Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրկովկասյան

Օգոստոս 28,2001 00:00

Հայաստանը՝ DJ-ների հայրենի՞ք Անդրկովկասյան միջազգային առաջին DJ փառատոնը Հայաստանում Օրերս կրկին մարդաշատ էր Թատերական հրապարակը, բայց այս անգամ առիթը ոչ թե հանրահավաքն էր, այլ երիտասարդական տոնախմբությունը։ Այդ օրն առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Անդրկովկասյան միջազգային առաջին DJ փառատոնը, որը կազմակերպել էին «Ալֆա-Լ» պրոդյուսերական կենտրոնն ու «ՀցրրՍՏպ ՐՈՊՌՏ»-ն եւ այն հատուկ նվիրված էր «ԺՌվՈՎՌՑ-FM4» ռադիոկայանի բացմանը։ DJ փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն հայաստանյան սիրված ու ճանաչված ակումբային DJ-ները, այլեւ մեծ թվով հրավիրված հյուրեր ԱՊՀ երկրներից։ Փառատոնի առաջին հատվածում իրենց DJ-ական վարպետությունը հանդիսատեսի դատին ներկայացրին հյուրընկալ տանտերերը՝ հայաստանյան DJ-ները՝ MS Ross-ը, X-Fobos-ը, DJ Դոնը, DJ Կրետը, 95թ. ոսկե խոսափողի արժանացած DJ Փլեյը եւ այլք։ Այնուհետեւ իրենց վարպետությունը ցուցադրեցին DJ փառատոնի հյուրերը՝ DJ Իգորը, DJ Զումերը, Իրինա Լեդենեցը եւ այլք, որոնք Երեւան էին ժամանել Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Դոնի Ռոստովից, Թբիլիսիից… Ի դեպ, Անդրկովկասյան 1-ին փառատոնը փայլուն վարում էր Տյումենից հրավիրված DJ Շկվալը, որը ողջ երեկոյի ընթացքում ներկաների համար անցկացնում էր նաեւ հետաքրքիր ու զվարճալի մի շարք խաղեր։ Ավելի քան 7 ժամանոց non stop պարային ծրագիրն ուղեկցվեց «Tea ջազ» խմբի աղջիկների կրակոտ պարերով, իսկ երեկոյին տոնական շունչ տվեց շքեղ հրավառությունը։ Պարային ռիթմիկ երաժշտությունը եւ լուսային ցնցող էֆեկտները հիպնոսող ալիքի նման իրենց հորձանուտն էին առել Թատերական հրապարակում լեփ-լեցուն հանդիսատեսին։ Ի դեպ, երեկոն լի էր հաճելի անակնկալներով։ Անակնկալ էր այն փաստը, որ Ռոստովից ժամանած DJ Զումերը, որն, ի դեպ, առաջին անգամ էր Հայաստանում, ազգությամբ հայ էր։ Կիսով չափ հայ էր նաեւ մոսկվացի Իրինա Լեդենեցը։ Հետաքրքիր էր եւ այն, որ Թբիլիսիից եկած DJ-ը օրերս էր նշել իր 42-րդ տարեդարձը, սակայն խանդավառությամբ ոչնչով չէր զիջում 15-20 տարեկան պատանիներին։ Երեկոյի հատկանշական անակնկալներից էր հատկապես DJ-ական շարժման հիմնադիր՝ DJ Red-ի ելույթը, որը ներկայացրեց հայկական «Սիրեցի յարս տարան» եւ «Սիրուն գարուն» ժողովրդական երգերի մեղեդիների դիսկոտեկային մշակումը՝ հայ դուդուկի մեծն վարպետ Սերգեյ Կարապետյանի նվագակցությամբ։ Երեկոյի ավարտին կազմակերպիչները պատվավոր պատվոգրեր հանձնեցին փառատոնի բոլոր մասնակիցներին, չմոռանալով նաեւ առաջին DJ փառատոնին աջակցած հովանավորներին։ Մինչ ուշ գիշեր տեւած Անդրկովկասյան միջազգային առաջին DJ փառատոնը եզրափակվեց DJ-ների mix by mix ծրագրով, իսկ հաջորդ օրն այն շարունակվեց կապուտաչյա Սեւանի ափին։ Երեկոյի ավարտին հանդիպեցինք DJ Red-ին, փորձելով պարզել, թե նա որպես DJ-ական շարժման հիմնադիր ի՞նչ տպավորություն ստացավ եւ արդյո՞ք այսօր դեռ շարունակում է աշխատել։ DJ Red (իսկական անունը՝ Վալերի Պավլովիչ)- DJ-ի իր գործունեությունը սկսել է 1972 թվականից, Հայաստանում։ Հեղինակն է առաջին դիջեյական վահանակի։ Մասնակցել է 1980թ. Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերին, ղեկավարելով օլիմպիադայի գեղարվեստական մասը, արժանանալով արծաթե մեդալի։ Ապրում եւ աշխատում է Մոսկվայում։ – Ինձ ուրախացնում է այսօրվա երիտասարդությունը եւ ես հպարտանում եմ, որ առաջին Անդրկովկասյան միջազգային DJ փառատոնը տեղի ունեցավ հենց Հայաստանում։ Սա այն էր, ինչ պակասում էր Հայաստանին։ Ինձ որպես շարժման հիմնադիր շատ հաճելի է, որ չնայած անցել է շուրջ 30 տարի, բայց, հուրախություն ինձ, DJ-ական շարժումն այժմ Հայաստանում լայն թափ եւ վերելք է ապրում։ Վաստակած իրավունքով Հայաստանն առաջատարի դիրքում է։ Բարի ավանդույթը շարունակվում է։ Այսօր էլ ես շարունակում եմ աշխատել, ունեմ ստուդիա եւ զբաղվում եմ փորձարարական ծրագրերի մշակմամբ։ Այժմ ես բացարձակ նոր մոտեցում եմ ցուցաբերում DJ-ական արվեստին։ Կոմպյուտերի միջոցով մշակում եմ DJ-ական նոր ծրագրեր, նոր միքսեր։ Մշակել եւ ստեղծել եմ DJ-ական նոր սարքեր վինիլ դիսկերի համար, որոնք նոր խոսք են եւ շուտով կծառայեն իրենց նպատակին։ Նպատակ ունեմ ստեղծել նաեւ «Դիջեյինգ»։ Եվ քանի որ հաջորդ տարի լրանում է իմ DJ-ական գործունեության 30 տարին, ես մտադիր եմ «ՀցրրՍՏպ ՐՈՊՌՏ»-ի հետ համատեղ Հայաստանում կազմակերպել փառատոն, որը նվիրված կլինի ԱՊՀ-ում DJ-ական շարժման 30-ամյակին, որն, ի դեպ, ծնունդ է առել Հայաստանում։ Իր տպավորությունները մեզ հետ կիսեց նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Սերգեյ Կարապետյանը։ – Տպավորությունս գերազանց է։ Հաճելի է տեսնել երիտասարդներին ուրախ եւ նախաձեռնող։ Իսկ ինչ վերաբերում է իմ մեղեդիների ժամանակակից պարային գործիքավորումներին, ապա սիրով պիտի նշեմ, որ դրանք ինձ շատ դուր եկան եւ ես մեծ հպարտություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ազգությամբ ռուս DJ Red-ը սիրելով մեր դուդուկի երաժշտությունը, մեծ վարպետությամբ ու ճաշակով գործիքավորելով դրանք, դարձրել է առավել ռիթմիկ եւ դիսկոտեկային, որի արդյունքում մեր երիտասարդները ոչ միայն լսում եւ գնահատում են այն, այլ նաեւ ժամանակակից պարեր են պարում դուդուկի հնչյունների ներքո։ Ես հպարտանում եմ մեր երիտասարդներով եւ մաղթում եմ նրանց հաջողություններ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել