ԵՎՍ ՀԻՆԳ ԿԱՌՈՒՅՑ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շահագործման կհանձնի հինգ կառույց, որոնց շինարարությունն արդեն մոտ է ավարտին: Նախատեսվում են հանդիսավոր արարողություններ, որոնց կմասնակցեն ծրագրերի հովանավոր բարերարները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործման կհանձնվի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու 30 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկու՝ «Դաշբուլաղ-Կիչան» եւ «Կարմիր Շուկա-Դրախտիկ» հատվածները: Այս հատվածների կառուցումը հնարավոր եղավ շնորհիվ 1999 եւ 2000 թվականներին Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների եւ 2000 թվականի Ֆրանսիայի հեռախոսամարաթոնի: Հիմնովին վերակառուցումից եւ նորոգումից հետո շահագործման կհանձնվի Գավառի մանկատան ննջարանային մասնաշենքը: Նորոգվել են նաեւ մանկատան կաթսայատունն ու էլեկտրական ենթակայանը: Ծրագիրը ֆինանսավորել է շվեյցարահայ համայնքը: Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավերվել էր 1988-ի ավերիչ երկրաշարժից եւ տասը տարուց ավելի չէր գործում: Շնորհիվ ԱՄՆ Արեւելյան Ափի հայ համայնքի կատարած հատկացումների, հնարավոր եղավ ամրացնել ու հիմնովին վերակառուցել մոտ վաթսուն տարվա պատմություն ունեցող այս դպրոցի շենքը: Վանաձորում շահագործման կհանձնվի նաեւ «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի նոր շենքը, որը կառուցվել է Ավստրալիայի հայ համայնքի հատկացրած միջոցներով: Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական Հիվանդանոցում անցած տարիներին հիմնադրամի ծրագրերով վերակառուցվել են վերակենդանացման եւ վիրաբուժության բաժանմունքները: Այս տարի հիվանդանոցում իրականացվեց երրորդ ծրագիրը: Վերակառուցվեց եւ տեխնիկապես վերազինվեց լաբորատոր բաժանմունքը, որտեղ կգործի ինֆեկտոլոգիայի կենտրոն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն