Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Օգոստոս 30,2001 00:00

ԱԱՆ-Ն՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ «Հոկտեմբերի 27»-ի գործի 7-րդ հատորում ԱԱՆ աշխատակիցների ցուցմունքներն են։ Դրանցում պարզորոշ արտացոլված են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու եւ ընդհանրապես նրանց արհեստավարժության ունակությունները։ Առանձնացնենք Վազգեն Սարգսյանի թիկնապահներին, որոնք թեեւ ԱԱՆ «Ա» վարչության սպաներ էին, բայց անգամ ցուցմունքներում են խոստովանում, որ ծառայության վայրից իրենց երբեք չեն հրահանգավորել, թե որ դեպքում ինչ գործողություններ է հարկավոր ձեռնարկել։ Վազգեն Սարգսյանի թիկնապահները հոկտեմբերի 27-ին անգամ խորհրդարանի շենքում չեն եղել։ «Վարչապետը մեզ արգելել էր իրեն ուղեկցել ԱԺ շենքի մեջ»,- վկայում է Վազգեն Սարգսյանի թիկնապահ Արկադի Զաքարյանը։ Ի դեպ, հենց նա էր կրակոցների ձայնը ռադիոյով լսելով՝ բարձրացել դահլիճի ետեւում գտնվող խցիկը եւ շուրջ 15-20 փամփուշտ կրակել սպիտակ անձրեւանոցով ավտոմատավորի ուղղությամբ։ Կարեն Դեմիրճյանի թիկնապահները դեռ 1999-ի հուլիսից էին ազատված աշխատանքից։ Պատճառը՝ ըստ գործում առկա վկայությունների, ԱԺ նախագահի թիկնապահ Սամվել Սահակյանի եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Տիգրան Բալայանի միջեւ վիճաբանությունն էր, որի պատճառով Դեմիրճյանը հրաժարվել էր իր թիկնապահներից եւ արգելել նրանց գալ ԱԺ։ Եվս մի մանրամասն թիկնապահների վերաբերյալ. վարչապետի պահակազորի անդամ, ԱԱՆ «Ա» վարչության օպեր-լիազոր Արթուր Վարդանյանը վկայում է, որ երբ Ռուսաստանից «Ալֆա» ջոկատը եկել էր՝ «Ճիշտն ասած, որ լսեցինք նրանք պետք է գան ու մտնեն դահլիճ՝ մեզ պրոֆեսիոնալ առումով վատ զգացինք։ Հետո հրաման եղավ, որ մենք պետք է մտնենք»։ Իսկ «Ալֆան» պետք է միայն տեխնիկա, հատուկ սպառազինություն եւ խորհուրդներ տար։ Դառնանք ԱԱՆ-ի առավել արհեստավարժ հատվածին, որը Նաիրի Հունանյանի հետ ավելի վաղ էր շփվել։ ԱԱՆ-ի 2-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր Կարեն Պարունակյանի անունն արդեն հայտնի է՝ նա Թուրքիա մեկնելուց առաջ հրահանգավորել էր Նաիրի Հունանյանին։ Իմիջիայլոց, Կարեն Պարունակյանը 1999-ի դեկտեմբերի 8-ի իր ցուցմունքում նշել է, թե իրենց վարչությունն ավելի վաղ էր ստացել օպերատիվ տվյալներ այդ այցի մտադրության մասին։ «Ցանկանում էինք ճանաչել եւ ուսումնասիրել նրան,- պրն Պարունակյանն այսպես է ներկայացնում իրենց նպատակը,- ինչ-որ տեղ հետագա կոնտակտներ ունենալու համար հիմք ստեղծելու համար։ Փաստորեն, մեր նպատակը նրան լիարժեք ուսումնասիրելն ու հետագայում հնարավոր օգտագործելն էր ՀՀ շահերն ապահովելու առումով»։ Բայց անգամ մի քանի հանդիպումներից եւ ուսումնասիրություններից հետո Կարեն Պարունակյանը չի կարողանում (կամ չի ցանկանում) պատասխանել քննիչի հետեւյալ հարցին. «Թուրքիայում գտնվելու ժամանակ Ն. Հունանյանը կարո՞ղ էր նրանց կողմից հավաքագրվել։ Դուք նրա հետ ունեցած զրույցից ի՞նչ եք կռահել, հասկացել կամ որեւէ տվյալ ձեռք բերել»։ ԱԱՆ հակահետախուզական աշխատանքների ոլորտը սպասարկող աշխատակիցը, որի խնդիրն օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի նկատմամբ «կազմակերպված կամ կազմակերպվելիք գործողություններն» են, պատասխանում է. «Նրան հավաքագրելու վերաբերյալ որեւէ անձնական կարծիք հայտնել չեմ կարող եւ այդպիսի բան տեղի ունեցած լինելու մասին ինֆորմացիա ձեռք չի բերվել»։ ԱԱՆ X բաժնի պետ Լեւոն Բաբայանցն էլ 1999 թ. դեկտեմբերի 11-ի իր հարցաքննության ընթացքում հայտնում է, որ Հունանյանը երբեք իրենց «օպերատիվ հետաքրքրության շրջանակներում որպես դեմք չի երեւացել, նրա նկատմամբ երբեք օպերատիվ նյութեր չեն կազմվել»։ Քննիչը տարակուսում է՝ Նաիրի Հունանյանը շփվել է Ռազմիկ Վասիլյանի, Շանթ Հարությունյանի եւ այլոց հետ. «Այդքան շփման պայմաններում չի՞ եղել ինֆորմացիա»։ Լեւոն Բաբայանցը կրկին հերքում է՝ վերապահում անելով միայն Վասիլյանի մի հայտարարության մասով. «Զբաղվեցինք, արդյունքում ոչ մի պիտանի նյութ չկար, ուստի, այլեւս չզբաղվեցինք»։ Նախաքննության ընթացքում մի քանի անգամ է հարցաքննվել ԱԱ նախարարի 1-ին տեղակալ Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը, որը հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում էր եւ ղեկավարել է 16-ժամյա բանակցությունները։ 1999 թ. դեկտեմբերի 11-ին Գրիգոր Գրիգորյանի 7 ժամանոց հարցաքննությունը բավական ուշագրավ մանրամասներ է պարունակում։ Փոխնախարարն, ասենք, վկայել է, որ երբ դահլիճից ահաբեկիչներին հարցրին, թե ով է նրանց ղեկավարը, Նաիրին մտորեց եւ դադարից հետո ասաց, թե իրենք ղեկավար չունեն։ Միայն Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքում ենք հանդիպել այսպիսի վկայության, թե Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը վստահեցրել են, որ իրենք միայն 3 հոգու սպանելու մտադրություն ունեին՝ Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին եւ Սուրեն Աբրահամյանին։ Հենց ԱԱՆ այս փոխնախարարն էր ասել, թե կարող են ինքնաթիռ պահանջել, ում ցանկանում են՝ պատանդ վերցնել եւ հեռանալ որեւէ երկիր, բայց նաեւ խորհուրդ չէր տվել դա անել, քանի որ «Ինտերպոլը» նրանց կվերադարձներ Հայաստան. «Հաջորդեց հարցը. «Իսկ ի՞նչ է մեզ սպասում դատական քննության ընթացքում», որին ես պատասխանեցի՝ ազատազրկում 8-15 տարի ժամանակով կամ գնդակահարություն, որը մեզ մոտ չի իրականացվում արդեն մի քանի տարի (ես նրանց հնարավորություն տվեցի հուսալ, թե կարող են իրենց կյանքը փրկել, որ անելանելիության իրավիճակ չստեղծվի)»։ Ի դեպ, հենց Գրիգոր Գրիգորյանն էլ հայտարարությունների տեքստերի կազմման եւ քննության ընթացքում պաշտպաններ ընտրելու համար Էդիկ Գրիգորյանին խորհուրդ էր տվել դիմել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել