Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ տասը տարի առաջ Ձորաղբյուր գյուղի ավտոձեռնարկության հին հավաքակայանը, որպես անվարձահատույց սեփա

Օգոստոս 30,2001 00:00

Քննչական մարաթոնը երկա՞ր է ձգվելու… Շուրջ տասը տարի առաջ Ձորաղբյուր գյուղի ավտոձեռնարկության հին հավաքակայանը, որպես անվարձահատույց սեփականություն, հատկացվեց քաղաքացի Արծրուն Ահարոնյանին՝ փոքր ձեռնարկություն հիմնելու նպատակով։ Ձեռներեցը դրա դիմաց իր անձնական միջոցներով գյուղի համար ոչ միայն նոր ու հարմարավետ ավտոձեռնարկություն կառուցեց, այլեւ կոոպերատիվ հիմունքներով շարք մտցրեց «Արարատ» փայտամշակման ֆաբրիկան՝ 120 աշխատատեղով։ Երկու տարի անց նույն Ա. Ահարոնյանը տեղի սպորտբազայից գնեց ոչ ոգելից խմիչքների հոսքագիծ՝ հանքային ջրեր արտադրելու նպատակով եւ տարածք ներկրեց Էջմիածնում գնած 40-60 տոննա տարողությամբ 11 ցիստեռն։ Արածից գոհ, ձեռներեցը սկսեց բարեգործությունները։ Գյուղում կառուցեց մսուր-մանկապարտեզի շենք՝ 80 մահճակալով, ասֆալտապատեց կենտրոնական փողոցը, անցկացրեց խմելու ջրի եւ գազի գծեր, կարիքավորներին դրամական օգնություն ցույց տվեց… Բայց վրա հասան ծանր ժամանակներ եւ սոցիալ-տնտեսական դժվարությունները իրենց թոհուբոհի մեջ առան ձեռնարկությանը։ Արծրուն Ահարոնյանը, կամա թե ակամա, արդեն 1993-ի հուլիսից ժամանակավորապես դադարեցրեց «Արարատի» գործունեությունը եւ ընդունված կարգի համաձայն, կնիքն ու դրոշմակնիքը հանձնեց Կոտայքի ՆԳ բաժին, ապահովելով պատշաճ ձեւակերպումները։ Ինչպես մեր հայրենակիցներից շատերը, նա եւս փորձեց կորցրածը գտնել Ռուսաստանում եւ 1994-ի սկզբներին մեկնեց Մոսկվա՝ ֆաբրիկայի ընդհանուր տարածքի դռան բանալին ի պահ հանձնելով ձեռնարկության պահակին, իսկ արտադրամասի բանալիները թողեց տանը՝ կնոջ մոտ։ Մինչ մեկնելը, տեղի բնակիչներից մեկի՝ Վրեժ Շահգելդյանի խնդրանքով նրան վաճառեց «Բելառուս» մակնիշի տրակտորը։ Գործարարի ընդամենը 5 ամսվա բացակայությունը տակնուվրա արեց ծանոթության ու վստահության դաշտը։ Շահգելդյանին հաջողվեց վախեցնելով տիկնոջից վերցնել բանալիները։ Մնացյալն, ինչպես ասվում է, արդեն ձեռքի գործ էր։ Մինչ Ահարոնյանները կփորձեին ապավինել իրավապահ մարմինների միջամտությանը, պարզվեց երկրորդ օրինազանցությունը. Շահգելդյանը զավթել է նաեւ ոչ ոգելից խմիչքների արտադրության հոսքագիծը, որ Արծրուն Ահարոնյանը դեռ 1993-ի հունիսին անհատույց հանձնել էր «Նոյյան տապան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոզա Խաչատրյանին՝ ստացած եկամուտով նաեւ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով։ Գործն այլ հարթություն փոխադրվեց, երբ Շահգելդյանը Ազգային ժողովի պատգամավորության ընտրարշավի ելավ, Ահարոնյանին խնդրելով չմիջամտել, չխանգարել գործընթացին եւ խոստացավ ընտրվելուց անմիջապես հետո դրական լուծել բոլոր հարցերը։ Բայց հենց ընտրվեց, կրկին փոխեց դիրքորոշումը։ Չէ՞ որ արդեն անձեռնմխելի անձի կարգավիճակ ուներ։ Ահարոնյանին ոչինչ անելու չէր մնում, քան անհուսալի համարել Աբովյանի դատարանին ներկայացրած հայցադիմումը եւ բողոքել ուղղակի ՀՀ գլխավոր դատախազություն։ Այստեղ էլ, կատարված հանգամանալից քննության արդյունքում, «սայլը շարժվեց տեղից» եւ քրեական գործ հարուցվեց Շահգելդյանի նկատմամբ ՀՀ քրօրի 86 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Գործը, առանձին հանձնարարության կարգով, ուղարկվեց Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն՝ նախաքննություն կատարելու համար։ Բայց ի՞նչ նախաքննություն։ Գործում է «հեղինակության» ծանոթ մեքենան, չեն հարցաքննվում մատնանշված վկաները, Ահարոնյանն անհարկի ամբաստանվում է իբր 28 հազար դոլար պարտք վերցնելու մեջ եւ քրեական գործը կարճվում է… հանցակազմի բացակայության պատճառով։ Եղա՞վ։ Ո՞վ մեր օրերում առանց ստացականի, առանց նոտարական վավերացման նման խոշոր գումարի պարտք կտա։ Քրեական գործի ճանապարհին զգալի խոչընդոտներ ու խութեր հաղթահարելով, Ահարոնյանը հասնում է նրան, որ ընթացիկ տարվա փետրվարի 26-ին համայնքային դատախազության կարճման որոշումը վերացվում է ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության վրա հսկողություն իրականացնող վարչության կողմից։ Բայց, ա՜խ այդ «բայցը», նախաքննությունը կրկին հանձնարարվում է «գործի մեջքը կոտրած» նույն համայնքի դատախազությանը։ Հարկ է լինում, որ Ահարոնյանը թվով 5 բացարկ ներկայացնի այդ որոշման դեմ, նաեւ ընդունելության լինի ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի մոտ ու փաստարկված բացատրություն տա կատարված հանցավոր ապօրինությունների մասին։ Այդ ամենից հետո է միայն, որ գործի քննությունը հանձնարարվում է Մալաթիա- Սեբաստիա համայնքի դատախազությանը, որտեղ հաջողվում է սայլը տեղից շարժելու լուրջ միջոցներ ձեռնարկել։ Չնայած դրան, ինչպես ասում են, խուփը դեռ պտույտ է գործում՝ փորձելով գտնել իր կճուճը։ Հավատանք, որ այս անգամ պտույտները զուր չեն անցնի… ԷԴՎԱՐԴ ՇԱՀԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել