«Հոկտեմբերի 27» քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Սամվել Ուզունյան) օգոստոսին հրավիրել է ընդհանուր հաշվով 10 նիստ՝ օգոստոսի 1-ին, 2-ին, 6-ին, 8-ին, 10-ին, 20-ին, 22-ին, 24-ին, 28-ին եւ 30-ին։ Եթե ամփոփելու լինենք ամիսը, ապա պատկերն այսպիսին է. ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը դեռ շարունակվում է։
Վերջին երկու նիստերին ամբաստանյալին հարցեր է տալիս Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը։
Դատական նիստերին հետեւում են միայն լրագրողները (հավատարմագրված 63 լրատվամիջոցներից՝ հիմնականում 10-ը), մի քանի ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ոչ մի տուժող պատգամավոր, կառավարության անդամ այդպես էլ ժամանակ չգտավ ներկայանալ դատարան։ Օգոստոսի 28-ի եւ 30-ի նիստերից բացակայում էին ԵՊՀ-ից հրավիրված հոգեբան-մասնագետները։
Ամբաստանյալներից (մասնավորապես՝ Հունանյաններից) եւ ոչ մեկի հարազատը դատարանում չէր։ Հայտնի է միայն, որ Հունանյանի հայրը հաճախակի այցելում է իր տղայի չսիրած խմբագրությունները («Առավոտ», «Հայկական ժամանակ»)՝ հրապարակումներ տպագրելու համար։
Այն, որ տղան՝ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, թերթ է ստանում (համոզված ենք՝ նաեւ՝ «Առավոտ»), մեկ անգամ եւս հաստատվեց երեկ, երբ հարց տրվեց տարբերակների, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյանի մերձակա շրջապատի մասնակցության մասին։ Ամբաստանյալը պատասխանեց. «Կարծեմ անցյալ շաբաթ մամուլում կարդացել եմ Աշոտ Մանուչարյանի դոսյեների մասին։ Ցանկացած տարբերակ, ով էլ մտածի, հորինի, մի քանի հարցի պատասխան պիտի տա, որը վերաբերում է իմ անձին. ի՞նչ ուժ է, որ ինձ կմղեր։ Ես այդպիսի ուժ չեմ ճանաչում։ Բոլոր տարբերակները երեւակայական ռեալիզմի արդյունք է, որը նոր երեւույթ է Հայաստանում»։
Կարդացեք նաև
Փաստաբան Ե. Անդրիյանին հետաքրքրեց, թե ինչո՞ւ է ամբաստանյալը հեռացվել Դաշնակցության շարքերից։ Ամբաստանյալը որերորդ անգամ կրկնվեց, ասելով, որ Կենտրոնական կոմիտեի անդամ կարող էր առաջադրվել։ «Ոմանց հիմնական կռիվը փողի, շահի կռիվ էր, եւ հետո իմացա, ինչ ահռելի գումարներ է մսխվել»։
Դաշնակցության Բյուրոյին դիմելը համարել է անիմաստ (իրեն 6 ամսով կախակայելու առումով), քանզի, ըստ ամբաստանյալի. «Այդ կուսակցությունն իներցիայով է գործում եւ կուսակցությունն ավարտվում է»։ Նա նաեւ լրացուցիչ հայտնեց, որ կուսակցությունից հեռացվելուց հետո բավականին երկար ժամանակ եղել է սթրեսային վիճակում։ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ում հետ է խոսել ամբաստանյալը ԱԺ-ն գրավելուց հետո եւ «արդյոք իրեն համակարծի՞ք էին» նշված «բազմաթիվ» պատգամավորները։
Ամբաստանյալը հայտնեց, որ հիշում է Անդրանիկ Մարգարյանի հետ խոսակցությունը, երբ նա հարցրել էր. «Ո՞րն է գործողությունների ծրագիրը, ի՞նչ պիտի լինի» եւ, որ ինքն էլ պատասխանել էր նախագահի գալու մասին։
Ամբաստանյալը ցուցմունք էր տվել նաեւ այն մասին, որ Վանո Սիրադեղյանից եթե 10 հազար դոլար ուզեր, նա կտար։ «Ինչպես հասկանալ» հարցին ամբաստանյալ Ն. Հունանյանը երեկ պատասխանեց այսպես. «Եթե նյութական շահեր ունենայի… կգնայի Վանոյի մոտ։ Վստահ էի, կվերցնեի։ Ինքն էլ կտար խելոք»։
Ամբաստանյալը հայտնեց նաեւ, որ ոչ դեմքով, ոչ անունով չի ճանաչել ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արմենակ Արմենակյանին։ Բայց քաղաքական գործընթացներին մշտապես հետեւել է։ «Հետեւելով էլ» երեկ իմացավ միայն, որ Արմենակյանը հանդես է եկել Հանրապետական կուսակցության համագումարում, հրապարակավ դեմ է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի առաջադրմանը։ «Ես ասել եմ, ընդհանրապես քաղաքականությանը հետեւել եմ, ինչ վերաբերում է փաստին, ինձ ոչինչ հայտնի չէ»,- արդարացավ նա։
Նախորդ նիստին, ամբաստանյալը, եթե հիշում եք, հայտնել էր, որ ԱԺ ելումուտն առանց իր իմացության չի եղել։
Հետեւեց հետեւյալ հարցուպատասխանը.
Եղիշե Անդրիյան.- Կարեն Հունանյանին թույլ տվե՞լ եք դահլիճից դուրս գալ։
Ամբաստանյալ Նաիրի Հունանյան.- Այդպիսի բաներ չեմ հիշում։ Անհնար է այդպիսի բաներ լիներ։
Ե. Ա.- Կարելի՞ է ենթադրել, որ Կարենն ընդհանրապես դուրս չի եկել։
Ն. Հ.- Իմ խոսքը չի վերաբերել առաջին 10 րոպեներին, այլ՝ դահլիճի դռները փակելուց հետոին։
Ե. Ա.- Մինչ դահլիճ մտնելը չե՞ք կրակել։
Ն.Հ.- Որեւէ բան չկա իմ հիշողության մեջ։
Ե. Ա.- Այսինքն, որ կրակեիք, չէի՞ք հիշելու։
Ն. Հ.- Փաստն այն է, որ այդ պահին որեւէ կոնկրետ բան չկա։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը նշեց, որ երեք անգամ է դուրս եկել դահլիճից՝ լրագրողներին դուրս բերելիս, Ալիկ Հարությունյանի եւ նախագահի հետ բանակցությունների գնալիս։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի