ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԻՑ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի կալանավոր Անտոն Գալոյանի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում կիրառվեց համաներում։ 1 տարի 2 ամիս 20 օր նա գտնվեց անազատության մեջ, իսկ երբ դուրս եկավ ճաղերի ետեւից, հասցրեց հաջողությամբ հանձնել բուհական քննությունները, ընդունվել Մոսկվայի պետական համալսարան։ Անտոնը, որը մեղադրվում էր ինչ-որ գողության (300 դրամ արժողության դրամապանակի) աջակցելու մեջ, բողոքարկելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում իր նկատմամբ «տարածված» համաներումը. նա պահանջում է արդարացում, պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն ապօրինի կալանքի տակ պահողներին եւ քրեական գործ հարուցել այն ջարդարարների նկատմամբ, ովքեր մարմնական վնասվածք են այդ ընթացքում պատճառել իրեն (ջարդել են ծնոտը)։ Առկա է բժշկական տեղեկանք, ուր փաստվում է, որ Անտոնը ծեծված էր։ Որքան էլ պատկան մարմինները փորձեն ապացուցել, որ կալանավորն է «ինքն իրեն ծեծել», անզեն աչքով էլ դիտելով Անտոնին, կզգաս կատարվածը… Իսկ Անտոնի հիշողությունն էլ, թե փորփրես, կպատկերանա ավագ լեյտենանտի փքուն մարմինը, զենքը իր՝ կալանավորի բերանի մեջ ուղղակի պահած։ Ուշակորույս կալանավորի նկատմամբ էլ սանկցիա է տրվում դատարանի կողմից։ Անտոն Գալոյանի հորը՝ Ռաֆիկ Գալոյանին ընդամենը մի հարց է այս պահին հուզում. «Մի՞թե սանկցիա տվող դատավորը այդ վիճակում գտնվող կալանավորի նկատմամբ գութ չի տածել»։ Հավանաբար ոչ, որովհետեւ հետեւել է «դռնբաց» դատավարությունը, առանց Ա. Գալոյանի մասնակցության, 3 տարի նրան ազատազրկել են, համաներել… Գալոյաններն ու նրա պաշտպանը դիմել են՝ համաներում չկիրառել։ Սակայն կիրառվել է, եւ սպասում ենք համաներվածի… համաարդարացմանը։ Ռ. Մ.