Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ

Օգոստոս 30,2001 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ Իննսունական թվականներին երկրի «խելոք» ղեկավարները հապճեպորեն քանդեցին արդեն կատարելության հասած գյուղական համայնական բոլոր կառույցները, կոլտնտեսություններն ու սովխոզները, մշակող ու վերամշակող, ինչպես նաեւ մթերող կազմակերպությունները։ Նույնպիսի հապճեպությամբ հողն ու վերը նշված միջոցները հատկացվեցին ոչ միայն գյուղացիներին, այլ նաեւ որոշ քաղաքաբնակների։ Արդյունքը եղավ այն, որ այսօր արդեն չի մշակվում հողերի 30-40 տոկոսը։ Հողատարածքի այդ մասն արդեն վերածվել է տեւական խոպանի։ Առանց այդ էլ սակավահող Հայաստան երկրի համար մի՞թե սա բարբարոսություն չէ։ Սեփականաշնորհման ու ապապետականացման արհավիրքի «քաղցրությունը» տարածվեց նաեւ անասնապահության բնագավառի վրա։ Զրկված լինելով անասնապահության համար անհրաժեշտ միջոցներից (կերեր, բուժսպասարկում, անասունների ցեղի բարելավում եւ այլն), նաեւ արտադրած մթերքներն անհատապես իրացնելու հնարավորությունից, սկսվեց անասունների մասսայական սպանդ։ Դժբախտաբար, այդ երեւույթը շարունակվում է նաեւ այժմ։ Իսկ կառավարման մարմինների նախկին ու ներկայիս մեծամեծ ղեկավարները, որոնց մի մասը հազիվ կարողանում էր ցուլերին անվանել կովերի ամուսիններ, երինջներին՝ էգ կովեր, աքլորներին՝ հավերի ամուսիններ, այդ բոլորի նկատմամբ ցուցաբերեցին լուռ անտարբերություն։ Արդյունքում՝ անասնագլխաքանակը հանրապետությունում կրճատվեց մոտ 40 տոկոսով։ Չպիտի հավատալ անասնագլխաքանակի մասին վիճակագրության ստահոդ տվյալներին։ Իսկ ի՞նչ անի գյուղացին իր արտադրած 1-2 տոննա հացամթերքի, նույնքան կարտոֆիլի ու կաղամբի, այլ բանջարեղենի, խաղողի ու պտղի ավելցուկը, կարո՞ղ է նա այդ քանակության մթերքների համար ավտոմեքենա վարձել։ Այն դեպքում, երբ տեղերում լիկվիդացված են մշակող եւ վերամշակող օբյեկտները, իսկ կենտրոնացված մթերումների կազմակերպումը մնում է գյուղացու երանելի երազանք։ Կամ, ինչպե՞ս նա իրացնի օրական միայն մի քանի կիլոգրամ արտադրած կաթնամթերքը, ի՞նչ միջոցներով եւ ո՞ւր տանի այն։ Մի՞թե երկրի ղեկավարները չեն նկատում, թե տանջված գեղջկուհին, բեռնված իր արտադրած կաթնամթերքով, տրանսպորտից տրանսպորտ տեղափոխվելով ինչպե՞ս է հասնում քաղաք։ Իսկ այնտեղ՝ քաղաքում, այդ բոլորը շալակած շենքից շենք է տեղափոխում, մուտքից մուտք ու հարկից հարկ է բարձրանում, թակելով ամեն մի դուռ, խնդրելով, որ կաթնամթերք գնեն։ Ահա թե ինչու է աղմկում անճարակ գյուղացին։ ՀԱԿՈԲ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Աշխատանքի վետերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել