Երեխան ունի՞ հանգստի իրավունք Ի՞նչ է ասում բարոյականության սահմանադրությունը Մեզանում շատ վաղուց ընդունված է երեխաների ամառային հանգիստը ճամբարներում կազմակերպելը։ Երկրի փոքրիկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող ճամբարների չնչին մասն է պահպանվել։ Քանի որ նրանց հիմնական մասը գերատեսչական էր, հիմնարկ-ձեռնարկությունների փլուզված ավերակների տակ մնալով՝ կամ ամայացել է, կամ տերերին ու նպատակները փոխել։ Ճամբարներում ծանրաբեռնված աշխատանք ապահովելու համար Հայաստանում բավականաչափ երեխա կա, սակայն արհմիութենական զեղչերի համակարգը չկա, որի պատճառով իրականում ոչ թանկ հանգստատեղերը չզբաղեցված են մնում, իսկ երեխաները՝ տառապում շոգի ու անուշադրության ձեռքին։ Երեխաներին պատկանող ունեցվածքի հանդեպ ոտնձգության դասական օրինակ է «Գուգարք» ճամբարի պատմությունը։ Սրան մենք տեղեկացանք, որովհետեւ աշխատակիցները երեխաների իրավունքներին տեր դարձան եւ հանրությանը իրազեկեցին, թե ինչպես են Հայաստանում փորձում երկաթուղայինների երեխաներից խլել կոնկրետ այս ճամբարը։ Երկաթուղայինները հերթով «հանձնել» էին հիվանդանոցը, մանկապարտեզները։ Նրանց համար ավելորդ շքեղություն է թվացել պոլիկլինիկան, Արզնու առողջարանը, ապա նաեւ՝ մանկական ճամբարը։ Ինչ երկաթուղային է մնացել, որ այսքան հարստության տեր լինի. կամ հաշվեկշռից հաշվեկշիռ տեղափոխեցին կամ վաճառեցին- գնեցին այն արժեքները, որոնք ընդունված էր ողջ կոլեկտիվի սեփականությունը համարել։ Կոլեկտիվի առաջ չքմեղանում են, թե՝ ձեռքերս կկտրեմ, եթե որեւէ մեկին թույլ տամ ոտնձգություն անի ճամբարի նկատմամբ, մինչդեռ տնօրենին ազատելու որոշումն արդեն կայացրած են լինում։ Մեզ համար դեռ հույսի շողեր են այս տնօրենի նման մարդիկ, սակայն արի ու տես, որ այս պատվելի տիկնոջ ղեկավարած օբյեկտը մեր ղեկավարների աչքին ավելի շատ է երեւում, քան այն, որ այնտեղ ամեն տարի, արդեն 43 ամառ, հայ երեխաների սերունդներ են հանգստանում, մայրական ջերմություն ստանում, կազդուրվում ու ապրելու եւ իրենց երկրի լավ զավակը լինելու լիցքերով տոգորված տուն վերադառնում։ Իսկ որքան թանկ են այդպիսի երեխաները՝ հատկապես այսօրվա Հայաստանի համար։ Նրանք պարզապես հրավիրել են նվիրյալ տնօրենին եւ խնդրել անաղմուկ ազատման դիմում գրել։ Աղմուկը բարձրացրել են լրագրողները, պատմությունը մինչեւ վերին ատյաններ է հասել, վերադարձել, միեւնույն է, հարգանք-պարգեւ չկա, որքան էլ որ այդ բոլոր վերեւ-ներքեւները շատ լավ էլ տեղեկացված են եւ երբեք իրենց զարմանքը թաքցնել չեն կարողացել, թե ինչպես է անդադար աշխատում «Գուգարքը», ինչպես են վերանորոգվում երկրաշարժից վնասված մասնաշենքերը, ինչ գոհ ու երջանիկ են երեխաներն ամեն տարի վերադառնում ճամբարից։ Քանի դեռ ճամբարային առօրյայում հալվում, անհետանում են երեխաների հոգսաշատ հիշողությունները, երկրի ապագան կերտող տղամարդիկ ճամբարը տեղավորում են սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում։ Երեւում է՝ շատ է գայթակղիչ ճամբարի տիրուհու եւ նրա ղեկավարած կոլեկտիվի պահած-փայփայած այս օբյեկտը։ Փողատերը իրենք են, կառնեն, սաունա-մաունա կկցեն- կկցմցեն, ինչով պակաս վայելքի վայր է բաժան-բաժանի համար։ Իսկ երեխաներն ավելի լավ է խոպան գնացած հայրերի մոտ վազեն։ Ի դեպ, «Գուգարք» ճամբարը հիմնադրվել է 1936 թվին, չի աշխատել ընդամենը 2 տարի՝ 92-94-ին, իսկ գործող բոլոր տարիների ընթացքում առաջին անգամ այս ամառ ոչ մի երկաթուղայինի երեխա իր հարազատ հարկի տակ հանգստանալու ուղեգիր չստացավ։ Մինչդեռ, ավանդույթի ուժով, դիմացի երկաթգծով անցնող յուրաքանչյուր շարժակազմ ողջունում էր հեռվից երեւացող ճամբարային ուրախ եռուզեռով զբաղված երեխաներին։ Ուռա՜,- գոչում էին Վանաձորի մանկատան երեխաները, որոնք մի քանի ամսով բարեպատեհությունն ունեն մանկավարժական այս հմուտ կոլեկտիվի հարկի տակ հանգրվանելու, քանի դեռ ներդրված գումարների հաշվին նորոգման է ենթարկվում իրենց պատկանող շենքը, ինչպես նաեւ մայրաքաղաքի տարբեր դպրոցներից ժամանած երեխաները, որոնց մեկտեղել էր ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական հանձնաժողովը։ Բայց այդ ուրախ ողջույնների մեջ ամեն անգամ էլ տխրության սարսուռ կար երկուստեք՝ երկաթուղայինների երեխաները կգա՞ն, թե՞ մեծերը կասեն՝ փող չկա ձեզ համար… ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ