Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Օգոստոս 31,2001 00:00

«ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԵՐԲԵՄՆ ՀԱՍՑՎՈՒՄ Է ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅԱՆ» Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ -Աշնանային նստաշրջանը խորհրդարանը կսկսի, ունենալով այնպիսի ԱԺ նախագահ, որը որեւէ քաղաքական ուժ կամ, ընդհանրապես, որեւէ ուժ չի ներկայացնում։ Արդյո՞ք խորհրդարանը հնարավորություն ունի ինչ-որ կերպ այս հարցը նորմալ քաղաքական ընթացքի մեջ դնելու։ – «Միասնություն» դաշինքի եւ խմբակցության ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ավարտին չեն հասել ակնհայտորեն։ Համոզված եմ, որ աշնան ընթացքում իրենց ավարտին կհասնեն, եւ դրանից հետո միայն իմաստ ունի քննարկել նման հարցեր։ – Նկատի ունեք դաշինքի լինել-չլինելու հա՞րցը։ – Այո, օրինակ՝ կա՞ դաշինքը, թե՞ ոչ։ Հարց է, որը պատասխան պիտի ստանա։ Հնարավոր չէ մեկ տարուց ավելի ձեւ անել, թե կա, երբ իրականում ոչինչ էլ չկա։ Երկրորդ՝ «Միասնություն» խմբակցության ներսում արտառոց իրավիճակ է այսօր։ Մի մեծ խումբը, ըստ էության, պաշտպանում է այն տեսակետները, որոնք ունի մասնավորապես կառավարությունը, մի ուրիշ խումբ, շատ ավելի փոքր խումբ, որը ներկայացնում է ՀԺԿ-ն, հանդես է գալիս, այսպես ասած, արմատական ընդդիմության դիրքերից։ – Հստակեցրեք՝ մեծ խումբ ասելով՝ նկատի ունեք ՀՀԿ անդամների՞ն եւ նրանց, որոնք ՀԺԿ-ից դուրս եկածնե՞րն են։ – Իհարկե, դիրքորոշումների տեսակետից ՀՀԿ-ն ներկայացնողների եւ ՀԺԿ-ից դուրս եկածների տեսակետներում կարծես թե տարբերություններ չկան, գոնե հայտարարության մակարդակով։ Իհարկե, հետագայում կյանքը ցույց կտա։ Բայց մյուս խումբը, որ ներկայացնում է ՀԺԿ-ն, ակնհայտ է, իրենք էլ չեն թաքցնում, որ այստեղ կան ծայրահեղ տարբերվող տեսակետներ։ Հիմա նման իրավիճակ, կարծում եմ, հնարավոր չէ պահպանել, որովհետեւ այսօր «Միասնություն» խմբակցության պատգամավորների, օրինակ՝ 70%-ի կամ ավելիի տեսակետները երբ համընկնում են, կարելի է խոսել խմբակցության տեսակետի մասին, որը միայն ՀՀԿ-ի տեսակետը չի։ Այդ դեպքում մի քիչ անհասկանալի է լինելու այն փոքրաթիվ պատգամավորների վիճակը, որոնք ներկայացնում են ՀԺԿ-ն։ Ուղղակի տրամաբանական կլինի դուրս գալ «Միասնություն» խմբակցությունից։ – Մեկ տարի առաջ դուք հրապարակավ դեմ էիք ԱԺ այսօրվա նախագահին եւ նույնիսկ վերջինիս պաշտոնանկության հարցը քննարկվեց։ Հիմա ձեր խոսքից զգացվում է, որ այս վիճակով դուք դեմ չեք, որ Արմեն Խաչատրյանը շարունակի պաշտոնավարել։ – Շատ լավ հարց էր, որովհետեւ նախկինում բավականին շահարկվեց խնդիրը եւ հիմա էլ մտածում եմ՝ շահարկումներ կլինեն։ Ուզում եմ սպառիչ պատասխան տալ։ Մեկ տարի առաջ ես Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ խնդիր ինքս չեմ հետապնդել։ Այլ բան է, որ անցած մայիսին, երբ վարչապետ նշանակվեց, եւ կառավարություն ձեւավորվեց, եւ դաշինքի կուսակցություններից մեկը հայտարարեց, որ որեւէ պատասխանատվություն չի կրելու կառավարության համար, տրամաբանական հարց առաջացավ, որ պետք է նաեւ այդ դիրքորոշմանը համապատասխանեցվեն այն դիրքերը, որ այդ կուսակցությունը զբաղեցնում է իշխանության մեջ։ Այսինքն՝ խնդիրը զուտ քաղաքական էր, որեւէ անձի հետ չէր կապված եւ պրն Խաչատրյանի հետ էլ դա բացարձակապես չէր կապված։ Այլ բան է, որ որպես հետեւանք առաջանում է նաեւ անձերի հետ կապված խնդիր։ Այն մոտեցումները, որոնք ես ունեցել եմ նախկինում, այժմ էլ ունեմ, ի տարբերություն շատ-շատերի։ Ես կարծում եմ, քաղաքական հարթություններում քաղաքական խնդիրները պիտի լուծվեն եւ ոչ անձերի։ – Դուք շատ թափանցիկ ակնարկ արեցիք այն մասին, որ «Միասնությունում» ՀԺԿ-ն ներկայացնողները կողմնորոշվեն եւ դուրս գան խմբակցությունից։ – Պարզապես այլ բան չի մնում, որովհետեւ ստեղծվելու է մի անհեթեթ իրավիճակ, երբ այս կամ այն հարցի հետ կապված խմբակցությունն ունենալու է մեկ տեսակետ եւ քիչ թվով պատգամավորները՝ այլ տեսակետ։ Եվ միակ տրամաբանական լուծումն այն կլինի, որ մարդիկ ասեն՝ քանի որ իրենք չեն կիսում խմբակցության տեսակետները, իրենք իրենց այլեւս խմբակցության անդամ չեն համարում։ – Լավ, սակայն, երբ ձեւավորվեց դաշինքը, ձեւավորվեց ոչ միայն ՀՀԿ-ի ծրագրերի հիման վրա, այլեւ՝ ՀԺԿ-ի ծրագրերի։ Եվ խորհրդարանական խմբակցությունը արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական մեծամասնություն էր, որը երկու կուսակցությունների ծրագրերից ստեղծված ընդհանուր մի ծրագիր պետք է իրականացներ։ Եթե այդ պատգամավորները դուրս գան խմբակցությունից, ի՞նչ է ստացվում. ընտրությունների արդյունքները ի չիք են լինում եւ խմբակցությունը միայն ՀՀԿ-ի ծրագրե՞րը պիտի իրականացնի։ Իսկ ժողովուրդը իր քվեն տվել է ոչ միայն ՀՀԿ-ին, այլ՝ առաջին հերթին Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ – Սա եւս կարեւոր հարց է եւ այս հարցադրումը ինքը ցույց է տալիս, որ գործընթացները իսկապես պետք է շարունակվեն եւ հասնեն տրամաբանական ավարտին։ Անշուշտ, խնդիր առաջանում է։ Ի վերջո, ով՝ ով է։ Ասեմ, որ «Միասնության» ծրագիր ասվածը սկզբունքների ամբողջություն է, որոնք որեւէ մեկի անձնական սեփականությունը չեն։ Ծրագրերի մասին խոսելը երբեմն հասցվում է երեսպաշտության։ Ի վերջո, կան դրույթներ, եւ պետք է գործունեությունը համեմատել այդ դրույթների հետ։ – Դուք անցած տարվա սեպտեմբերին անընդհատ պնդում էիք, որ դիրքերի եւ դիրքորոշումների հստակեցում պիտի լինի։ Հիմա դուք կարո՞ղ եք արձանագրել, որ ձեր ուզածը եղավ։ – Անցած տարի մեկ կոպիտ սխալ արվեց՝ փաստացի չկար այլեւս «Միասնությունը», բայց դա պաշտոնական հայտարարության տեսք չստացավ։ Եվ համոզված եմ, առաջին հերթին հենց այդ պատճառով ձախողվեց այդ գործընթացը։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել