ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՄՏՔԵՐ ՈՒՆԻ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ Մեծարանքի ու երախտիքի ինչ ճոխ խոսքեր ասես, որ չշռայլեցին մանկավարժներին ԿԳ նախարարն ու Երեւանի քաղաքապետը, բայց հենց գործը հասնում է ոչ թե պարապ խոսքերին, այլ մանկավարժների աշխատանքի իրական, նյութական գնահատանքին, մեր պաշտոնյաները պակաս պերճախոս են դառնում։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը մայրաքաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը հավատացրեց, որ «այն քիչ հանդիպումներից մեկն է, որ հաճույքով եմ եկել եւ ունեմ պատիվ շփվելու մանկավարժական այս հզոր բանակի հետ»։ Քաղաքապետի ողջ խոսքը այս ոգով էր, իսկ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը խոստովանեց, որ այս հանդիպումների ժամանակ ինքը հուզվում է։ Նաեւ տնօրեններին ասաց «հավատում ենք ու վստահում ենք ձեզ եւ շատ բարձր ենք գնահատում ձեր հերոսական աշխատանքը։ Ինձ համար միշտ ուսուցիչը եղել է, մնում է եւ կմնա անառարկելի հեղինակություն»։ Հետո նախարարի խոսքը բանաստեղծական երանգներ ստացավ. «Երբ մոտենում է սեպտեմբերը, ամեն ինչ կերպարանափոխվում է եւ տանը, եւ փողոցում, դպրոցում, մի տեսակ քաղաքն աշխուժանում է, լցվում է ծիծաղով, երիտասարդությամբ, ժպիտներով»։ Բայց Է. Ղազարյանն ամեն ինչ փչացրեց, երբ գոհ հայտարարեց, թե 2003-ից մանկավարժների աշխատավարձը կբարձրանա, քանի որ վերջիններս չգնահատեցին դա եւ դեռ մոտ 2 տարի սպասելու հեռանկարը դժգոհության չթաքցրած աղմուկով արձագանքվեց։ Իսկ ԿԳ նախարարը, վիճակը փրկելու փոխարեն, ասաց. «Հիմա կարող եմ մի քանի այլ մտքեր էլ ասեմ, որ ավելի մեծ աղմուկ առաջանա»։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը այնքա՜ն էր հուզվել իր իսկ սցենարի համաձայն ելույթ ունեցած մեդալակիր աղջկա խոսքից, որ հայտարարեց, թե «Հայոց աշխարհում կրթության վարքանիշը երբեք չի ընկել ու կրթության համակարգի պահպանումը եղել ու մնում է պետական ու ազգային կարեւոր խնդիր»։ Սակայն այս պնդումը խիստ կասկածելի է՝ հենց նույն Օ. Վաթյանի եւ դպրոցների տնօրենների ելույթներից դատելով, որոնցում պետական հոգածության մասին ակնարկ գրեթե չկար։ Փոխարենը Օ. Վաթյանը, ավանդույթին հավատարիմ, «խորին երախտագիտությամբ» անուն առ անուն թվարկեց սփյուռքի այն բարերարների անունները, ովքեր օգնել են դպրոցներին։ Իսկ «պետական բյուջեից տրամադրվող միջոցներն այսօր հեռու են բավարար լինելուց»։ Ու դա դեռ քիչ է, կառավարության որոշմամբ էլ դպրոցներից վերցրին տարածքների վարձակալումից ստացվող գումարները տնօրինելու իրավունքը՝ դպրոցներին զրկելով փող աշխատելու «միակ հնարավորությունից, դեռ ավելին, հաշվի չառնելով դպրոցների տնօրենների, Կրթության վարչության, քաղաքապետարանի, կրթության նախարարության համաձայնությունը՝ մասսայաբար նոր տարածքներ են հատկացնում՝ խաթարելով առանձին դպրոցների բնականոն գործունեությունը»։ Բյուջեից թերֆինանսավորման պատճառով 178 մլն դրամ էլեկտրաէներգիայի պարտք է կուտակվել նախորդ երեք տարիների ընթացքում։ Բայց Օ. Վաթյանը դեռ տնօրենների վրա «մուննաթ» եկավ, որ խնայողաբար չեն էլեկտրաէներգիա ծախսել, «տիրոջ հոգեբանություն, քաղաքացիական վերաբերմունք չեն դրսեւորել»։ Օ. Վաթյանի ելույթից առավել ուշագրավ էր դպրոցներում արձանագրված խախտումների եւ թերությունների ներկայացումը։ Թիվ 4, 6, 32, 104, 126, 135, 147 դպրոցներում խախտումներ են արձանագրվել 10-րդ դասարանի աշակերտների տեղափոխության ժամանակ։ Թիվ 60, 153 դպրոցները առաջին դասարան են ընդունել աշակերտներ՝ կարգի կոպիտ խախտումով։ Իսկ թիվ 6, 104 դպրոցներում արձանագրվել են դեպքեր, երբ առանց ընթացիկ գնահատականների ամփոփիչ եւ տարեկան գնահատականներ են նշանակվել։ Թիվ 6, 7, 14, 38, 71, 104, 127, 129, 146, 160 դպրոցներում գնահատականների միտումնավոր բարձրացման նպատակով կիսամյակային եւ տարեկան գնահատականների ջնջումներ կան։ Նախորդ ուստարիների 8-ամյա կրթության չլրացված վկայականներ են եղել թիվ 107, 124 դպրոցներում։ Թիվ 128 դպրոցը աշխարհագրությունից ատեստատում «5» է նշանակել այդ առարկան չուսումնասիրած աշակերտի։ Արձանագրվել են նաեւ ավարտական քննական աշխատանքների բարձր գնահատման (թիվ 12, 16 ուսումնարաններ, թիվ 14, 26 դպրոցներ), ատեստատների հանձնման կարգի, վերաքննությունների հանձնման, քննական աշխատանքը քննությունից հետո փոխելու (թիվ 125 դպրոց), ատեստատում «3» ու «4»-ի փոխարեն «5» նշանակելու (թիվ 11, 14, 40, 71, 77, 147, 154, 184 դպրոցներ) եւ շատ այլ օրինախախտումներ։ Օ. Վաթյանի ելույթի այս հատվածը ոնց որ կուսակտիվի ժողովից լիներ. «Այս ուստարում մենք պետք է ձերբազատվենք թույլ տված սխալներից եւ առաջնորդվենք «Կրթության զարգացման պետական ծրագրի» պահանջներով, ձեռնամուխ լինենք այդ հրաշալի փաստաթղթի դրույթների իրականացմանը»։ Իր անկեղծությամբ աչքի ընկավ եւ բուռն ծափերով ընդունվեց թիվ 13 դպրոցի տնօրինուհին։ Տիկին Տանանյանը, որի դպրոցը աղքատ թաղամասում է գտնվում, պատմեց, որ երբ Սոցներդրումների ծրագրի համար ծնողական 10% ներդրումը ապահովելու նպատակով դիմել է ծնողներին, սոցիալապես անապահով ծնողներից մեկը առաջարկել է՝ «գիտեք, գումար չունեմ, բայց կարելի՞ է ձեթ բերեմ»։ Տիկին Տանանյանը դադարեցրել է դրամահավաքությունը եւ դիմել «դպրոցի հարեւանությամբ գտնվող, համաշխարհային շուկա դուրս եկած ոսկերչական գործարանին։ Պատասխանը յաթաղանի ուժ ուներ՝ գործարանի տնօրենը հայտարարեց, որ ինքը դպրոցի տնօրեն չի ընդունում։ Եթե այդ տնօրենի ֆինանսատնտեսական փաստաթղթերում դպրոցին օգնությունը երեւար եւ նա հարկեր վճարելիս արտոնություն ունենար, այդ դեպքում նա՛ կփնտրեր ինձ»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ