Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի

Օգոստոս 30,2001 00:00

«ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է» Ուղղակի զարմանալի է, թե ինչպես «ԱրմենՏելն» ու OTE-ն վախից լեղապատառ չեն լինում, տեսնելով, թե ինչ ինքնամոռաց անձնուրացությամբ են ԱԺ «ԱրմենՏելի» հարցերով հանձնաժողովն ու ՀՀ կառավարությունը պայքարում իրենց նօրինականությունների, մասնավորապես սեպտեմբերի 1-ից րոպեավճար կիրառելու որոշման դեմ։ Իհարկե, դեռ հայտնի չէ, թե գոնե կառավարությունում քանիսը հերոսի վախճան կունենան, եթե նրանց «տիտանական» ջանքերն ապարդյուն անցնեն։ Իսկ որ այդ, այսպես կոչված, ջանքերն ապարդյուն են անցնելու, համենայնդեպս այսօր, ակնհայտ է։ Իհարկե, դա չի նշանակում, որ դրանք իրենց առաքելությունը կատարած չեն լինի։ Ընդհակառակը, ժողովրդի մեջ կմնա քա՜ղցր հուշ այն մասին, թե ինչպես էին իրենց սիրելի պատգամավորները եւ կառավարությունը «դոշ տալիս», որ գոնե բնակչության համար րոպեավճար չկիրառվի։ Իսկ այդ վիշապները՝ «ԱրմենՏելն» ու OTE-ն, այդպես էլ տեղի չտվեցին։ Երեկ այս տպավորությունը ստացանք «ԱրմենՏելի» հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստից, որին մասնակցում էր նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Ի դեպ, տպավորությունը կարող է եւ խաբուսիկ լինել, քանի որ լրագրողների մուտքը նիստին ապահովվեց 45 րոպե ուշացումով։ Երեւի այդ քայլն էլ ռազմավարական էր. բաց նիստի իմիտացիա եւ ոչ մի խաբեություն։ Անդրանիկ Մանուկյանը հանձնաժողովի անդամներին հայտնեց կառավարության՝ կտրականապես դեմ լինելը րոպեավճարի կիրառման հարցում։ Ինչն իր հերթին «ԱրմենՏելի» Տնօրենների խորհրդին հայտնել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, «ԱրմենՏելի» Տնօրենների խորհրդի անդամ Վաղինակ Քոչարյանը։ Իր վճռական կարծիքը, ի դեմս նախագահ Վազգեն Մանուկյանի, հայտնեց նաեւ խորհրդարանական հանձնաժողովը՝ «ֆիքսելով, որ 1. կապի միջոցների զարգացումը չի գնում այն տեմպով, որը բնական կլիներ Հայաստանի համար, հաշվի առնելով՝ ինչ ժառանգություն ենք մենք ունեցել եւ ինչ ենք դրել «ԱրմենՏելի» մեջ, 2. հանձնաժողովը տնտեսության մեջ ընդունում է մրցակցության սկզբունքը, 3. կառավարությունը ԱԺ պետք է ներկայացնի ՀՀ կապի հայեցակարգը»։ Իսկ րոպեավճա՞րը։ «Հանձնաժողովը գտնում է, որ րոպեավճարը կատաստրոֆիկ է ժողովրդի համար»։ Մինչեւ սեպտեմբերի մեկը «ԱրմենՏելի» Տնօրենների խորհուրդը նոր (Վ. Տերտերյանը շեշտեց՝ արտահերթ) նիստ կանի րոպեավճարի ճակատագիրը որոշելու։ «Եթե րոպեավճարը չի մտնում, լավ է, մենք շարունակում ենք մեր հետազոտությունները։ Եթե րոպեավճարը մտնում է, դա դառնում է Ազգային ժողովի հարց, որովհետեւ այդ դեպքում խախտվում են ՀՀ օրենքները»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Քննարկումների ժամանակ անհասկանալի լավատեսությամբ վերջինս հանկարծ ասաց. «Ես այնպես հասկացա, որ րոպեավճար սեպտեմբերի 1-ից պիտի որ չմտնի»։ Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, «ԱրմենՏելի» եւ OTE-ի հետ համապատասխան աշխատանք են տանում եւ, իհարկե, «ամեն ինչ կարվի, որպեսզի րոպեավճարը չկիրառվի»։ «ԱրմենՏելը» խոստացել է իջեցնել բջջային հեռախոսների, միջազգային հեռախոսազանգերի եւ ինտերնետային կապի ծառայության վարձերը, պրն Ա. Մանուկյանի հավաստմամբ, անկախ րոպեավճարի կիրառումից։ Մեր՝ «հնարավո՞ր է՝ «ԱրմենՏելը» շանտաժի նման անի. եթե րոպեավճարը չենք կիրառում, ուրեմն այդ վարձերը չենք էժանացնի» հարցին պրն Մանուկյանը պատասխանեց. «Կյանքում ամեն ինչ հնարավոր է»։ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Վաղինակ Քոչարյանը գիտեր, սակայն լրատվամիջոցներին չհայտնեց, թե ինչ քայլեր կձեռնարկի կառավարությունը, եթե, ի վերջո, րոպեավճարը կիրառվի։ Ոչ ինքը, ոչ էլ ՀՀ կառավարությունը պոպուլիստ չեն, որպեսզի, ինչպես մենք ենք ենթադրում, պայքարի իմիտացիա ստեղծելով, ժողովրդի աչքին հերոսանան։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ ստացանք «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի բաց նամակը, որը հաստատում էր սեպտեմբերի 1-ից տեղական զանգերի րոպեավճարի կիրառումը, միջազգային զանգերի սակագների իջեցումը, եւ ոչ մի խոսք՝ բջջայինների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել