Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցյալ շաբաթավերջին Եվրոպայի խորհուրդը մամլո հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր անում Լեռնային

Օգոստոս 30,2001 00:00

ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ԽԱՂ Անցյալ շաբաթավերջին Եվրոպայի խորհուրդը մամլո հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր անում Լեռնային Ղարաբաղին՝ ձեռնպահ մնալ սեպտեմբերի 5-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից: ԵԽ-ն, ըստ էության, զգուշացնում էր. «Ընտրությունների անցկացման դեպքում ղարաբաղյան կողմի դիրքորոշումը կարող է ընկալվել որպես քաղաքական միջոցներով հակամարտության շուտափույթ եւ համապարփակ կարգավորման ջանքերը ձախողելու փորձ»: Միաժամանակ ԵԽ-ն հարկ էր համարել հիշեցնել՝ «Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը 2001թ. հունվարի 25-ին ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել են խնդիրը լուծել խաղաղ միջոցներով»: Նման ոճով հաղորդագրությունն աննախադեպ երեւույթ է հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ողջ գործընթացում ոչ միայն իր կոշտ ձեւակերպումներով, այլեւ նրանով, որ նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրախորհուրդը: Այդ հաղորդագրությունը կարող է համեմատվել միայն այս տարի Քի Ուեսթից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած տեղեկանքի հետ, որտեղ Հայաստանն, ըստ էության, ագրեսոր էր ճանաչվել, իսկ ԼՂ-ն անջատողական: Նախկինում ԵԱՀԿ-ն էր առիթ ունեցել հրապարակայնորեն ակնարկել, թե ԼՂ-ում անցկացվող ընտրությունները կարող են խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ի պատասխան՝ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները շատ գրագետ ու նրբորեն վկայակոչել էին Բուդապեշտի գագաթաժողովի ընդունած փաստաթղթերը, որտեղ շեշտված էր Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցություններին կողմ լինելու հանգամանքը: Նրանք միաժամանակ ԵԱՀԿ-ին հասկացնել էին տվել, որ ԼՂ օրինական ներկայացուցիչների հետ գործ ունենալու համար նախ պետք է Ղարաբաղն ունենա օրինական ընտրված իշխանություններ: Հարցն այն ժամանակ փակված համարելը հեշտ էր, քանի որ ԵԱՀԿ-ն ընդամենը կարող էր խորհուրդներ տալ, որոնց անտեսումը սակայն քաղաքական հետեւանքներ չէր կարող ունենալ եւ չունեցավ: Անշուշտ, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի իշխանությունները, ի դեմս երկու երկրների արտգործնախարարությունների, այս դեպքում էլ ըստ արժանվույն անդրադարձան ԵԽ հիշյալ «կոչին»: Այդուհանդերձ, միամիտ կլինի կարծել, թե այս անգամ խնդիրը «փոխհրաձգություններով» սպառվել է: Համենայնդեպս, ԵԽ-ն, ի տարբերություն ԵԱՀԿ-ի, քաղաքական մարմին է եւ քաղաքական որոշումներ է կայացնում: Դրանք կարող են չառնչվել ԼՂՀ չճանաչված պետությանը, բայց չեն շրջանցի Հայաստանը: Այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը՝ ավելի քան լուրջ է մի քանի պատճառներով: Նախ՝ իշխող վարչախումբը 98-ից հետո ամեն ինչ արեց Բուդապեշտյան գագաթաժողովում «նախկինների» ձեռքբերումը սրբագրելու համար: Այլ կերպ ասած, նա ջանք չխնայեց, որ ԼՂՀ-ն դուրս մղվի բանակցային գործընթացից, որի արդյունքում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը նենգափոխվեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի: Ստեղծված իրավիճակի լրջությունը կայանում է նաեւ նրանում, որ ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ խոսնակը, նաեւ խորհրդարանի բոլոր խմբակցությունների նախագահներն իրենց ստորագրությամբ հայտարարել են, որ պարտավորվում են կատարել ԵԽ-ին անդամակցելու հետեւյալ պայմանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար՝ «…օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա իր ունեցած էական ազդեցությունը»: Իհարկե, ԼՂՀ-ն ոչ մի պարտավորություն չունի ԵԽ-ի առջեւ եւ կարող է սեպտեմբերի 5-ին տեղական իշխանությունների ընտրություններ անցկացնել, բայց դա ամենեւին չի նշանակում, թե ԵԽ-ն ձեռնպահ կմնա Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուց: Համաձայնեք, որ այդ դեպքում իշխանություններն, իրոք, կհայտնվեն աննախանձելի իրավիճակում: Չկատարել ԵԽ-ին անդամակցելու նախապայմանը, նշանակում է՝ ոչ միայն վտանգել Հայաստանի միջազգային վարկը, այլեւ հայտնվել ԵԽ պատժամիջոցների, նաեւ մեկուսացման սպառնալիքի տակ: Իսկ ճնշումները կարող են քաղաքական տարբեր դրսեւորումներ ունենալ: Հանուն արդարության ասենք, որ, դիտորդների կարծիքով, քիչ հավանական է, որ ԵԽ-ն փորձի պատժամիջոցներն իրականացնել: Բայց, որ նա այդ հարցը քննարկման առարկա դարձնի ԵԽ հանձնախմբերում եւ, ի վերջո, նաեւ Խորհրդարանական վեհաժողովում, միանգամայն սպասելի է: Այդ հնարավորությունից կարող են օգտվել նաեւ ԵԽ անդամներ Ադրբեջանն ու Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները կարող են հայտնվել ծուղակում, որից դուրս պրծնելն անհնարին է: Նրանք չեն կարող վերադառնալ ոչ Բուդապեշտի եւ ոչ էլ Պրահայի համաժողովներում ընդունված փաստաթղթերին, որտեղ ԼՂ-ն ֆիքսված էր իբրեւ կողմ, չեն կարող խաղարկել նաեւ ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, քանի որ իրենք են ժամանակին հրաժարվել դրանցից եւ դեռ 99-ին Ստամբուլում ստորագրել «Ստամբուլյան խարտիան»: Իսկ այնտեղ, հոդված 16-ում, իբրեւ հակամարտությունների կարգավորման սկզբունք ճանաչվել է տարածքային ամբողջականությունը, իսկ ժողովուրդների ինքնորոշման մասին նույնիսկ ակնարկ չկա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել