ԱԺ պատգամավորը դատարանում հանգստանում է ԱԺ շատուշատ պատգամավորներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանից դուրս։ Մի քանի պատգամավորների էլ վիճակված էր իրենց հանգիստն անցկացնել զովաշունչ դատարաններում, քննչական թավշյա առանձնասենյակներում։ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն էլ վերջիններից մեկն էր։ Նա օգոստոսի 27-ին կարճ ժամանակով ներկայացավ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Գայանե Կարախանյան)։ Ընդդեմ «ՄԳ հաուզինգ» ՍՊԸ-ի քաղհայցով դատարան է մտել հայ-սիրիական «Ավ ընդ Ար թրեյդրզ» ՍՊԸ կազմակերպությունը։ Վերջիններս պատասխանող (2-րդ)՝ անշարժ գույքի կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումից պահանջում են անվավեր ճանաչել «պետական մարմնի օրենքին հակասող ակտը»։ Երեւանի քաղաքապետարանի թիվ 5/24 որոշմամբ Վռամշապուհ արքայի թիվ 4/20 հասցեի տարածքը տրվել է հայ-սիրիական վերոնշյալ կազմակերպությանը։ Տրվել է տարածքը 99 տարի ժամկետով, վարձակալությամբ։ Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետական եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունն էլ (31.03.98 թ.) տվել էր թույլտվություն շինարարական աշխատանքներ կատարելու համար։ 25 տարի ժամկետով Երեւանի քաղաքապետարանը «բնակելի համալիրի շինարարություն իրականացնելու նպատակով» նախկին «Արարատ» ԼՏԸ-ին (ներկայումս՝ «ՄԳ հաուզինգ» ՍՊԸ) նույն փողոցի թիվ 4-22 հասցեից հատկացնում է 4800 քմ հողամաս, «որի սահմանները որոշվում են (ըստ քաղաքապետի 13 հուլիսի 2000 թ. որոշման) Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով»։ Բայց պարզվում է, սահմանների հարցը որոշվում է ԱԺ պատգամավոր-կազմակերպության նախագահի միջոցով, որին նույնպես նույն կադաստրը տվել էր սեփականության վկայագիր։ «Ավ ընդ Ար թրեյդրզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, հայցվոր Արթուր Գյուրջինյանը դատարանին է ներկայացրել քաղաքապետարանի 5/24 որոշման պատճեն, վարձակալության պայմանագրի պատճեն, վարձակալության գրանցման վկայականը, շինարարության թույլտվության պատճեն, պայմանագրերը։ «ՄԳ հաուզինգ» ՍՊԸ-ի նախագահն է պատգամավորի դուստրը՝ Գոհար Գասպարյանը, եւ դատարանն ընդամենը պահանջում էր լիազորագիր, որով պատշաճ պատասխանող կճանաչվի նաեւ պատգամավոր հայրը։ Երեկ դատարանին պետք է տրամադրվեր վերոնշյալ լիազորագիրը։ «Սահմանային» կռիվների հիմքում դրված է նաեւ Կենտրոն թաղապետարանի բնակկոմունալ տնտեսության բաժնի 23.03.99 թ. մի հատակագծի պատճեն, որն աչքի է ընկնում նրանով, որ հաստատված չէ, հայտնի չէ, թե ով է այն կազմել, չկա կազմողի ստորագրությունը։ Ռ. Մ.