Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆ ՍՑԵՆԱՐԻ

Օգոստոս 29,2001 00:00

ՀԱՄԱՁԱՅՆ ՍՑԵՆԱՐԻ Խիստ պաթետիկ արտիստիզմով էր հագեցած մայրաքաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը։ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի մուտքի մոտ եւ երկրորդ հարկի դահլիճ տանող ողջ ճանապարհին պատվո պահակ էին կանգնեցրել 2-3-րդ դասարանցի փոքրիկներին։ Թե ի՞նչ կապ ունեին խեղճ երեխաներն այդ խորհրդակցության հետ, ու ի՞նչ իմաստ ուներ նրանց այդպես կանգնեցնելը, միայն քաղաքապետարանի Կրթության վարչությունը կիմանա։ Բայց ցնցողն այս տարվա մեդալակիր մի աղջնակի հուզախռով խոսքն էր։ Ճոխ մակդիրներով համեմված ելույթը երախտիքի խոսք էր՝ ուղղված ԿԳ նախարարին, Երեւանի քաղաքապետին եւ «կրթության մյուս երախտավորներին»։ Պակաս պաթետիկ չէր նաեւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի խոսքը։ Վերջինս աշակերտներին դիտողություն անող մանկավարժի տոնով նաեւ նկատողություն էր անում ելույթները չլսող տնօրեններին (թեեւ ինքն էլ երբեմն տնօրենների ելույթները չէր լսում՝ զրուցելով իր հարեւանների հետ) եւ նույնիսկ սպառնալից տոնով պահանջեց պարզել բացակա տնօրենների անուններն ու բացակայության պատճառները։ Կոմունիստական հին ու բարի ավանդույթներին հավատարիմ էր քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի ծավալուն ելույթը։ Դպրոցների տնօրենների ելույթները հետաքրքիր էին։ Թիվ 13 դպրոցի տնօրենը դիպուկ նկատեց. «Կյանքը ցույց տվեց, որ այնքան էլ պետք չէ վախենալ թույլ սովորող աշակերտներից, երբեմն նրանք ԱԺ պատգամավոր են դառնում»։ Որոշ ելույթներ էլ սակայն ընդհանրապես կապ չունեին օրվա թեմայի հետ։ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանին միայն խորհրդակցության վերջում խոսք տվեցին, բայց նա շատ հուզված էր, շատ բանաստեղծական ելույթ ունեցավ եւ մանկավարժներին երախտիքի ճոխ խոսքեր շռայլեց։ Հանդիպման մանրամասները՝ վաղվա համարում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել