Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Օգոստոս 29,2001 00:00

Այսօրվանը միշտ էլ նախկինից շատ ավելի լավն է Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքում տեղ գտած վարչական իրավախախտումների արդյունքների ամփոփմանը։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ «բնակչությունից ստացված նամակներից ակնհայտորեն երեւում է, որ այդ խախտումները հիմնականում վերաբերում են ոչ սահմանված վայրերում առեւտուր կատարելուն, կանաչ գոտիների վնասմանը, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահամաճարակային կանոնների խախտմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը եւ ջրօգտագործմանը»։ Այդ իսկ պատճառով, քաղաքապետը խորհրդակցության էր հրավիրել մայրաքաղաքի 12 թաղապետերին, քաղաքապետարանի բոլոր վարչությունների պետերին եւ ներկայացուցիչներ այն գերատեսչական մարմիններից, որոնց հետ առնչվում են վերը նշված խնդիրները։ Մինչեւ 2002թ. փետրվարը քաղաքապետաշինարարական, բնապահպանության եւ գյուղատնտեսության, տրանսպորտի, կոմունալ տնտեսության, առեւտրի եւ սպասարկման վարչությունները, ինչպես նաեւ հիգիենիկ հակահամաճարակային կայանները, 12 թաղապետերը պետք է խոր ուսումնասիրություն կատարեն, ուժեղացնեն իրենց հսկողությունը, աչք չփակեն ապօրինության վրա, այլ պատժեն օրենքը խախտողներին։ Դրանից հետո պետք է իրենց արդյունքները ներկայացնեն Երեւանի քաղաքապետի դատին։ Քաղաքապետի խորհրդական Գրիգոր Մելքոնյանը ներկայացրեց վերը նշված բնագավառների իրավական խախտումների տոկոսաչափերը, որոնք, «անշուշտ», ավելի շատ էին նախորդ քաղաքապետի պաշտոնավարության ժամանակ, իսկ ներկայիս քաղաքապետի ժամանակ դրանք չեն վերացել, բայց, բնականաբար, զգալի նվազել են։ Օրինակ, 1998թ. խախտումները կազմել են 123 հազար 101, 1999-ին՝ 111 հազար 626, իսկ 2000-ին՝ 97 հազար 531։ Հետո բերվեցին տվյալներ, որոնք փաստում էին, որ վարչական խախտումների վերաբերյալ քննված գործերի թիվը, օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ, աճել է։ Օրինակ, 1998-ին քննվել է 20 հազար 47 գործ, 1999-ին այդ թիվն աճել է 11%-ով, իսկ 2000-ին՝ 32,4%-ով։ Պարզվում է, որ հիմնական խախտումները կատարվել են Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում, Էրեբունիում, իսկ Կենտրոնը, Քանաքեռ-Զեյթունը, Շենգավիթը, Մալաթիա-Սեբաստիան, Աջափնյակը, Դավիթաշենը քիչ թե շատ օրինապահ են։ Թերեւս սա վիճելի է, քանի որ քաղաքացիների կողմից գոնե «Առավոտի» խմբագրությանն ուղղված դիմում-բողոքների հիման վրա կարելի է ասել, որ հիմնական խախտումները կատարվել են հենց այս համայնքներում, պարզապես, տեղական պատասխանատուների «աչք փակելու» շնորհիվ, դրանք դասվել են քիչ իրավախախտումներ ունեցողների թվին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել