Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալիս է սեպտեմբերը

Օգոստոս 28,2001 00:00

Գալիս է սեպտեմբերը Այո, գալիս է, եւ «հանգստացած ու կազդուրված» ուսուցիչներն էլ արդեն աշխատանքի են գնում։ Գնում են գլխիկոր, մտքերով տարված եւ ինչ-որ տեղ՝ իներցիայով։ Նրանք իրենց արձակուրդի ընթացքում մտովի որտեղ ասես չեն եղել։ Դե, քանի որ աշակերտներին գիտելիքի հետ նաեւ դաստիարակում են, սովորեցնում երազել, գույնզգույն հեքիաթներ հյուսել, իրենք էլ իրենց ամառային երազներն ունեն՝ խամրած, խաբուսիկ։ Որովհետեւ ամառային հանգիստը լիարժեք անցկացնելու հեռուստատեսային հոլովակներն են միայն դիտել եւ իրենց այնտեղ չեն էլ գտել։ Որտեղի՞ց։ Հիմա հանդիպել են իրար եւ առաջինը աշխատավարձից հարցրել, թե «խաբրիկ մը չունի՞ս»։ Ո՛չ, որտեղից։ Կարծում էինք, թե ուսուցիչները գոնե իրենց արձակուրդային գումարները կստանան, երբ արձակուրդից հետո վերադառնան դպրոց։ Դա էլ կհամարվեր «նվեր» նոր ուսումնական տարվա համար։ Ավա՜ղ։ Մեկ տնօրենի երեսին են նայում, մեկ՝ տնտեսվարի ու հաշվապահի։ Նրանք ի՞նչ անեն, ասելիք էլ չունեն։ Մի քանի օր հետո, երբ սկսվի ուսումնական տարին, լեզվի եւ գրականության ուսուցիչները աշակերտներին կհանձնարարեն գրել ստեղծագործական շարադրություն՝ «Ինչպես եմ անցկացրել ամառը» թեմայով։ Աշակերտները, զոռ տալով երեւակայությանը, մի բան կգրեն։ Իսկ եթե հանկարծ ձեզ, սիրելի ուսուցիչներ, կրթության վարչությունները նման առաջարկություն անեն, չգիտեմ, թե ծավալը ինչքան է լինելու, սակայն լեյտմոտիվը հաստատ կլինի հետեւյալը. «Պարոնայք, հերիք չէ՞ ձեռք առնեք մեզ, ի՞նչ սրտով ենք մտնելու դասարան, ո՞րն է մեր մեղքը»։ Իսկապես, ո՞րն է նրանց մեղքը։ Եթե տնտեսական աճի մասին են խոսում, ո՞ւր է այն։ Այդ որ երկրում է, որ աշխատողը արձակուրդից վերադառնում է՝ օգտագործած արձակուրդի գումարը չստացած։ Կամ այդ արձակուրդը ո՞ւմ է պետք, երբ դատարկ գնում, դատարկ հետ ես գալիս։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ օրենսդրությունից հանեն արձակուրդներին վերաբերող հոդվածները՝ որպես հնացած եւ ոչ արդիական։ Իսկ մենք, ասում են, թե կառուցում ենք իրավական պետություն։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել