Թղթի վրա մնացած օրենքը 2000թ. հոկտեմբերի 9-ին ընդունվել եւ «Հրապարակման պահից ուժի մեջ է մտել» հանրապետության նախագահի ստորագրությամբ հաստատված «Օրենքը հեռուստատեսության ու ռադիոյի մասին»։ Մինչ այդ հրապարակված օրենքներից ամենածավալունն է, բաղկացած է մոտ 6 տասնյակ հոդվածից։ «Օրենքի» լեզուն՝ ընդհանրապես, եւ շատ հոդվածների լեզուն՝ մասնավորապես, հնարավոր չէ հասկանալ։ Այդ առումով չափազանց բնորոշ է «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերնագիրը կրող 3-րդ հոդվածը։ «Օրենքում» կարդում ենք. «Հեռուստահաղորդում. տարածման համար նախատեսված պատկերներ եւ (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման, կամ ամրագրված նյութի ամբողջություն»։ Նման հանելուկային լեզուն է բնորոշ «հեռուստառադիո» հասկացությանը։ «Օրենքը» կարդացողը ի՞նչ հասկանա կարդալով. «Նախատեսված է անսահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար»։ Օրենսդիրները քաջատեղյակ չեն ռադիոյի եւ հեռուստատեսության թե բովանդակության, թե ձեւի առումով, հաղորդումների անդնդախոր տարբերություններին։ Հայ ազգի դարավոր ավանդույթները պահպանողի, ազգի պատիվը, ազգային լեզուն մեծարողի դերում է հանդես եկել ու գալիս «Ազգային» անվանումը հպարտորեն կրող «Ազգային ռադիոն»։ Դրան հակառակ՝ հեռուստաընկերություններից շատերը, երկրպագելով շահը, ստեղծել են այնպիսի վիճակ, երբ շատերը ասում են՝ «հեռուստացույց չենք դիտում»։ Վերընթերցելով «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը», զարմանում ես, թե ինչպե՞ս կարելի է 6 տասնյակ հոդվածից բաղկացած «օրենք» հորինել եւ ոչ մի բան չասել հաղորդումների գաղափարական ուղղվածության, ազգաշահ, բովանդակություն ունենալու առաջնահերթության մասին։ Այսպիսով, խաչաձեւվել է երկու կործանարար մոտեցում. ազգօգուտը բացարձակապես դուրս է մնացել օրենսդիրների ուշադրությունից եւ հոդվածների մեծ մասը չի կատարվում՝ թղթի վրա թողնելով օրենքը։ Շուտով կլրանա «օրենքն ուժի մեջ մտնելու» մի տարին։ Բացարձակապես չեն կատարվել 25-րդ հոդվածի պահանջները։ Այն արգելում է պոռնկագրություն տարածող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները։ Պահանջվում է սարսափի, էրոտիկ բնույթի ֆիլմերը հեռարձակել 24-6-ը։ Որ պահին, որ հեռուստաալիքն էլ միացնես՝ էկրանը արնաթոր եւ արնածոր է. մորթում են, հաշմում։ Հեռուստաընկերությունները չեն խնայում անգամ հանգուցյալների արժանապատվությունը։ Տատիկը մեռել է, դիակը դագաղով տարել են, երկու երիտասարդ դագաղի կափարիչն են շրջագայության մեջ դրել, մարդկանցից փորձում են իմանալ, թե ո՞ր ուղղությամբ են տարել մեռելը, որ կափարիչը վրան դնեն, թե չէ «անձրեւ կգա, տատիկը կոմպոտ կդառնա» («Թաքնված տեսախցիկ»)։ «Օրենքի» 5-րդ՝ «Հեռուստահաղորդումների լեզուն հայերենն է» հոդվածում գրված է. «Հեռուստաընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը։ Օտար լեզուներով հեռուստահաղորդումները, գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն կինոնկարները… հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Չի կատարվում օրենքի այս պահանջը։ Հետեւողականորեն կատարվում է այն, ինչն արգելվում է օրենքով, այն է. «Արգելվում են արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոհաղորդումների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները (՞) միայն օտար լեզուներով օգտագործելը»։ Ոչ մի տեղ հայերենը այնպես չի խաթարվում, ինչպես հեռուստահաղորդումներում՝ «Հմայիլում», «Դիվադադարում», «Բումերանգում», «Բլյում-բլյում պատմություններում» եւ, վերջապես, այս առումով բոլոր սահմաններն անցած «Բերնարդ Շոուում»։ Ծամածռություններին ապավինած, լեզուն փողոցի, «լավ տղերքի» աստիճանի հասցնողները մի վայրկյան մտածե՞լ են այն մասին, որ համաշխարհային ճանաչում ունեցող գրողը, որի անունով կոչել են «հաղորդումը», մաքառել է այն ամենի դեմ՝ ինչը որդեգրել են իրենք։ Տեղի սղության պատճառով, նշված հաղորդաշարերի լեզվաքանդ գործունեության սահմանափակ օրինակներ նշենք. «Եթե խմել եք, լոբի եք կերել ու չեք կարողանում ձեզ զսպել, շտապ վազեք զուգարան, այնտեղ արտահայտեք ձեր զգացումը» («Բերնարդ Շոու», ապրիլի 18). «Շուտով նոր տարի է, սեր։- Այո, շուտով նոր տարի է, սեր։- Նոր տարին լավ է, սեր։- Այո, նոր տարին լավ է, սեր։- Նոր տարին լավ է, սեր, բայց սեռական ակտը ավելի լավ է, սեր» (ապրիլի 10)։ «Օրենքի» 58-րդ հոդվածը հավաստում է. «Օրենքը, նրա զանազան պահանջները չկատարելու դեպքում հեռուստառադիոընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տուգանք (՞) նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով»։ Թղթի վրա մնացած, դատարկ ու սին խոսքեր։ ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու