Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունից

Օգոստոս 31,2001 00:00

Հունաստանում նույնպես հայերը սեւագործ են Ցեղասպանությունից հետո մոտ 100 հազար հայ հույների հետ տեղափոխվել են Հունաստան։ Հայերի մի մասը այնտեղից էլ տեղափոխվել է ԱՄՆ, իսկ մյուս մասը՝ վերադարձել Հայաստան։ Հայաստանի նախկին եւ Հունաստանի ներկայիս բնակիչ Ռոբերտ Սիմոնյանը, որն օրերս այցելել էր հայրենիք, տեղեկացրեց, որ հիմա Հունաստանում օրեցօր ավելանում են հայերը։ Նրա խոսքերով, եթե մի քանի տարի առաջ Հունաստանի Սալոնիկ քաղաքում կար 2000 հայ, ապա հիմա այդ թիվը հասնում է 15.000-ի, իսկ Աթենքում նախորդ տարիներին եղել է 30.000, իսկ ներկայումս այնտեղ բնակվում են 50.000-ից ավելի հայեր։ Հունահայ Ռ. Սիմոնյանը մեզ պատմեց, որ հայերի կյանքը Հունաստանում շատ ծանր է։ «Հայերն այնտեղ հիմնականում «սեւ աշխատողներ» են։ Սալոնիկում, օրինակ, մինչ օրս որեւէ մեկին չի հաջողվել սեփական խանութ բացել, որովհետեւ հույներն արգելում են։ Հայերն այնտեղ զբաղվում են ծեփագործությամբ, շինարարությամբ, քանդակագործությամբ, «հարգի» աշխատանք է համարվում, ժողովրդական լեզվով ասած, նաեւ «դզող-փչողների» գործը»։ Սակայն Սալոնիկը, ի տարբերություն Աթենքի, համարյա հնարավորություն չունի տեղեկատվություն ստանալ Հայաստանի անցուդարձի մասին։ Դա պրն Սիմոնյանը բացատրեց նրանով, որ չնայած Սալոնիկում եւս կա հայ համայնք, սակայն «Աթենքում բնակվող ամեն մի հայ իրեն առավել պաշտպանված եւ ապահով է զգում, քանզի այնտեղ է գտնվում ԱՄՆ-ից հետո դաշնակների ամենամեծ կենտրոնը, որը մշտապես սատար է կանգնում հայերին»։ Աթենքում կան նաեւ բազմաթիվ հայկական մշակութային օջախներ, իսկ Սալոնիկում 1903-ից պահպանվել է հայկական մի եկեղեցի միայն, որտեղ ամեն հանգստյան օրերի պատարագ է մատուցվում, հարսանիքներ եւ կնունքներ են անցկացվում։ «Ունենք նաեւ «Ազատ օր» անվանմամբ մի օրաթերթ, որի շնորհիվ է միայն, որ քիչ թե շատ տեղեկություններ ենք ստանում Հայաստանից»,- ասաց պրն Սիմոնյանը։ Նա նշեց նաեւ, որ Սալոնիկում բնակվող մեծահարուստ մի տիկին՝ Անահիտ Կալֆայանը ունի անձնական թանգարանային հավաքածու՝ հայկական պատմական գրքեր, ինչպես նաեւ «վերջերս նա բացել է մի փոքրիկ թանգարան եւ միայն այնտեղ է, որ մեր երեխաները ծանոթանում են իրենց հայրենիքի մշակույթին, արվեստին եւ պատմությանը»։ Տեղեկացանք, որ Սալոնիկում չկա նույնիսկ հայկական դպրոց։ Հայ երեխաները սովորում են հունական դպրոցներում եւ միայն շաբաթ եւ կիրակի օրերին են հաճախում հայերեն դասընթացների, որը կազմակերպում է համայնքը։ «Սակայն գրքերի սակավության պատճառով հայերենի ուսուցման արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն։ Համայնքին տրվում է մեկ կամ, լավագույն դեպքում, երկու գիրք, որը պատճենահանվում է տասնյակ օրինակներով։ Համայնքը չունի նոր դասագրքեր, այբբենարաններ, եւ հայկական գրքեր մեզ մոտ ընդհանրապես չկան»,- ասաց պրն Սիմոնյանը։ Արդյո՞ք Աթենքում կամ Սալոնիկում այս օրերին հայերը որեւէ կերպ նշում են Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Պրն Սիմոնյանն ասաց միայն, որ «բոլորն էլ գիտեն, բայց ոչ ոք ոչինչ չի նշում, այլ միայն հետեւում ենք, թե ինչպես է Հայաստանը տոնում»։ Պրն Սիմոնյանն ասաց, որ թե՛ Աթենքի եւ թե՛ Սալոնիկի հայ համայնքները մեծ աշխուժություն եւ կազմակերպչական հմտություններ են ցուցաբերում հատկապես նախագահական ընտրություններից առաջ։ «Այդ ժամանակ պարբերաբար կազմակերպվում են քարոզարշավներ, որոնց վերջում, սովորաբար, լինում են ճոխ ճաշկերույթներ»,- ասաց նա։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել