Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ է, արդյո՞ք, «եթե, ապա» հարցադրումը

Օգոստոս 29,2001 00:04

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունից երեկ բացակայում էին փաստաբան Օլեգ Յունոշեւը եւ հոգեբանները։ Դատական նիստը հերթական անգամ սկսվեց ուշացումով, քանզի բացակայում էին հետագայում ներկայացած մի քանի փաստաբաններ։ Մեղադրող Արմեն Հարությունյանը նույնիսկ արձանագրեց, որ «տրադիցիա է ստեղծվել, արտոնյալ վիճակ» եւ, որ ներկաները ստիպված են սպասել։ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը կոչ արեց հարգել մասնակիցներին։

Դատաքննությունը վերստին սկսվեց Բախշյանների շահերի ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանի հարցերով։ Նրա հարցաշարից էլ իմացանք, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն ունեցել է (Վռամ Գալստյանից բացի) երկու այլ քեռիներ՝ Վրույր եւ Վազգեն։ Նրանց հետ, ինչպես ասաց ամբաստանյալը, ավելի քիչ է շփվել, կապված խառնվածքի եւ տարիքի հետ։ Հոկտեմբերին, երբ հանդիպել է Վռամ եւ Վազգեն Գալստյաններին, ԱԺ ներխուժելու հետ կապված խոսակցություն չի եղել։ Ամբաստանյալը հայտնեց, որ 1990թ. քեռի Վռամը եղել է Դաշնակցության Մարտունու շրջանի կոմիտեի ղեկավար ու հիմնադիր եւ քաղաքական հայացքներով, գաղափարաբանությամբ եղել է դաշնակցական։ «Երբեք չի եղել որեւէ իշխանություն, որին Վռամը կողմ լիներ։ Երբեք չի առաջնորդվել ընդդեմ սկզբունքով եւ նրա դժգոհությունը արհեստական հրահրված դժգոհություն չէր»,- ասաց ամբաստանյալը։

Փաստաբան Է. Աղաջանյանի հարցին էլ՝ թե կարո՞ղ էր քեռին իրեն ետ պահել ԱԺ-ն գրավելու գաղափարից, ամբաստանյալը բացառեց՝ ասելով, թե միայն ինքը կարող էր։ Խոսելով ազդեցությունների մասին նշեց, որ անգամ նյութական ազդեցություն չի ունեցել քեռու վրա։ Երաշխիքների հետ կապված ասաց, որ խոսակցություններ չի եղել, որ իշխանափոխության արդյունքում էլ դա չէր նշանակում, թե Վ. Գալստյանի վիճակը կբարելավվեր։ Ամբաստանյալը շեշտեց, որ հեղաշրջման գաղափարը սեպտեմբերին է ներկայացրել քեռուն, իսկ համաձայնությունը նրա կողմից եղել է հոկտեմբերի 25-26-ին Երեւանում։

«Տատանում կար»,- ասաց նա, սակայն չբացեց փակագծերը։ Ամբաստանյալը բազմիցս ասել է, որ ԱԺ դահլիճում իր խմբի գործողությունները եղել են չծրագրավորված։ Սակայն դերաբաշխումը (Վռամի կողմից ԱԺ դահլիճի 3-րդ դռան ելումուտը հսկելը, Էդիկի անընդհատ իր կողքին լինելը, 1-ին դռնից Կարեն Հունանյանի ներս մտնելը, Դերենիկ Բեջանովի կողմից նախագահության աստիճանները վերահսկելը) խոսում էր այլ բանի մասին։ Իսկ Բախշյանի իրավահաջորդի ներկայացուցչի այս հարցը հետագայում խորհելու հնարավորություն կտա մեզ. «Հնարավո՞ր է առանց ձեզ որեւէ մեկին մտցնեին ԱԺ եւ բաց թողնեին»։

Այս հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ իրեն նման բան հայտնի չէ եւ ցանկացած մեկին՝ ում դուրս ու ներս են թողել, համաձայնեցրել են միայն իր հետ։ Երեկ ներկայացվեց նաեւ ոճրագործությունից հետո հանձնվելու պահը եւս։ Ամբաստանյալը հայտնեց, որ սպանություններից մեկ ժամ հետո ինքն արդեն մտածում էր հանձնվելու մասին եւ խմբի անդամներին էլ տվել է այն երաշխիքները, որը տվել է նախագահը։ «Եթե ես տատանվեի, կարող է խմբի անդամները չհանձնվեին»։

Փաստաբան Է. Աղաջանյանը, տակտիկական առումներով, ընդմիջումից հետո դադարեցրեց իր հարցերը եւ հարցեր սկսեց տալ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը։

Վերջինիս հարցադրումները շատ ավելի բարոյախրատական ուղղվածություն ունեին, հարցադրումների մի մասն էլ վերաբերում էր եկեղեցու, հավատքի նկատմամբ ամբաստանյալի ունեցած զգացումներին։ Խնդիրն այն էր, որ, կարծես, փաստաբանն ուզում էր, որ «հավատացյալ» ամբաստանյալից ստանար իր մեղքերը գիտակցածի կերպար, ինչը, ի դեպ, չհաջողվեց։ «Բոլոր վիճակներում կստանձնեի վարչապետի պաշտոնը»,- շարունակեց ամբաստանյալը, իսկ փաստաբանն էլ ստիպված էր ապավինել «եթե, ապա» հարցադրմանը՝ «եթե վարչապետ լինեիր, ապա ի՞նչ կանեիր, եթե փրկիչ ես, ապա ի՞նչ…»։ «Եթե, ապա» նմանօրինակ հարցադրումները ավելորդ մանիպուլյացիայի տեղիք էին տալիս ամբաստանյալին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031