ԹԵԵՎ ԹԱՆԿ՝ ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «Առավոտի» 2001թ. օգոստոսի 15-ին տպագրված «Աղբարկղերը շատ թանկ հաճույք են» հոդվածի կապակցությամբ, Էրեբունու թաղապետարանի լրատվական ծառայությունը որոշ պարզաբանումներ է ներկայացնում թերթի ընթերցողներին։ Ըստ լրատվական ծառայության տրամադրված տվյալների, Սարի թաղի պրոբլեմներից մեկն այն է, որ բնակչության 60%-ն ապրում է մասնավոր հնակառույց թաղամասերում, ուր աղբատար մեքենաների մուտքը չափազանց դժվար է, իսկ աղբարկղերի տեղադրումը՝ անհնար, քանի որ բնակիչները չեն հանդուրժում վերջիններիս առկայությունը իրենց տան կողքին։ Թաղապետարանը հայտնում է, որ «Սանմաքրում» ՍՊԸ եւ բնակիչների միջեւ հարաբերությունների վրա հակազդելու որեւէ իրավաբանական լծակ չունի, թեպետ փորձում է մեղմել վիճակը, քանի որ աղբահանման գումարները հավաքվում են ընդամենը 20-25%-ով։ Ըստ հաղորդված տվյալների, թաղապետարանը «Արգիշտի» հիմնադրամի միջոցներից փակել է բնակչության կողմից կուտակված պարտքերը, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա կատարելու աղբահանման աշխատանքները՝ գնել եւ տեղադրել աղբարկղերը, որոնք այս պայմաններում թեպետ թանկ են (30 հազար դրամ), բայց հաճույք չեն, այլ անհրաժեշտություն, աշխատեցնել աղբահանման մեքենաները եւ այլն։ «Խնդրում ենք աղբը դուրս բերել համապատասխան վայրերը երեկոյան ժամերին, հաշվի առնելով, որ աղբահանումը կատարվում է վաղ առավոտյան։ Այլապես ցերեկվա ժամերին կուտակվող աղբը հակասանիտարական վիճակ է ստեղծում քաղաքում։ Խնդրում ենք նաեւ չթափել այն փողոցներում, այն էլ բաց վիճակում, այլ դուրս բերել միայն փաթեթավորված»,- նշեցին թաղապետարանի աշխատակիցները։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ