Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի

Օգոստոս 29,2001 00:00

ՔՐԳՈՐԾ «ԹԽԵԼՈՒ» ՆՈՐ ՍԿԻԶԲ Շիրակի մարզային դատախազությունը նյութեր է հավաքում հուլիսի 23-ին Գյումրիում ԱՀՃ նախաձեռնությամբ տեղի ունեցած հանրահավաքի առնչությամբ քրգործ հարուցելու համար: Նրան նման հանձնարարական է իջեցրել Հանրապետական դատախազությունը, որն ԱԱՆ-ի հետ ձեռք ձեռքի տված աշխատում է, թերեւս, 98-ից ի վեր Քոչարյանի ջանքերով երկրում հաստատված քաղաքական «կայունությունը» որքան հնարավոր է երկար պահպանելու համար, բնականաբար, իշխող ռեժիմի կողմից շնորհակալության արժանանալու ակնկալիքով: Դժվար է ասել, թե արդյոք նման ակնկալիք ունի նաեւ Շիրակի դատախազության քննիչ Սամվել Հարությունյանը, բայց նա երեկ Երեւան էր ժամանել հիշյալ հանրահավաքում ելույթ ունեցողներից խիստ որոշակի հարցերի շուրջ «բլոկով» բացատրություններ ստանալու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների, ԱԱՆ-ն այդ հանրահավաքի տեսագրությունն ուղարկել էր ՀՀ դատախազություն՝ քրգործի նյութեր «թխելու» համար: «Առավոտի» թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Շիրակի մարզային դատախազությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել եւ արդյո՞ք դրա համար բավարար հիմքեր կան, բարեհամբույր քննիչն ասաց, թե քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք չկա եւ, որ նյութեր հավաքելը ամենեւին էլ չի ենթադրում, որ դրա արդյունքում անպայման քրգործ է հարուցվելու: Ինչ վերաբերում է հիմքերին, քննիչը մատնանշեց իր ձեռքի տակ եղած «Հայկական ժամանակում» հուլիսի 24-ին հրապարակված «Քոչարյանը լրիվ խայտառակվել է» հոդվածի պատճենը, որը ռեպորտաժ էր Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի մասին: Կարծում ենք, ավելորդ չէ նշել, որ իրավապահներն իրենց համար նոր աշխատաոճ են ընտրել ու, չգիտես ինչու, քրգործ հարուցելու համար հիմք են դարձնում մամուլի միայն այն հրապարակումները, որոնք հարմար են իշխանություններից դժգոհ քաղաքացիների կամ գործիչների բերանը փակելու համար: Հիշենք, որ նույն թերթի մեկ այլ հոդված հիմք էր դարձել թոշակառու կանանց նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելու համար: Այսպես թե այնպես, ավելի ուշ, արդեն Ա.Մանուչարյանը՝ վկայակոչելով իր եւ քննիչի խոսակցությունը, ճշտեց, որ Գյումրիի դատախազությունը Հանրապետական դատախազությունից հանձնարարական է ստացել՝ հիշյալ հոդվածում եւ հանրահավաքի ժամանակ հնչած ելույթները պարզաբանել եւ հաշվետվություն ներկայացնել: Ու մինչ Գյումրիի դատախազությունը սկսել է փնտրել հանրահավաքի տեսաժապավենը ու այն վերծանել, թերեւս, գործն արագացնելու համար, Հանրապետական դատախազությունից ստացվել է մի երկրորդ գրություն, որին կցված են եղել ԱԱՆ-ի տրամադրած հանրահավաքի տեսաժապավենն ու դրա վերծանված տեքստը: Երեկ քննիչ Հարությունյանը հանրահավաքում ելույթ ունեցած «Սպայի պատիվ» կազմակերպության փոխնախագահ Լեւոն Գալստյանին եւ Աշոտ Մանուչարյանին առաջարկում էր պարզաբանումներ տալ իրենց ելույթների առնչությամբ: Քննիչի եւ Լ.Գալստյանի առանձնազրույցը ընդամենը մի քանի րոպե տեւեց: Քննիչն ապարդյուն փորձեր էր արել գրավոր պարզաբանումներ ստանալ Լ.Գալստյանի ելույթի մասնավորապես այն հատվածների առնչությամբ, որտեղ վերջինս հայտարարել էր, թե մարզպետարաններն ավելորդ օղակ են կառավարման համակարգում եւ ծառայում են նախագահի գրպանի կուսակցությունների կիսագրագետ անդամներին պաշտոններ տալու համար, որ Գյումրիի տրիկոտաժի ֆաբրիկայում կտրվում են 50-60 մետրանոց հեծաններն ու քաղաքից դուրս են տարվում, որ քաղաքի Տեքստիլ կոմբինատում միջոցների թալան է ընթանում եւ այլն: Վ.Գալստյանը հրաժարվել էր գրավոր բացատրություններ տալուց եւ ապացույցներ ներկայացնելուց: Նա նշել էր, որ բերված փաստերը կարելի է ստուգել տեղում: «Ես չեմ էլ պատրաստվում բացատրություններ տալ, քանի որ Գյումրիում հանրահավաքն անցել է օրենքի սահմաններում, սահմանադրական որեւէ նորմ չի խախտվել: Ինչ վերաբերում է դատախազության ձեռք բերած տեսաերիզին, ապա այն իբրեւ ապացույց օրինական ուժ չունի, քանի որ արվել է առանց ընթերակաների ու հանրահավաքի մասնակիցներին տեղյակ պահելու»,- պարզաբանեց Լ.Գալստյանը: Ապարդյուն էին նաեւ քննիչի՝ Ա.Մանուչարյանից բացատրություններ ստանալու փորձերը: Վերջինս հրաժարվել էր բացատրություններ տալուց՝ չցանկանալով մասնակցել եւ նպաստել «Քոչարյանի ձեռքին անօրինականությունների լծակ դարձած իրավապահ մարմինների գործունեությանը»՝ այն գնահատելով իբրեւ «պետության եւ պետականության կազմալուծմանն ուղղված հերթական քայլ, որն իրականացվում է Ռ.Քոչարյանի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից» եւ նպատակ ունի փակել Քոչարյանի քաղաքական հակառակորդների բերանը: «Քոչարյանը ՀՀ իրավապահ մարմիններն օգտագործում է սեփական նկատառումներով եւ քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Իշխանությունը փոխվում է, բայց դատախազության եւ բարձրագույն իշխանությունների աշխատաոճը չի փոխվում»,- ասաց պարոն Մանուչարյանը՝ արդեն քննիչի հետ առանձնազրույցից հետո: Իր՝ բացատրություն չտալու մասին, այսպես ասած, բացատրության մեջ պարոն Մանուչարյանն օգտվելով առիթից նաեւ կոչ է արել իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չկատարել Քոչարյանի եւ նրա մերձավորների հանցավոր հրամանները, դրանով իսկ խուսափելով կիսել վերջիններիս կատարած հանցագործությունների պատասխանատվությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել