Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, ռուս փաստաբան Օլեգ Յունո

Օգոստոս 31,2001 00:00

Հետաքրքիր է՝ դատավորն արբի՞տր է, թե՞ դատավարության կողմ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւի՝ դատաքննության ընթացքում արած ու մերժված միջնորդություններից մեկն էլ վերաբերում էր ԱԱՊՎ նախկին պետ Էդուարդ Սիմոնյանցին իբրեւ մասնագետ դատաքննությանը ներգրավելուն։ Յունոշեւն իր այդ միջնորդությունը փաստարկել էր նրանով, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու հարցում դատարանին հիմնավոր փաստեր ներկայացնելու համար նախ հարկ է հստակեցնել ամբաստանյալի եւ ԱԱՆ-ի առնչությունները։ Հիշեցնենք, որ դրանց մասին խիստ որոշակի նյութեր կան հենց քրգործում։ Բայց բավարար փաստեր ներկայացնելու համար, ըստ պրն Յունոշեւի, անհրաժեշտ է նախ պարզաբանել այդ առնչություններին վերաբերող առանձին մասնագիտական տերմիններ, որոնք կարող են որոշակի լույս սփռել այդ հարաբերությունների որակի վրա, եւ որոնց պարզաբանումը կարող է պետական գաղտնիք պարունակել։ Ահա այդ պարզաբանումները դատարանին ներկայացնելու համար էր, որ ռուս փաստաբանն առաջարկել էր լսել ԱԱՊՎ նախկին պետին։ Հայտնի է, սակայն, որ այդ միջնորդությունը դատավոր Ուզունյանը հենց տեղում եւ առանց հիմնավորման մերժել էր։ Մենք դիմեցինք պրն Սիմոնյանցին՝ ճշտելու համար, թե որքանով էր անհրաժեշտ իր մասնակցությունը դատաքննությանը, եւ կոնկրետ ինչ հարցեր պետք է պարզաբաներ։ Պրն Սիմոնյանցը նշեց, որ դատաքննությանն իբրեւ մասնագետ ներգրավվելու համար իրեն դիմել էր փաստաբան Յունոշեւը։ ԱԱՊՎ նախկին պետը նախ կարեւորեց փաստաբան Յունոշեւի հիշյալ միջնորդությունը՝ կարծիք հայտնելով, թե դա կարող էր օգնել կողմնորոշվելու ամբաստանյալի եւ ԱԱՆ-ի միջեւ հարաբերությունների հարցում։ Պրն Սիմոնյանցը նրբանկատորեն նշեց. «Դատավորն ու մեղադրողները, նաեւ՝ փաստաբանները, որքան էլ բարձր մասնագիտական որակներ ունենան, չեն կարող եւ պարտադիր էլ չէ, որ տեղյակ լինեն հատուկ ծառայությունների տերմիններին եւ դրանց էությանը, իսկ մասնագետի օգնությունն այդ դեպքում ավելորդ չէր լինի»։ Անդրադառնալով դատաքննության ժամանակ իր առջեւ դրված խնդիրներին, պրն Սիմոնյանցն ասաց, թե դրանք մի քանիսն են եղել, որոնցից մեկն էր՝ պարզաբանումներ տալ, թե ինչ ասել է՝ «Հունանյանը գտնվել է ԱԱՆ-ի ուշադրության կենտրոնում, եւ դա ինչ է ենթադրում»։ Մեր խնդրանքով պարզաբանելով այդ հարցադրումը, պրն Սիմոնյանցը նկատեց, թե «ուշադրության կենտրոն» ձեւակերպումն ինքնին արդեն ԱԱՆ-ի ոլորտից չէ, թեեւ հուշում է, որ խոսքը կարող է գնալ «տեսադաշտում լինել» իրականում ճիշտ ձեւակերպման մասին։ Սա իր հերթին կարող է ենթադրել, որ ԱԱՆ-ն Հունանյանի նկատմամբ գործ է վարել՝ իրականացրել է կամ օպերատիվ մշակում, կամ օպերատիվ ստուգում, կամ՝ աշխատակցի անձնական գործի կազմում։ Պրն Սիմոնյանցի կարծիքով, անհրաժեշտ է նախ ճշտել, թե այդ «կամ»-երից ո՞ր դեպքն է կիրառվել Հունանյանի նկատմամբ, ինչից իր հերթին կարելի էր ավելի հստակ եզրահանգումներ անել ամբաստանյալի եւ ԱԱՆ-ի առնչությունների, եւ, իբրեւ հետեւանք՝ Հունանյանի՝ ԱԱՆ մեկուսարանում պահելու նպատակահարմարության մասին։ Էդ. Սիմոնյանցը միաժամանակ նշեց, թե վերոհիշյալ երեք դեպքերից որեւէ մեկն ինքնին չէր կարող ենթադրել, որ Հունանյանը ԱԱՆ գործակալ է եղել։ Այդուհանդերձ, հիշյալ պարզաբանումները կողմերի մոտ կարող էին հարցադրումներ առաջացնել, որոնք, թերեւս, հնարավոր կլիներ ստանալ արդեն ԱԱՆ-ից։ Ի պատասխան մեր այն հարցի, թե, իր տպավորությամբ, ինչո՞ւ Օ. Յունոշեւի այդ միջնորդությունը մերժվեց, պրն Սիմոնյանցը նկատեց, թե դատավորը մերժում էր ցանկացած միջնորդություն, որը, նրա կարծիքով, կարող էր բարդություններ ստեղծել եւ վտանգավոր լինել իր եւ իշխանությունների համար։ Մյուս բոլոր դեպքերում որեւէ միջնորդություն չի մերժվել։ Պրն Սիմոնյանցի այս կարծիքը շատ համահունչ էր Օ. Յունոշեւի հայտնած այն դիտարկմանը, թե դատավոր Ուզունյանն իր գործողություններով, հարցադրումներով, ռեպլիկներով եւ միջնորդություններն անհիմն մերժելով տպավորություն է ստեղծում, թե ինքը ոչ թե արբիտր է դատավարության կողմերի միջեւ, այլ՝ կողմ։ Թե ո՞ր կողմը նա նկատի ուներ, կարծում ենք, դժվար չէ ենթադրել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել