Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ

Օգոստոս 30,2001 00:00

Հեռացել ես, մոռացե՜լ… Մեծ քաղաքներում երեւույթներն այնքան սուր չեն ընկալվում, որքան ավաններում կամ գյուղերում։ Երեւանցիները տեսականորեն շատ լավ գիտեն, որ հանրապետությունից արտագաղթողների մեծ հոսք կա ու դրա ապացույցը ոչ միայն դեսպանատների առջեւ հավաքված մարդկային հոծ զանգվածներն են, այլեւ՝ դատարկվող բնակարանները, անշարժ գույքի անհեթեթության հասնող էժան գները, ռուսաստանյան քաղաքներից ցինկե դագաղներով վերադարձող երիտասարդ տղաների ցավալիորեն զգալի քանակը։ Բայց քանի որ Երեւանը բազմաբնակարանանոց շենքերի քաղաք է, որքան էլ դատարկվի, որքան էլ հայաթափվի, երեւանցիները հարեւանների, 1000 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցները՝ աշակերտների, առանց այդ էլ հատուկենտ գործատուները՝ աշխատուժի պակաս չեն զգա։ Այլ է գյուղերում։ Այնտեղ ամեն հեռացողը աչքի առաջ է, հաշված է, «օջախի ծուխը մարող է»։ Իսկ հեռացողները հիմնականում երիտասարդներն են։ Ու այդ է պատճառը, որ հայկական գյուղերի գերակշիռ մասն այսօր ծերանոց է հիշեցնում։ Ռուսաստաններում բախտ, աշխատանք ու աշխատանքի դիմաց վարձատրություն գտնելու հույսով հեռացողները սկզբում մեկնում են միայնակ՝ ծնողների հետ թողնելով կանանց ու երեխաներին։ Այնտեղ «ոտքի տեղը պնդացնելուց» հետո տղամարդկանց որոշ մասը տանում է նաեւ իր ընտանիքը։ Ծնողները մնում են միայնակ ու լքված։ Փոխարենը՝ չի քայքայվում երիտասարդ ընտանիքը։ Բայց դա միայն այն դեպքում, երբ ա) ամուսինը խելագարի պես սիրում է կնոջն ու զավակներին, բ) կինը բավական ուժեղ է գտնվում՝ «որտեղ դու, այնտեղ՝ ես» ասելով ոտքերը դնում է մի մաշիկի մեջ ու մեկնում, գ) ծնողները երիտասարդների շահը վեր են դասում իրենց եսասիրությունից ու չեն նպաստում ընտանիքի քայքայմանը, դ) Ռուսաստանում հայ երիտասարդը չի գտնում իր գուլպաներն ու վարտիքները լվացող, իր համար տոլմա ու հավի տապակա պատրաստող ռուս կնոջ (սա ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակն է), ե) այլ տարբերակ։ Մնացած բոլոր դեպքերում երիտասարդ կինը մնում է գյուղում՝ սկեսուր-սկեսրայրի (կամ նրանցից որեւէ մեկի) եւ զավակների հետ ու ամեն օր անիծում այն օրը, երբ «ռաստ եկավ էն շան տղուն», երբ ամուսնացավ, երբ զավակներ ունեցավ, երբ «էն շան տղեն ռադը քաշեց, գնաց Ռուսաստան»։ Ու թեեւ այդ ընտանիքների եկամուտի աղբյուրը ոչ միայն բնամթերքն է, այլեւ՝ Ռուսաստանից ամուսնու ուղարկած դոլարները, բայց նահապետական ավանդույթի ուժով հարսները գյուղերում գրեթե ձայնազուրկ են։ Ինչ խոսք, քիչ չեն նաեւ Ձենով Օհանին չզիջող «լաչառ» հարսները, բայց նրանց քանակը որակ չի կազմում։ Բնականաբար, մեկ, երկու, երեք եւ անգամ ավելի տարիներ առանց ամուսնու, «փնթփնթան» սկեսուրի եւ «հաստակող» սկեսրայրի հետ ապրող հարսի միակ երազանքը դառնում է ոչ թե ամուսնու վերադարձը («դրանից ի՞նչ օգուտ, համ փող չի աշխատի, համ էլ սաղ կյանքս էս պառավների հետ պիտի ապրեմ, թրիքի ու աթարի մեջ»), այլ՝ իր մեկնումը («կգնամ, ռուսաստաններում թագուհու պես կապրեմ»)։ Ճիշտ է, հիմնականում նրանց երազած «ոսկե սարերը» որեւէ աղերս չունեն դառն իրականության հետ, սակայն ամուսնու կարոտը մի կողմից, անհայր զավակներ մեծացնելու հոգսը՝ մյուս կողմից, եւ ամուսնու «դժվարամարս» ծնողները՝ երրորդ կողմից, ստիպում են ցանկալին իրականություն տեսնել, Ռուսաստանը՝ դրախտ, ամուսնուն՝ հրեշտակ, իրեն սպասող կյանքը՝ արքայավայել վայելք պատկերացնել։ Բայց մինչեւ ամուսնուն հասնելը, երիտասարդ կնոջը շատ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում։ Հանկարծակի պարզվում է, որ սկեսուրը շատ ծանր հիվանդ է եւ հարսի մեկնումը ու խեղճ պառավին թոռներից զրկելու դաժան քայլը հավասարազոր է նրա մահվան դատավճռին։ Շանտաժի այս եղանակը շատերի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել եւ կանայք նախընտրել են իրենց՝ միայնակ մոր ու լքված կնոջ կյանքը շարունակել, քան ակամայից պատճառ դառնալ սկեսրոջ ինֆարկտին, ինսուլտին, քաղցկեղին, սպիդին… Երբեմն շանտաժն այլ ձեւեր է ընդունում. «Որ դուք էլ թողնեք-գնաք, սաղ գյուղը կասի՝ տեսա՜ր, Էսինչանց Էսինչի տղեն հավաքեց ընտանիքը տարավ, բիձեքին թողեց անտեր։ Աշխարհքով մեկ խայտառակ կլինենք»։ Բարեհոգի եւ անխելք հարսներն իսկույն ենթարկվում են այս շանտաժին ու պատանդ մնում։ Սակայն այս կարգի անթիվ-անհամար պատմությունների ու խոսքազրույցների մեջ ամենազավեշտականն ու նաեւ ամենացավալին Հայաստանի լեռնային գյուղերից մեկում պատահածն է։ 4-5 տարի առանց ամուսնու, «ծանրանաֆաս» սկեսրայրի ու մշտապես հիվանդ սկեսրոջ հետ ապրող հարսի համբերությունը, ի վերջո, շատ ուշացումով հատնում է։ Նա հայտարարում է, որ բավական է, իր տղա երեխաներն անհայրությունից անդաստիարակ են մեծանում, ինքն ընդամենը 30 տարեկան է, բայց արդեն 5 տարի է՝ «անմարդ» է եւ, վերջապես, «ես հո ձեզ հետ չե՞մ ամուսնացել, ես նրա հետ եմ ամուսնացել։ Զանգելու եմ՝ փող ուղարկի, գնամ մոտը»։ Դաժան սկեսրայրը, որ հայտնի էր «Օձի թույն» մականունով, պատասխանում է. «Հա՜, ուրեմն քեզ որձ ա պետք, լրբի մեկը, գնա, ցուլը գոմից կապած է, գնա մոտը»։ Իսկ ամենազավեշտականն այն է, որ այդ նույն «Օձի թույնին» մեղադրելու փոխարեն, ամբողջ գյուղը թքում-մրում էր խեղճ աղջկան, որը սկեսրայրի խոսքերից վիրավորված, ձեռքն ընկածը (տվյալ դեպքում՝ սկեսրոջ ձեռնափայտը) նետել էր նրա վրա։ Մի քանի օր «Օձի թույնը» մարդամեջ դուրս չէր գալիս, մինչեւ ճակատի վրա դուրս ցցված «շիշկան» չնստեց… Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել