Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրինաց

Օգոստոս 31,2001 00:00

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է «Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ արդեն 2 տարի է, ինչ կուսակցության համար ավանդույթ են դարձել ԱԺ աշնանային նստաշրջանից առաջ մարզեր կատարվող այցելությունները: «Դա մի նպատակ ունի՝ շփվել մարդկանց հետ, իմանալ նրանց հոգսերի մասին եւ առաջիկա նստաշրջանում դրանք ներկայացնել հարցապնդումների, ելույթների, հայտարարությունների, նաեւ՝ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Մարզեր կատարած այցելությունից պարոն Բաղդասարյանի տպավորությունը երկրում ստեղծված իրավիճակի մասին ոչ մի լավ բան չի ասում. «Ժողովուրդը գտնվում է սոցիալական ծանր վիճակում եւ ծայրաստիճան չքավորության մեջ: Մարդիկ բողոքում են, որ որեւէ քայլ չի արվում երկրում օրենքի գերակայություն հաստատելու ուղղությամբ, որ իշխանությունները, մեղմ ասած, շարունակում են իրենց անուշադրության մատնել»: Սա այն է, ինչ մարզերում լսում են բոլոր կուսակցությունները: Իսկ դրանից ի՞նչ հետեւություն է արել «Օրինաց երկիրը»: Կուսակցության նախագահն ասաց, թե աշնանային նստաշրջանում «Օրինաց երկիր» խմբակցությունը հանդես կգա 5 նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որոնք բոլորն էլ մարզերում տեղի ունեցած հանդիպումների արդյունք են եւ նպատակ ունեն երկրում օրինականություն հաստատել: Այդ իմաստով պարոն Բաղդասարյանը առանձնապես կարեւորեց ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: «Փողի եւ ավտոմատի ուժով տեղի ունեցող ընտրությունները չեն կարող նպաստել երկրի զարգացմանը»,- նկատեց կուսակցության նախագահը: Նա կարծիք հայտնեց, թե նորմալ ընտրական համակարգ ունենալու համար նախ պետք է մտածել քաղաքական համակարգի արդիականացման մասին, ինչը հնարավոր է, եթե վերջապես ընդունվի «Կուսակցությունների մասին» օրենքը: Ա.Բաղդասարյանը հատկապես կարեւորեց «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը, որի համատեքստում «Օրինաց երկիրը» ակնկալում է նաեւ եվրոպական կառույցների աջակցությունը եւ՝ «իհարկե, երկրի իշխանությունների քաղաքական կամքը՝ երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու համար»: «Մենք կարծում ենք, որ բանակը չպետք է մասնակցի ընտրություններին, եւ այդ նպատակով կուսակցությունը քաղաքական բանակցություններ է սկսելու մյուս կուսակցությունների հետ՝ այդ հարցում միասնաբար գործելու համար: Դա կարող է, իրոք, ազատ ու արդար ընտրությունների անցկացման կարեւորագույն երաշխիքներից մեկը լինել»: Իր այս տեսակետը պարոն Բաղդասարյանը փաստարկեց այն հանգամանքով, որ ընտրությունների ժամանակ ճնշումների ենթակա ամենաթույլ օղակներից մեկն էլ բանակն է: Ըստ նրա, այսօր հրատապ է դարձել նաեւ հստակեցնել ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա արվող նշումը, քանի որ, հատկապես գյուղերում, տեղական իշխանությունները գյուղացիներին վերահսկողության տակ առնելու համար նախապես հրահանգում են, թե որ ընտանիքը քվեաթերթիկի վրա ինչ նշում պետք է անի: Իհարկե, պարոն Բաղդասարյանի հետ զրույցի ընթացքում չէինք կարող շրջանցել մի երեւույթ, որով այսօր վարակվել են կուսակցություններից շատերը՝ պառակտում: Վերջերս «Օրինաց երկիր» կուսակցությունից իր դուրս գալու մասին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Սամվել Ավետիսյանը: Արդյո՞ք այդ կոնկրետ դեպքը կարող է հերթական կուսակցության պառակտման հիմք դառնալ: «Օրինաց երկիրը» Հայաստանում ամենակազմակերպված կուսակցություններից մեկն է եւ այնտեղ այսօր պառակտում չկա: Պարզապես իմ խնդրանքով Ս.Ավետիսյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել՝ գործադիր իշխանությունների նկատմամբ մեր դիրքորոշումների տարբերության պատճառով: Նա կարծում է, որ պետք է ներգրավվել գործադիր մարմիններում, աշխատել, աջակցել: Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում կուսակցության քաղաքական գծին: Մեր դիրքորոշումն այն է, որ այսրոպեական խնդիրներ լուծելու համար կուսակցությունն իրավունք չունի ներգրավվել գործադիր մարմնում: Սա քաղաքական համոզմունքների տարբերություն է»,-ընդգծեց պարոն Բաղդասարյանը: Խոստովանենք, որ այդ երկընտրանքը ծանոթ է բոլորիս, որի պատճառով, ի դեպ, պառակտվեց նաեւ ԱԺՄ-ն: Իսկ ինչո՞ւ Ա.Բաղդասարյանը չի համաձայնել ընդգրկվել գործադիր մարմնում եւ փորձել ինչ-որ բան փոխել: «Քաղաքական դաշտն այսօր բաժանված է երկու մասի՝ արմատական ընդդիմություն, որը պահանջում է Քոչարյանի հրաժարականը, եւ ուժեր, որոնք իրականացնում են նախագահի քաղաքականությունը, ներգրավված են գործադիր մարմնում: Մեր կուսակցության դիրքորոշումն այս է՝ լինել դրանց կենտրոնում»,- ասում է Ա.Բաղդասարյանը: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ե՛ւ քննադատել, ե՛ւ աջակցել իշխանություններին: «Ի վերջո, կարելի է օգնել իշխանություններին՝ առանց գործադիր մարմնում ներգրավվելու: Տեսեք, երեկ ժողովուրդը բողոքում էր Լ.Տեր-Պետրոսյանից, այսօր բողոքում է Ռ.Քոչարյանից: Այսինքն՝ խնդիրն անձերը չեն, այլ կառավարման համակարգը»,- ասաց Ա.Բաղդասարյանն ու ավելացրեց, թե արդեն հասունացել է սահմանադրական փոփոխությունների հարցը: «Պետք է, ի վերջո, տարանջատվեն իշխանության երեք թեւերը, պետք է կրճատվեն նախագահի լիազորությունները, ընդլայնվեն ԱԺ իրավասությունները, քաղաքական համակարգի բարեփոխում տեղի ունենա, բոլոր ոլորտներում լինեն հայեցակարգային ծրագրեր, պետք է պատասխանատվության գիտակցություն լինի: Իսկ այսօր մենք չենք կարող խոսել երկրում իրական ժողովրդավարական զարգացումների մասին»,- եզրակացրեց Ա.Բաղդասարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել