Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ անհանգստացավ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը, երբ ասուլիսի հրավիրված լրագրողներն աշխուժացան ոխնախ

Օգոստոս 29,2001 00:00

«Իզուր ասացի, հիմա կսկսեն շահարկել» Երեկ անհանգստացավ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը, երբ ասուլիսի հրավիրված լրագրողներն աշխուժացան ոխնախարարի այն մտքից, որ «ազգային գաղափարախոսության բացակայության դեպքում շատ դժվար էր դաստիարակության հայեցակարգ մշակել»։ «Յուրաքանչյուր ազգ պետք է ունենա իր ազգային գաղափարախոսությունը, որտեղ պետք է ամփոփված լինեն այն սկզբունքները, թե ո՞ւր է ուզում գնալ այդ ժողովուրդը եւ ինչպե՞ս է ուզում գնալ։ Թեեւ նախկինում ասվում էր, որ դա սին միտք է, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, մենք պետք է դա ունենանք»,- ազգային իշխանությունների ներկայացուցչին արժանի պատասխան տվեց Աիդա Թոփուզյանը։ «Դաստիարակության հայեցակարգի» նախագիծը հրապարակվել է ԿԳՆ-ի պաշտոնաթերթում եւ ԿԳ փոխնախարարն ակնկալում էր դիտողություններ ու առաջարկություններ ստանալ մինչեւ նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը։ «Մեզ չի սազում, որ որեւէ հայ երեխա դուրս մնա հանրակրթությունից»,- ասաց Ա. Թոփուզյանը։ Մարզերի ներկայացրած տվյալների համաձայն, նման երեխաների թիվը 1362 է, սակայն փոխնախարարը կասկածում է, որ այս թիվը ճիշտ է։ Դպրոց չհաճախող երեխաներն ավելի շատ են եւ հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են։ Տիկին Թոփուզյանն անբավարար գնահատեց այս հարցում մարզպետարանների աշխատանքը։ Այս ամսվա ընթացքում 184 դպրոց վերանորոգվել է կամ նոր կառուցվել։ Դրանցից յոթում շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, եւ դասերը փաստորեն կընթանան շինարարությանը զուգահեռ։ Իսկ դպրոցական գույքի պահանջարկի միայն 8%-ը հնարավոր կլինի բավարարել։ Պատասխանելով ի՞նչ ենք արել ուսուցչի համար հարցին, Ա. Թոփուզյանը մոռացավ աշխատավարձերի մասին։ «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան տեղեկացանք, որ արձակուրդայինների մոտ 80%-ը մարզերում դեռ չեն ստացել, բայց մինչեւ սեպտեմբերի մեկը կստանան, «մինչեւ սեպտեմբերի տասը օգոստոսի պոչերը կստանան»։ Դեռեւս նախնական տվյալներով, այս տարի առաջին դասարանցիների թիվը 60 հազար կլինի, այսինքն՝ մոտ 10 հազարով ավելի՝ նախորդ տարվանից, քանի որ դպրոց այս տարի գնում են նաեւ 6,5 տարեկանները։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք որոշ դպրոցներում գերբեռնվածություն չի առաջանա։ Տիկին Թոփուզյանի հավաստմամբ, 382 գյուղական դպրոցներին դա ընդհանրապես չի սպառնում, քանի որ առանց այդ էլ դրանք թերբեռնված էին։ Մայրաքաղաքի որոշ, կարելի է ասել՝ «պրեստիժնի» դպրոցներում նման խնդիր կարող է առաջանալ, սակայն այդ դեպքում հարցը պետք է լուծվի դպրոցների միջեւ աշակերտների հավասարաչափ բաշխմամբ։ Օրինակ, թիվ 114 դպրոցում նախորդ տարիներին մոտ 6-7 առաջին դասարան էր ձեւավորվում, իսկ հարեւանությամբ գտնվող թիվ 71 դպրոցում՝ միայն մեկը։ Կարելի է կանխատեսել, որ այս պայմաններում «պրեստիժնի» դպրոցների հարգը ավելի կբարձրանա, իսկ ընդունելության դժվարությունը հարուստ «մաղարիչների» առիթ կարող է դառնալ։ Ընդունելով աղանդների դպրոցներ ներթափանցման վտանգավորությունը՝ Աիդա Թոփուզյանը նկատեց, որ հաճախ շատ դժվար է դասալսումների կամ այլ եղանակով ապացուցել, որ այս կամ այն ուսուցիչը դասն օգտագործում է քարոզչության համար։ Բայց ահազանգերը բավականին տագնապեցնող են եւ «հնարավորին սահմաններում պայքարը դրա դեմ գնում է»։ Այս տարի եւս 100 դպրոց կանցնի ֆինանսավորման նոր եղանակի, այսինքն՝ մեկ տողով, ըստ աշակերտի թվի՝ մինչդեռ փորձնական ծրագրով այդպես ֆինանսավորվող 216 դպրոցների փորձը հօգուտ այդ եղանակի չէ։ Այդ դպրոցների ֆինանսավորումը հաճախ ավելի ուշ է ստացվում, քան մյուսներինը, թեեւ ՀԲ-ի պարտադրած ֆինանսավորման այդ ձեւի իմաստը հենց ֆինանսավորման արդյունավետությունն է։ ԿԳ փոխնախարարը համաձայնվեց «Առավոտի» այս դիտարկմանը, հաստատելով, որ «գումարների ավելի երկար պտտվելու» պատճառով այդ դպրոցներն ավելի ուշ էին ստանում գումարները, սակայն Ա. Թոփուզյանը հուսով է, որ երբ հանրապետության բոլոր դպրոցներն անցնեն ֆինանսավորման այդ ձեւին, իսկ դա նախատեսվում է մինչեւ 2005թ., համակարգն անխափան կգործի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել