Լրահոս
Օրվա լրահոսը

Աթենքի մոտակայքում գտնվող Պերիստերի փոքրիկ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի

Օգոստոս 31,2001 00:00

ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ Աթենքի մոտակայքում գտնվող Պերիստերի փոքրիկ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի երիտասարդական առաջնությունը հատեց եզրագիծը։ Մեր հանրապետությունն այնտեղ ներկայացված էր երեք մասնակիցներով։ Տղաների պայքարում հանդես էին գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանը, իսկ աղջիկների մրցակցությունում՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ Առաջնության մեկնարկային փուլում եւ միջնամասում թե՛ Լեւոնը, թե՛ Գաբրիելը բավականին վստահ էին խաղում։ Տարբեր տուրերում նրանք նույնիսկ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը։ Սակայն պայքարն այստեղ այնքան լարված էր, որ յուրաքանչյուր կես միավորն անգամ կարող էր վճռական նշանակություն ունենալ։ Ի վերջո, տղաների մեջ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Աչը, որն առանձնապես վստահ անցկացրեց հատկապես մրցաշարի եզրափակիչ հատվածը։ Շնորհալի երիտասարդն իր անվան դիմաց վերջնահաշվով գրանցեց 10 միավոր։ Երկու շախմատիստ, որոնցից մեկը Լեւոն Արոնյանն էր, մյուսը՝ վրաստանցի Մերաբ Գագունաշվիլին, վաստակեցին 9,5-ական միավոր եւ բաժանեցին 2-3-րդ տեղերը։ Սակայն նրանց տեղերը որոշելիս (իսկ նման դեպքերում հաշվի են առնվում շախմատիստների գործակիցները) կազմակերպիչները Լեւոնին ճանաչեցին երրորդը։ Ինչ վերաբերում է Գաբրիել Սարգսյանին, նա 8,0 միավորով բավարարվեց 12-րդ տեղով։ Այդուհանդերձ, Գաբրիելի այս ցուցանիշը մեծ ձեռքբերում պետք է համարել։ Ոչ պաշտոնական տվյալներով, հայ շախմատիստը Պերիստերիում լրացրել է միջազգային գրոսմայստերի նորման։ Անզիջում էր նաեւ աղջիկների միջեւ ծավալված պայքարը։ Հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը 8,5 միավորով հանգրվանեց 5-րդ տեղում։ Իսկ մրցանակակիրների եռյակը կազմեցին. 1-2. Հ. Կոներու (Հնդկաստան), Չժաո Սյու (Չինաստան)՝ 9,5-ական միավոր, 3-4. Ն. Կոսինցեւա (Ռուսաստան), Սյաոբին Գու (Չինաստան)՝ 9-ական միավոր։ Գործակիցներով, ըստ նախնական տվյալների, բրոնզե մեդալը հանձնվեց Կոսինցեւային։ Հայ շախմատիստների մրցելույթները Հունաստանում մասնագետները հաջող են համարում եւ նշում են, որ բոլորն էլ աշխարհի երիտասարդական առաջնությունում բարձրացրին իրենց անհատական գործակիցները։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել