Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական

Օգոստոս 28,2001 00:00

ՍՊԸ-Ն՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարույթում հաճախ հանդիպում են այնպիսի գործեր, որ հարկադիր կատարողը ակամա ստանձնելով դետեկտիվի դեր, ստիպված է լինում երկարատեւ «հետախուզական» աշխատանք տանել հանձնարարված գործի բացահայտման եւ իրագործման համար։ Սակայն միշտ չէ, որ քրտնաջան աշխատանքը արդյունք է տալիս։ Այսպես, օրինակ, հարկադիր կատարող Հովակիմ Հարությունյանին Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանից ուղարկված կատարողական թերթում նշված է Նորքի 7-րդ զանգված, 20 շենք, 22 բնակարան հասցեն եւ 209 մլն 209 հազար 400 դրամ պարտքի բռնագանձման վերաբերյալ վճիռը։ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիներ՝ Ջաֆար Նեմաթին եւ Ջաֆար Սադեգին, 1995 թվականի նոյեմբերին ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցել են «Միլադ» ՍՊԸ-ն, տալով վերոնշյալ հասցեն։ Սակայն հարկադիր կատարողի այցի ժամանակ բնակարանատերը չքմեղանում է, թե ինքը 1985 թվականից ապրում է այդ տանը եւ ոչ «Միլադի», ոչ էլ ջաֆարների գոյության մասին անգամ չի լսել։ Հարցումներ են արվում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, բայց «Միլադը» չկա ու չկա։ Դիմում են հայցվորին՝ Խորհրդային տարածքային հարկային տեսչություն, թե այս ի՞նչ «Միլադ» է, որտե՞ղ է գտնվում։ Եվ այս անգամ, դատարանի տված հասցեի փոխարեն ստացվում է մի նոր հասցե՝ «Գրիգոր Լուսավորչի 8 շենքի նկուղում»։ Հարկադիր կատարողը գնում է նշված հասցեով եւ ապշահար կանգնում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան շենքի առաջ։ Այնուհետեւ «ուղղելով» սխալը, տալիս են մի ուրիշ՝ Կիեւյան 11 շենք, 60 բնակարան հասցեն։ Այս անգամ էլ պարզվում է, որ այդ շենքում 60 բնակարան ընդհանրապես չկա (մեր ԱԺ պատգամավորները կասեին՝ միանշանակ չկա)։ Իրանցի առեւտրականների միությունը եւս ոչ լսել է, ոչ տեսել հիշյալ ընկերության մասին։ Անարդյունք են անցնում նաեւ հարցումը ՀՀ պետեկամուտների նախարարություն եւ ՀՀ ՆԳՆ անձնագրային եւ վիզաների վարչությանը։ Ու մինչ հայ գործարարները հարկային բեռի տակ կքած՝ մի կերպ գոյատեւում են կամ ստիպված հրաժարվում են ոչ եկամտաբեր բիզնեսից, այդ նույն ժամանակ Հայաստանի շուկայում «արտոնյալ» պայմաններով արտերկրի քաղաքացիներն իրենց շահութաբեր բիզնեսն են հաջողությամբ ծաղկեցնում՝ անպատիժ շրջանցելով մեր երկրի բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները։ Անշուշտ, դա առանց տեղական խորհրդատվության չի արվում եւ մեկը անհրաժեշտ ինֆորմացիայով օգնում է օտարին։ Այլապես, նա հազիվ թե իմանար, որ Հայաստանում կարող է հանգիստ պատահական, ուրիշին պատկանող հասցեով ՍՊԸ գրանցել ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրում եւ իր անունով չունենալ ո՛չ գույք, ո՛չ բանկային հաշիվ։ Եվ այսօր, երբ պետությունն իր դուռն եկող լումաներն անգամ հաշվում է, օդից նույնիսկ «հաց քամելով», ստիպված է անհնարինության ակտով փակել հարյուրավոր միլիոնները… ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել