Լրահոս
Օրվա լրահոսը

Նա

Օգոստոս 30,2001 00:00

ՄԵԿՈՒԿԵՍ ՈՏՔՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔ Նա ուներ նվագախմբի հետ աշխատելու արտակարգ ձիրք։ Ամենակարճ փորձային ժամանակամիջոցում հասցնում էր ստեղծել անսամբլային հավասարակշռություն նվագախմբի բոլոր օղակներում, ստանալ արտահայտչության ակնկալվող հզորություն։ Խոսքը դիրիժոր Վահագն Պապյանի մասին է։ Ինչո՞ւ՝ անցյալ ժամանակով։ 1987-1989 թվականներին մաեստրոն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։ Հետո… իսկ հետո ընդամենը երկու անգամ՝ 1993 եւ 1998 թվականներին հանդիպեցինք Երեւանում։ Առաջին անգամ ղեկավարում էր սիմֆոնիկ նվագախումբը, երկրորդ անգամ՝ որպես դաշնակահար։ Այսօր Վահագն Պապյանը հայրենիքում է։ – Ի՞նչ այցով եք ժամանել Հայաստան։ – Գիտեք արդեն, որ Ազգային օպերային թատրոնում պատրաստվում է բեմադրության Բելինիի «Նորմա» օպերան։ Այստեղ եմ օպերային թատրոնի ղեկավարության հրավերով, որպես chief guest conductor, ասել է թե՝ հրավիրված գլխավոր դիրիժոր։ Սա ակնկալում է երկարաժամկետ համագործակցություն օպերային թատրոնի հետ։ Արդեն երեք տարի է, ինչ «Նորմա» օպերան ու իմ անունը կողք կողքի են այստեղ։ Ասեմ՝ օպերայի նախկին ղեկավարությունը ինձ առաջարկել էր ղեկավարել «Նորման»։ Այն ժամանակ չիրականացավ՝ կար թատրոնի ղեկավարության պրոբլեմը։ Նոր ղեկավարության օրոք շոշափվել էր այս միտքը եւ ստացա հրավեր։ Ակնկալելով ձեր հարցերից մեկը, ասեմ նաեւ, որ Ազգային օպերային թատրոնում ղեկավարել եմ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան», Իսրայելում՝ Մոցարտի «Դոն Ժուանը», Կառլ Նիլսենի «Սաուլ եւ Դավիթ» օպերաները։ – Ուրեմն դուք աշխատում եք Իսրայելում… – Այո, Թել Ավիվի երաժշտական ակադեմիայում 1990 թվականից դասավանդում եմ օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն եւ ղեկավարում վերջինիս սիմֆոնիկ նվագախումբը։ Միաժամանակ Երեւանի պետական կոնսերվատորիայում դասավանդում եմ դաշնամուր (ասենք, որ Վ. Պապյանը միջազգային մրցույթի դափնեկիր է՝ որպես դաշնակահար- Ս.Դ.)։ Երախտապարտ եմ ակադեմիայի տնօրինությանը։ Ի վերջո, նրանք կարող էին թույլ չտալ համատեղել։ Եվ նրանք ամեն ինչ անում են, որ իմ բացակայության ժամանակ տուժող կողմ չլինի։ …Այս տարիներին համերգներ եմ ունեցել տարբեր երկրներում մեծահամբավ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են ջութակահար Մաքսիմ Վեագերովը, Բեռլինի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր Գայ Բրաունշտեյնը… Մեծ ցանկություն կա համերգային գործունեություն ծավալել ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ, այս դեպքում արդեն ես հանդես կգամ որպես դաշնակահար։ Հանդիպել եմ ֆիլհարմոնիկի ղեկավարության հետ, ինձ համար շատ թանկ մի կոլեկտիվ, չէ՞ որ այստեղ եմ սկսել իմ կարիերան։ Խոստովանեմ, որ դժվարությամբ եմ հասցնում՝ Թել Ավիվ, Երեւան, շրջագայություններ, ի վերջո՝ ընտանիք… Բայց սա էլ ասեմ՝ սրանք կարծես հաճույք պատճառող դժվարություններ են, մի տեսակ՝ «հաճելի հոգսեր»… – Վերադառնանք «Նորմային»… – Թատրոնի նվագախմբում կա մեծ էնտուզիազմ եւ վերջինս ունի իր ուրույն դեմքը։ Շատ կուզեմ պրեմիերայից առաջ Նորմայի մի քանի հավակնորդ լինի։ Առաջինը կլինի նա, ով հերոսուհու կերպարը թատերական իմաստով կհասցնի կատարյալին։ Օպերան ինքը սինթետիկ արվեստ է, եւ ձայնը՝ լավ ձայնը, հնչեղ ձայնը դա դեռ բավական չէ։ Բեմում անպայման պետք է խաղ։ Թատրոնում այսօր ոչ մի խանգարող բան չկա կարծես։ Արտիստները բուռն կյանքով են ապրում՝ ներկայացումներ ոչ միայն թատրոնում, նաեւ Զվարթնոցի տաճարում։ Բնականաբար, նրանք հոգնում են, մանավանդ էս շոգին, բայց թատրոնը աշխատում է եւ հոկտեմբերի 7-ին կկայանա «Նորմայի» պրեմիերան։ Ասեմ նաեւ՝ թատրոնում լավ թիմ է հավաքված, որը շատ կարեւոր է, եւ կարծում եմ առաջխաղացումը նկատելի է։ Վերջին հաշվով, սա մեր ազգային թատրոնն է եւ բոլորի ու բոլորիս մասնակցությամբ պետք է այն բարձրացնենք։ Ավելին՝ մեր արվեստի համար, հանուն մեր օպերայի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել։ Այո, ես ինձ պարտական եմ զգում… – Լավ է, որ դուք ձեզ պարտավորված եք զգում, բայց մեկ ոտքը արտերկրում, մյուսը՝ հայրենիքում… – Հասկացա։ Հիմա իմ մեկուկես ոտքն է այստեղ։ Արդեն տեւական ժամանակահատված ընտանիքս էլ է Երեւանում։ 1993 թ., երբ եկա հյուրախաղերի, հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, որ կվերադառնամ։ Կարծում եմ, շատ քիչ է մնացել հիմնովին վերադարձին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել