Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԻ ՍՏԵՂԾԵԼ, ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է

Օգոստոս 31,2001 00:00

ՉԻ ՍՏԵՂԾԵԼ, ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է Վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Հմ. Հովհաննիսյանն, ակնարկելով գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանին, ասաց, թե որոշ նախարարներ իրենց նախարարական աթոռը պահպանելու համար կուսակցություն են ստեղծում։ Ինքը՝ Զավեն Գեւորգյանը չժխտեց, որ կուսակցություն «ունի», բայց, իր ասելով, ոչ թե անձամբ ինքն է ստեղծել, այլ՝ 1992-ից ի վեր ստեղծված Ագրարային կուսակցության մասին է խոսքը, որի հիմնադիրը եղել են Թելման Դիլանյանը եւ Մելս Մկրտչյանը. «Ես, ճիշտն ասած, ակտիվացրել եմ այդ կուսակցության գործունեությունը, չեմ թաքցնում»։ Գյուղնախարարը, հասկանալի է, որ մշակույթի աշխատողների կուսակցություն չէր ստեղծելու (թեպետ մեզանում ոչինչ այլեւս զարմանալի չէ եւ բոլոր արտառոց բաները օրինաչափ են դարձել), այլ՝ ագրարային։ Որն, ի դեպ, ըստ գյուղնախարարի՝ «կենտրոնամետ է լինելու, ուղղված է լինելու գյուղացիության խնդիրների լուծմանը, գյուղացիության համար հենարան դառնալու նպատակ ունի։ Ըստ էության, կուսակցությունը կայացած է, բավականին մեծ տարածում ունի, գյուղացիների մեջ մեծ ոգեւորություն կա։ Ես կարծում եմ, մեծ ապագա ունի»։ Պարզապես զարմանալի է, որ մինչեւ այժմ ոչ ոք չէր կռահել, թե ինչո՞ւ է գյուղացին վատ ապրում՝ որովհետեւ կուսակցություն չունի։ Սրանից հետո գյուղացին, ուզի-չուզի, հողը թողած պետք է կուսակցական խնդիրներ լուծի։ Իսկ այս ամենից անձամբ գյուղնախարարը, կարծում եք, ակնկալիք ունի՞։ Բոլորովին, պարզապես նա մեկ տարուց ավելի գյուղնախարար աշխատելով, վերջապես հասկացավ, որ գյուղացուն վերջնականապես երջանիկ դարձնելու համար՝ հողից, ցորենից եւ ջրից ավելի, սեփական ագրարային կուսակցություն է հարկավոր։ Զավեն Գեւորգյանն, իր ասելով, առայժմ այդ կուսակցության ակտիվ աջակիցներից մեկն է։ Իսկ հնարավո՞ր է, որ այս ակտիվացման նպատակն այն է, որ Զավեն Գեւորգյանը նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Որ Ագրարային կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրապայքարին, դրանում ոչ մի կասկած չկա»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել