ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԱՐՈՒՄ «Առավոտը» արդեն անդրադարձել է Արաբկիր համայնքի թիվ 36 մսուր-մանկապարտեզի կոլեկտիվի բողոքին, որ իրենց մանկապարտեզը անհիմն պատճառներով թաղապետարանը ցանկանում է լուծարել։ Դեռեւս 2001թ. փետրվար ամսին Արաբկիր համայնքում գտնվող 14 մանկապարտեզներում քաղաքային սանէպիդկայանը ստուգումներ էր անցկացրել։ Սանիտարական ստուգումների արդյունքում թիվ 36 մանկապարտեզին գրավոր եզրակացություն էր ներկայացվել այն մասին, որ մանկապարտեզում տիրող սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք է, սակայն պետք է մի քանի վերանորոգման աշխատանքներ իրականացվեն։ Մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Խաչատրյանը փաստեց, սակայն, որ «թաղապետը, հիմք ընդունելով միայն սանէպիդկայանի ակտը, որտեղ, ի դեպ, լուծարման առաջարկ նույնիսկ չկա, որոշում է կայացրել լուծարել մանկապարտեզը»։ Թե՛ մանկապարտեզի կոլեկտիվը եւ թե՛ ծնողները այս առիթով բազմիցս դիմել են ԿԳՆ, քաղաքապետարան, ԱԺ, ինչպես նաեւ ՀՀ նախագահին, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել։ Անպատասխան մնալով՝ մանկապարտեզը դիմել է դատարան եւ, ըստ տիկին Խաչատրյանի՝ «դատարանի միջոցով գոնե մեր ձայնը պետք է լսեն եւ մենք կապացուցենք, որ կոպտորեն ոտնահարվում են մեր իրավունքները, քանզի քաղաքապետարանից ստացվել է պատասխան մի գրություն, որում ասվում է, որ կրթության վարչությունը քննարկել է սույն հարցը եւ նպատակահարմար է գտնում դադարեցնել լուծարման գործընթացը»։ Նշենք, որ Արաբկիր համայնքի թաղապետ Ֆելիքս Յայլոյանը կոլեկտիվին մինչեւ սեպտեմբերի 20-ը ժամանակ է տվել «տարածքը ազատելու համար»։ Ամփոփելով դատական առաջին լսումները՝ դատապաշտպան Գոհար Գալստյանը փաստեց, որ «մինչ օրս մանկապարտեզը չի ստացել լուծարման ակտ, իսկ եթե չկա ակտ, մանկապարտեզը լուծարված չի կարող համարվել։ Կա միայն թաղապետի որոշում, որ նույն հաջողությամբ կարող է բեկանվել, չնայած դրա կարիքն այլեւս չկա, քանզի, եթե գործն արդեն դատարանում է, թաղապետի որոշումը կորցրել է ուժը»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ