են հասկացել: ԱԺՄ վարչության անդամն ընդդիմացավ, թե դեռ 98-ին Ս.Ավագյանն այդ հարցը բարձրացրել է, բայց, դե, այն ժամանակ ընտրություններ էին առջեւում, հետո՝ 2001-ի համագումարի ժամանակ ԱԺՄ-ն պառակտման շեմին էր, եւ այդ հարցի քննարկման ժամանակը չէր: Մինչդեռ, ԱԺՄ այլ անդամներ պնդում են, որ Ս.Ավագյանը երբեւէ նման հարցադրում չի արել, իսկ վերջին համագումարի օրակարգում կանոնադրության փոփոխության հարց չի էլ եղել: «Մյուս թեւը, որին ես համարում եմ դիկտատորական, առաջարկում է հետեւյալ տարբերակը՝ համագումարն ընտրում է միայն կուսակցության նախագահ, իսկ կուսակցության նախագահը ձեւավորում վարչություն եւ նշանակում վարչության նախագահ»,- հակադիր թեւի առաջարկությունը պարզաբանեց ԱԺՄ վարչության անդամը: Չենք ուզում մանրանալ ԱԺՄ «դեմոկրատների» ու «դիկտատորների» կուսակցական կառավարման շուրջ գզվռտոցի մեջ: Ավելի հետաքրքիր է հետեւել այդ «դեմոկրատների» ուրացումներին: Բայց չէ՞ որ, Վ.Մանուկյանը քաղաքական մեծ հեղինակություն ունի, եւ հասարակությունն ու շարքային կուսակցականները նրան կպաշտպանեն: Լրագրողի այդ հարցադրմանը Գ.Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Նա քաղաքական մեծ հեղինակություն է, եւ իր ռազմաճակատային կենսագրության համար նրա նկատմամբ մեծ ակնածանք ունեմ, բայց քաղաքական հարցերում բավական պրոբլեմատիկ է: Ճիշտն ասած, նրա հեղինակությունը, ինչպես հիշում եմ, ես էլ եմ բարձրացրել 95-96 թվերին: Շատ դժվար էր այդ անել, բայց արեցինք: Այդ հեղինակությունը միայն իրենը չէ: Դա բոլորս ենք արել, բայց նա չկարողացավ դա օգտագործել եւ կամաց-կամաց… Տեսնում եք, նրա վարկանիշն այսօր ընկել է: Իհարկե, կա 2-3 հոգի, որոնք առանց Վազգենի ոչինչ չեն պատկերացնում»: Համաձայնեք, որ Վ.Մանուկյանի վիճակը նախանձելի չէ: Իսկ գուցե ճիշտ է պարոն Հովհաննիսյա՞նը, ու դրա համա՞ր է, որ ԱԺՄ առաջնորդը կրում է ֆիլարետների ու սեյրանների դրոշմը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել