Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետն

Օգոստոս 29,2001 00:00

Երաժշտության նվիրյալը «Արվեստագետն իրավունք չունի կրկնելու նախորդներին՝ այն պարզ պատճառով, որ չի կրկնվում ինքը՝ ժամանակը»,- ասում է ստեղծագործող, կատարող Արա Գեւորգյանը: Արվեստում պետք է ապրել նրա օրենքներով։ Արա Գեւորգյանի ստեղծագործական գործունեությունը դրա ապացույցն է։ Արվեստագետի, երաժշտության մասին ընդհանրապես Ա. Գեւորգյանն ասում է. «Բազում անգամ տեսել եք արեւածագը. շուրջն ամեն ինչ դեռ աղոտ է ու պաղ, բայց ահա բարձրանում է արեւը եւ ամեն ինչ կարծես ներսից լուսավորվում է։ Այդ արեւն է լցվում մեր մեջ, ու թեեւ մենք նույն մարդիկ ենք, ինչ որ էինք լուսաբացից առաջ, բայց եւ արդեն նույն մարդը չենք։ Մեր մեջ շատանում է լույսը։ Ինձ միշտ թվում է, որ երաժշտության հետ հանդիպումը մարդու ներսում շատացնում է լույսը։ Տեսեք՝ արեւածագից սկսվում է ամեն ինչ՝ հոգիդ ու միտքդ հպարտանում են, լցվում կյանքի գույներով ու ձայներով եւ եթե դու իրոք արվեստագետ ես, այդ ձայների մեջ պետք է ունենաս քո ձայնը։ Իսկ երաժշտությունը ժողովրդի հոգու ամենազգայուն լարն է եւ չի կարող չարտացոլել նրա ժպիտն ու արցունքը»։ Ասենք, որ սեպտեմբերի 23-ին, Աստծո կամոք կիրականանա նրա երազանքներից գլխավորը՝ առաջին հեղինակային համերգը Հայաստանում (ի դեպ, Ա. Գեւորգյանը հեղինակային համերգ է ունեցել ԱՄՆ-ում), որը նվիրված է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Հսկայական աշխատանք է կատարվում այսօրվա դրությամբ՝ գրվում են պարտիտուրները, միաժամանակ ընթանում են փորձերը։ Կմասնակցեն ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ ամբողջ կազմով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը, «Արեւիկ» մանկական անսամբլը, արտերկրից հրավիրված երաժիշտներ, որոնց թվում՝ սեւամորթ դուդուկահար Պեդրո Յուստաշը, ամերիկացի երգչուհի Սալբին… Արդեն ծանոթ ստեղծագործությունների ու մշակումների կողքին կհնչեն նորերը։ Այսպես՝ «Տեր, ողորմյա» օրհներգը, հիմնը՝ նվիրված 1700-ամյակին, «Սիրեցեք զմիմեանս» գործիքային ստեղծագործությունը, որտեղ հայկական ժողովրդականի կողքին կհնչեն հունական, չինական, լատինաամերիկյան, բուն ավստրալական ժողովրդական նվագարաններ։ Համերգի ընթացքում կլինեն անակնկալներ (ոչ մի կերպ երաժիշտը չցանկացավ խոսել դրանցից գոնե մեկի մասին)։ Իսկ Ա. Գեւորգյանի հետեւյալ մտքերը՝ «Կտեսնեք էլեմենտներ, էֆեկտներ, որ աշխարհում դեռ չի եղել», «Ցավոք, աշխարհում ամեն մի լավ բան շատ թանկ արժե», տեղիք են տալիս մտածելու հովանավորների մասին, այն էլ «թափով հովանավորների»։ Իսկ նա նշեց ընդամենը իր անշահախնդիր, բարի աջակցողների անունները՝ 1700- ամյակի գրասենյակ, «Շանթի», «Դվին» հյուրանոցի տնօրինություն, «Աիդա-իմիջ» կենտրոն, «3-րդ ալիք» ստեղծագործական խումբ… Ըստ հավաստի տեղեկությունների, երեկոյին իր շնորհը կբերի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Լավատես է երաժիշտը։ Իր խոսքերով. «Իմ ժողովուրդը ապրելու է միշտ։ Նրա համար չապրելու տարբերակ չկա եւ այն, ինչ ստեղծում ենք այսօր, հասցեագրում ենք եկող մեծ ժամանակին։ Հենց սա էլ կրկնապատկում է պատասխանատվությունդ ու պահանջում նվիրումի առավելագույնը»։ Ինքն էլ իր մորից՝ սիրված երգչուհի Վալյա Սամվելյանից ժառանգել է հետեւյալը. ուզում է, ձգտում, որ իր ունկնդիրը հասկանա եւ սիրի իր արվեստը, իր երաժշտությունը։ Շատ պարզ մի ցանկություն, որի իրագործմանը պետք է նվիրես բոլոր ուժերդ։ Կարեւոր գործ է համարում հայկական երաժշտությանը մյուս ժողովուրդներին հաղորդակից դարձնելու հանգամանքը։ Եվ ինչպես սիրում է կրկնել. «Կատարողական արվեստը գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ գոյություն ունի նորին մեծություն ունկնդիրը։ Դա հարյուրներից, հազարներից… կազմված մի հավաքականություն է, որին պետք է հարգել, սիրել։ Սակայն ունկնդրին հանդիպելուց առաջ պետք է կայանա քո եւ երաժշտության հանդիպումը… Շնորհակալություն Աստծուն, ընտանիքիս, մորս, ունկնդրիս…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել