Միեւնույն է՝ մահապատիժը ի կատար է ածվելու «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց, որ հանձնաժողովի անդամները զբաղված են իրենց հաշվետվությունները կազմելով։ Մինչեւ այժմ կատարված աշխատանքի ամփոփումը կներկայացվի հանձնաժողովի նախագահին։ Վերջինս, հավանաբար, աշնանային նստաշրջանի երկրորդ եռօրյայում խորհրդարանին կներկայացնի հանձնաժողովի հաշվետվությունը։ «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ, ըստ նախնական որոշման, երեք հարց էր դրված՝ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանում պահելու նպատակահարմարությունը, Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքների պարզումը եւ երրորդը՝ ամբաստանյալներին տրվող արտադատարանական աջակցության հնարավորության ստուգումը։ Առաջին հարցի հետ կապված հիշեցնեմ, որ դատարանը մերժեց հանձնաժողովի դիմումը՝ պատճառաբանելով, թե դա պիտի լինի միջնորդություն, եւ այդ միջնորդությունը պետք է ներկայացնեն տուժողները։ Հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք պատրաստվում են ԱԺ ղեկավարությանն առաջարկել, որպեսզի խորհրդարանը, որպես տուժող, դատարան դիմի համապատասխան միջնորդությամբ։ Պրն Հարությունյանը կարեւոր համարեց նաեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի անվտանգության հարցը. «Այն մեքենան, որով մեկուսարանից դատարան են տեղափոխում ամբաստանյալին, խիստ կասկածելի է, ամեն րոպե կարող է փչանալ կամ քանդվել։ Այսքան լուրջ գործի հանցագործ եւ տեղափոխվում է այնպիսի մեքենայով, որը կարող է ճանապարհին փչանալ ու կանգնել։ Հանցագործների կյանքը ինձ չի հետաքրքրում, ես պարզապես անհանգստանում եմ այն միլիցիոների համար, որը նրանց հետ գնում-գալիս է։ Այսինքն, ցանկացած պահի այս մարդկանց կարող են ոչնչացնել։ Անկախ նրանից, թե որտեղից են բերում։ Ամոթ է, ամեն մեկն իր տակը մի զրահամեքենա է դրել, բայց համակարգը ոչ մի ապահով մեքենա չունի։ Խոսքը Ն. Հունանյանի մասին չէ։ Այսօր «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը եւ պարզաբանումը երկրի ապագայի խնդիրն է։ Այսինքն՝ ստրատեգիական նշանակության հարց է։ Եվ այս պահին անհանգստանալ, թե ԱԱՆ մեկուսարանում ապահով է, իսկ ՆԳՆ-ում՝ ոչ, պարզապես, ծիծաղելի է։ Ստացվում է, որ բոլորն անհանգստացած են Նաիրի Հունանյանի համար, բայց մեքենայի հարցը ոչ մեկը չի ուզում լուծել»։ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովն առաջիկա նիստերից մեկում այս հարցը եւս կքննարկի եւ, թերեւս, համապատասխան եզրակացություն կներկայացնի։ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ ամբաստանյալներին տրվող արտադատարանական օգնության մասին խոսելը ռեալ չէ։ Հենց առաջին օրերից հանձնաժողովի անդամը համոզվել է, որ որեւէ կերպ չեն կարող սա վերահսկել։ «Հոկտեմբերի 27»-ի տուժողներից քչերը ներկայացան դատարան եւ հարցեր ուղղեցին ամբաստանյալներին։ Ներկայացողներից մեկն էլ Գրիգոր Հարությունյանն էր, որը համոզված է՝ եթե բոլոր տուժած պատգամավորները մեկառմեկ ներկայանային դատարան եւ Նաիրի Հունանյանին հարցեր տային կամ հայտարարեին, որ, միեւնույն է, ինքն իրեն ինչպես էլ պահի՝ մահապատիժն իրականացվելու է, գուցե ամբաստանյալի պահվածքը կփոխվեր։ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ, ի թիվս մյուս պատգամավորների, առաջին հերթին պետք է դատարան գնար եւ ամբաստանյալին հարցեր տար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը. «Հետո՞ ինչ, որ ԱԺ նախագահ է, սովորական պատգամավոր էր, մենք ենք ընտրել։ Հետո՞ ինչ, որ ԱԺ նախագահ ես, «պադումայեշ»։ Բա, դու մի անգամ չգաս դատարան, ասես՝ տո՛, սրիկա, ինձ ինչի՞ ես կրակել։ Ինչի՞ չի գալիս, վախենում է, որ գա՝ համարեն, թե ինքն ընդդիմությո՞ւն է, վախենում է, որ ասեն, թե ինքն ընդդիմադի՞ր ուժ է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ