Լրահոս
Օրվա լրահոսը

Եռամսյա

Օգոստոս 30,2001 00:00

Չինովնիկի ավանդական պատճառաբանություն Եռամսյա պարապուրդից հետո արդեն 15 օր է, ինչ «Նաիրիտը» վերսկսել է աշխատել։ Սակայն աշխատողները բողոքում են, որ մեկ տարուց ավելի է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Ավելի կոնկրետ՝ 1999-ի հունվարից մինչեւ 2000թ. մայիսը եւ 2001թ. ապրիլից մինչ օրս։ «Առավոտին» նաիրիտցիները բողոքեցին, որ երբ տնօրինությունից պահանջել են իրենց քրտինքով վաստակած գումարները, ստացել են «հնարավորություն չունենք, փող չկա» ավանդական պատասխանը։ Հետո մեղքը գցել է արդյունաբերության նախարարության վրա։ Աշխատողները փորձել են իրենց հարցի պատասխանը ստանալ արդյունաբերության նախարարությունից, որն իր հերթին պատասխանել է, թե աշխատավարձերը կտան այն ժամանակ, երբ աճուրդային ճանապարհով վաճառվի գործարանին պատկանող կուլտուրայի տունը, ավտոպարկը… Սակայն, աշխատակիցների ունեցած տեղեկություններով, «Նաիրիտի» տնօրինությունը չի պատրաստվում դրանք վաճառել։ Արդյունաբերության նախարարից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ նա արձակուրդում էր գտնվում: Տեղեկացրին, որ իրենից բացի, ոչ ոք իրավասու չէ հարցերին պատասխանել։ Նշենք, որ կառավարության որոշման համաձայն, «Նաիրիտ» ձեռնարկությունը հունիսին բաժանվել է երեք բաժնետիրական ընկերությունների՝ «Նաիրիտ», «Նաիրիտ-1», «Նաիրիտ-2»։ Թեպետ յուրաքանչյուրն ունի իր տնօրենը եւ յուրաքանչյուրի պարտականությունները տարբեր են, այնուամենայնիվ, դրանք չեն դիտվում որպես առանձին ձեռնարկություններ եւ դրանցից ոչ մեկը իրավասու չէ առանձին գործարքներ կատարել։ Պարզեցինք, որ առայժմ աշխատավարձերի հարցով զբաղվում է «Նաիրիտ-1» ձեռնարկության տնօրեն Աշոտ Բրուտյանը։ Ա. Բրուտյանն ասաց, որ չի պատրաստվում աճուրդի հանել կուլտուրայի պալատն ու ավտոպարկը, քանի որ դրա իրավունքը չունի։ Դրանք պետության իրավասության տակ են եւ միայն պետությունն իրավունք ունի վաճառել եւ վաճառքից ստացած գումարները յուրովի օգտագործել։ Նա չհերքեց աշխատավարձերի պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Իրոք, տարիներ առաջ կուտակած պարտքը կազմում է 13 ամիսների չվճարված աշխատավարձ, որի վճարումը, ըստ պրն Բրուտյանի, դեռեւս, անհնար է. «Մենք տալիս ենք ընթացիկ աշխատավարձերը՝ երկու ամիս հետո։ Իսկ կուտակած պարտքը կկարողանանք տալ այն ժամանակ, երբ մեր արտադրանքն ամբողջությամբ սպառվի»։ «Նաիրիտը» ամեն ամիս արտադրում է 700-800 տոննա կաուչուկ, սակայն գումար ստանում 500-ի դիմաց։ Սրա շնորհիվ էլ ամեն ամիս 30 մլն դրամ աշխատավարձ է տալիս 3.500 աշխատողի։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել